Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են գնում գումարները

Սեպտեմբեր 14,2002 00:00

Ո՞ւր են գնում գումարները 2000 թ. սեպտեմբերին մեկնարկել է սոցիալական բարեփոխումների ծրագիրը՝ 26 միլիոն դոլար արժողությամբ եւ 3 տարվա ժամկետով, նախատեսված Հայաստանի 5 մարզերի (որոնց թվում՝ Լոռու) համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից՝ «աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ բարեփոխելու Հայաստանի ազգաբնակչության բարօրության համար անհրաժեշտ սոցիալական եւ առողջապահական ծրագրերը»։ Այս ծրագրի գումարային փոշիացումը դեռ չավարտված (իսկ եթե այն չփոշիանար, ժողովրդի սոցիալական վիճակը պետք է բարելավվեր), այս տարի էլ նոր ծրագիր դրվեց շրջանառության մեջ՝ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը՝ 300 հազար դոլար արժողությամբ։ Դրան էլ հաջորդեց 50 հազար դոլար արժողությամբ տնտեսական զարգացման ծրագիրը։ 2000թ. հուլիսից էլ Լոռու մարզում էր մի «զարգացման» ծրագիր պտտվում՝ 2 միլիոն 100 հազար դոլար արժողությամբ՝ Եվրամիության «ՏԱՍԻՍ» ծրագրի շրջանակներում։ Այն, ի դեպ, արդեն ավարտվել է։ Իսկ 2000թ. հոկտեմբերից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից թվով 9 քաղաքներ (այդ թվում՝ Վանաձոր) իբրեւ թե ընդգրկվել են համայնքների զարգացման եւ «թափանցիկության» ծրագրում։ (Այն արժե 4,5 մլն ԱՄն դոլար եւ նախատեսված է 3 տարվա համար)։ Առ այսօր այդ ծրագրի ընթացքի վերաբերյալ հրապարակում մամուլում նկատվել է միայն Իջեւան քաղաքից, մնացած քաղաքներում (որոնց թվում՝ Վանաձորում) այն առայժմ անհայտության մեջ է։ Այդ առնչությամբ որեւէ տեղեկություն որեւէ պաշտոնական մարմնից ստանալու մեր բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Թե որքանով են վերոնշյալ ծրագրերը օգուտ տվել (կամ կտա՞ն) հասարակ ժողովրդին, ցույց է տալիս ժողովրդի՝ ամենեւին չբարելավվող սոցիալական վիճակը։ Եթե ընթացիկ կամ ավարտված ծրագրերը ժողովրդին շոշափելի ոչինչ չեն տվել, ինչ երաշխիք, թե նոր ծրագրերից կարելի է ժողովրդանպաստ արդյունքներ ակնկալել։ Եթե կոնկրետ Լոռու մարզում տնտեսության մեջ անգամ դրական միտումներ են նկատվել (փոքր եւ միջին բիզնեսի գծով), ապա դրանք, թերեւս, առանձին գործարարների անձնական կապերի կամ լավագույն դեպքում վարկերի օգնությամբ։ Իսկ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման հիմնական ձեւն այսօր ներդրումներն են, որոնք էլ որոշ դեպքերում կարող են մասնակիորեն փոշիացվել։ Հետեւաբար, «զարգացման» ծրագրերը աշխատող ձեռնարկություններին հազիվ թե առնչվեին։ Սոցիալական բնագավառում թերեւս միակ դրական տեղաշարժն այն է, որ կենսաթոշակները առնվազն քաղաքներում վճարվում են համեմատաբար կանոնավոր (իսկ գյուղերում պատկերը դեռեւս մխիթարական չէ), նախորդ ամսվանը՝ հաջորդ ամսում։ Սակայն դա կենսաթոշակային հավաքագրումների արդյունք է, եւ այս դեպքում էլ սոցիալական բարեփոխումները դրա հետ առնչություն ունենալ չեն կարող։ Մի խոսքով, որքան ավելանում են բարեփոխումների ու զարգացման ծրագրերը, այնքան ավելանում է ժողովրդի աղքատությունը, որին զուգահեռ հարստանում են նրանք, ովքեր զբաղվում են այդ ծրագրերի կամ դրանց գումարների տնօրինման հարցերով, ինչպես նաեւ նրանք, ովքեր իբր թե կոչված են պայքարելու այդօրինակ գումարների փոշիացման կամ կոռուպցիայի ու չարաշահումների դեմ։ Իսկ որոշ միամիտներ զարմացած հարցնում են, թե ի՞նչ գումարներով են դղյակ-առանձնատներ կամ հյուրանոցներ կառուցում պետական համակարգի պաշտոնյաները։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել