ԾՈՎԻՆԱՐՆ ՈՒ ԻՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչների պայքարը սեփական գյուղապետի դեմ ֆուտբոլ խաղն է հիշեցնում։ Ընդ որում՝ միայն տասնմեկ մետրանոցներով։ Գյուղացիներն իրենց համայնքապետից ուր էլ որ բողոքեն, նրանց դիմումը, ինչպես եւ կարգն է, ուղարկվում է Գեղարքունիքի մարզի դատախազության քննարկմանը։ Իսկ այստեղից էլ «տասնմեկ մետրանոցներ» է, որ խփում են ծովինարցիների «դարպասին». «Նախապատրաստված նյութերով մերժել քրեական գործի հարուցումը՝ Ծովինարի համայնքի ղեկավար Վ. Վարդանյանի եւ գյուղապետարանի այլ պաշտոնատար անձանց գործողություններում հանցակազմի եւ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»։ Սակայն գյուղացիներին այդպես էլ չեն կարողանում համոզել մարզային դատախազության փաստարկները՝ հօգուտ Վ. Վարդանյանի անմեղության, եւ ծովինարցիների՝ խմբագրություն այցելած խումբը մտավախություն ունի, որ գյուղապետի առաջիկա ընտրություններում դարձյալ կառաջադրվի ու կհաղթի հենց Վ. Վարդանյանը։ Իսկ նրան գյուղում ծանր մեղադրանքներ են առաջադրվում։ Մասնավորապես. գյուղի տարածքով անցնող երկաթբետոնե կիսախողովակների ապամոնտաժում եւ թալան, 1995թ. տարերային աղետից տուժած գյուղացիներին կառավարության կողմից հատկացված դրամական փոխհատուցման կամայական բաշխում, ոռոգման ջրի սակագների կամայական հաշվարկում եւ յուրացումներ՝ գյուղին առնչվող ցանկացած խնդրի լուծման ժամանակ եւ այլն։ Օրինակ, կիսախողովակների առնչությամբ դատախազությունից պատասխանել են, որ դրանք գյուղապետարանի հաշվեկշռում չեն եղել եւ գյուղապետարանը դրանց թալանի հետ կապ չունի։ Սակայն բողոքող ծովինարցիները կարծում են, որ գյուղի տարածքում գտնվող նյութական արժեք ներկայացնող ապրանքը պետք է որ լիներ գյուղապետարանի ուշադրության կենտրոնում եւ որ «այս պարագայում թույլ է տրվել հանցավոր անտարբերություն եւ գուցե լռելյայն համաձայնություն»։ Դրամական փոխհատուցում ստացած 74 քաղաքացիներից 44-ը, ըստ դատախազության, նյութերի պատրաստման ժամանակ բացակայել են հանրապետությունից, 8-ը մահացած էին, իսկ 22-ը հաստատել են, որ իրենց ստացած գումարները համապատասխանում են իրականությանը։ «Մահացածների մահվան տարեթվերը չեն ստուգվել»,- հակադարձում են ծովինարցիները, իսկ «22-ը կարող էին հաստատել նրա ցանկացած ասածը, դրա համար էլ չէին բացակայում»։ «Հաստատելու» մասին՝ «Ես, Ծովինար գյուղի բնակիչ Այսինչ Այսինչյանը հայտնում եմ, որ ս.թ. մայիսի 13-ին քննիչ Այսինչյանը, գալով Ծովինար, գյուղապետի հետ պայմանավորված կանչում էր գյուղացիներին, մտցնում սկզբից գյուղապետի աշխատասենյակ, ենթարկվում շանտաժի միջոցով մշակման, նոր կանչվում հարցաքննության» (Այս գրությունը մեջբերված է բառացիորեն, բացառությամբ՝ ազգանունների)։ Գյուղացիների նմանատիպ գրություններ կան նաեւ այլ «թեմատիկայով». «Վ. Վարդանյանը ինձանից վերցրել է կաշառք 5 գլուխ ոչխար, որպեսզի ինձ վերադարձնի իմ հողը, սակայն մինչ օրս այն չի վերադարձվել» կամ՝ «տուր 300 ԱՄՆ դոլար, նոր կստանաս քո տնամերձը» եւ այլն։ Հենց այս փաստերն են, որ դատախազության քննիչի հարցաքննությամբ չեն հիմնավորվել։ Ի դեպ, ծովինարցիները զարմանալիորեն հմտացել են բողոքներ կազմելու մեջ. դրանք բոլորը «վավերացված» են բնակիչների ոչ միայն ստորագրությամբ, այլեւ անձնագրային տվյալներով։ Ինչպես, օրինակ, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից երաշտի դիմաց որպես փոխհատուցում տրված ալյուրի բաշխման ցուցակների անճշտությունների մասին գրությունը։ Համաձայն դրա, «ցուցակում հայտնվել են անուններ, որոնք արդեն մի քանի տարի գտնվում են ԱՊՀ երկրներում, իրենց ամբողջ ընտանիքով» (24 ընտանիք է թվարկվում)։ Այստեղ պետք է բառացիորեն մեջբերել դատախազության արձագանքը. «Իրոք, ցուցակներում նշված են եղել 21 մարդկանց անուններ, որոնք բացակայել են գյուղից կամ գտնվել են ՀՀ-ից դուրս, սակայն այդպիսի մարդկանց անուններով ոչ միայն օգնություններ չեն տրվել, այլեւ այդ անունները հանվել են ցուցակներից, իսկ նրանց փոխարեն ընդգրկվել են այլ անձինք»։ Ընդհանրապես, պատմողական այս ոճն ու թվային-տարեթվային չհիմնավորվածությունը կսազեր առնվազն Գյուլնազ տատի հեքիաթներին եւ ոչ՝ քրեական գործի հարուցման մերժումը փաստարկող գրությանը։ Որպեսզի այսօրվա ամբողջ «Առավոտը» չզբաղեցնենք Ծովինարով, այժմ նշենք ամենատարօրինակը՝ այս պատմության մեջ։ Ծովինարցիների ահազանգին, թե կարտոֆիլի ցանքատարածությունները ջրելու դիմաց իրենցից գանձվում է երեք անգամ ավելի, քան պետական նորմերով է սահմանված, արձագանքում է ՀՀ գյուղնախարարությունը։ Ընդ որում՝ 2 անգամ։ Առաջին գրությամբ՝ 03.08. 2000թ., որպես 1 հա-ի ջրի ծախսի թիվ նշվում է 89,4 խմ (447 դրամ), երկրորդով՝ 13.09. 2002 (1-ինից ուղիղ 40 օր հետո), ջրի ծախսը՝ 200 խմ (1000 դրամ)։ Ընդ որում, կարիք էլ չկա, որ ծովինարցիներն ասեն, թե երկրորդ գրությունը կազմվել է գյուղապետին հանդիպելուց հետո. նախարարի տեղակալ Ե. Ավետիսյանի ստորագրությամբ փաստաթղթերից առաջինում հիշատակություններ չկան ստուգում կատարողների մասին, իսկ երկրորդում հիշատակվում է, որ ՀՀ գյուղնախարարության կազմած հանձնաժողովի «աշխատանքներին մասնակցել են նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի ոռոգման բաժնի պետը եւ Ծովինարի գյուղապետը» (ընդգծումը մերն է- Ա. Գ.)։ Ծանոթանալով ծովինարցիների ակտիվ ստորագրահավաքով «կնքված» փաստաթղթերին, առնվազն տարակուսելի է դառնում, որ հնարավոր է չլսել նրանց ձայնը։ Մեզ դիմած ծովինարցիներն ասում են, որ մեկ տարի առաջ գյուղապետը փորձել է նաեւ հաշվեհարդար տեսնել իր դեմ ակտիվ պայքարողներից երեքի դեմ։ Գործը մինչեւ հիմա գլխավոր դատախազությունում է եւ անգամ տեղազննություն չի կատարվել, տուժողների պնդմամբ։ «Թուրքի դեմ արմատուրայով կռվելու գնացող տղաները հիմա հուսահատված են»,- ասացին ծովինարցիները։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ