Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շնանոց

Սեպտեմբեր 14,2002 00:00

Շնանոց Շատերի նման Երեւանի այս վերջին քաղաքապետն էլ իր քաղաքապետական կարիերան սկսեց շներից: Ավելի ստույգ՝ շների վրա կրակելուց: Իսկ ավելի ստույգ՝ փողոցային անտեր ու թափառող շների վրա կրակելուց: Մի քանի օր կրակեցին ու վերջ: Մտածեցին, որ այդքանն էլ բավական է, եւ իրենց պարտականությունները կատարած համարեցին: Կամ էլ՝ բյուջեով նախատեսված փամփուշտները պրծան: Իսկ Երեւանի Կրիվոյ թաղամասի բնակիչները միամտաբար կարծում էին, որ երբ իրենց թաղամասին հարող տարածքում վեր խոյանա սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, բնականաբար այդ տարածքում տարիներ ի վեր վխտացող շների ոհմակները կոչնչացվեն: Բայց, զարմանալիորեն, այդպիսի բան տեղի չունեցավ, եւ հիմա էլ, ինչպես միշտ, մութն ընկնելուն պես այդ թաղամասի շների ոհմակները դիրքավորվում են: Եկեղեցական հայրերն, իհարկե, կարող են հանգիստ քնել, քանի որ եկեղեցուն որեւէ վտանգ չի սպառնում: Վտանգը, ինչպես միշտ, սպառնում է մարդկանց եւ հատկապես աշխարհիկ դասին. այսինքն՝ ՀՀ շարքային ու հետիոտն քաղաքացիներին: Նույնպիսի վտանգի տակ են գտնվում նաեւ մեր մայրաքաղաքի այլ թաղամասերում բնակվող քաղաքացիները: Օրինակ՝ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցից դեպի Դավիթաշեն ընկած ողջ տարածքն իր ամբողջ երկայնքով (մինչեւ Կանազ) արդեն քանի տարի է՝ պարտաճանաչորեն վերահսկվում է սոված, անտեր ու կատաղած շների կողմից, եւ այդ տարածքի սեփական տների բնակիչներից քչերն են համարձակվում մթնով վերադառնալ իրենց սեփական տուն: Համոզված ենք, որ աշխարհի երեսին շներով պաշարված այսպիսի երկրորդ մայրաքաղաք դժվար թե գտնվի: Այն էլ՝ միլիոնանոց ու մետրո ունեցող մայրաքաղաք: Այսքանը՝ անտեր ու թափառական շների մասին: Պատկերն ամբողջական կլինի, եթե այս ամենին գումարենք տերով շների խնդիրը: Չէ՞ որ՝ վաղուց արդեն մեր քաղաքում իր շանը ման տվող որեւէ շնատեր դնչկալ ու թոկ չի գործածում: «Մի՛ վախի, չի՛ կծի»,- ամեն քայլափոխի վախեցած քաղաքացիներին հորդորում ու «դուխ» են տալիս հպարտ ու ինքնավստահ շնատերերը: Եվ մեզ այլ բան չի մնում, քան հավատալ նրանց: Իսկ ԱՄՆ-ում օրենքի պաշտպանները ամբողջ օրը փողոցներն ընկած հենց այդպիսի ինքնավստահ մի շնատեր են փնտրում, որ տեղում տասը հազար դոլար տուգանեն ու բերնեբերան լցնեն իրենց երկրի առանց այդ էլ լիքը բյուջեն: www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել