Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԸ՝ ԴԱՏԱՐԿ ՓԱՄՓՈՒՇՏ

Սեպտեմբեր 14,2002 00:00

ԽՈՍՔԸ՝ ԴԱՏԱՐԿ ՓԱՄՓՈՒՇՏ Երեւանում գործող խաղատների ու խաղասրահների՝ քաղաքից հեռացնելու մասին խոսակցություններն ու օրենքների նախագծերը ընդամենը ցանկություն են կամ լավ հնչեցրած միտք։ Հիշում ենք, ՀՀ վերահսկողական ծառա յության կողմից կատարված ուսումնասիրություններով, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, ՀՀ պետեկամուտների նախարարությունների տրամադրած տեղեկություններով պարզվել էր, որ 2002թ. ապրիլի 1-ի դրությամբ Երեւանում գործում են լիցենզավորված 48 խաղասրահներ եւ 4 խաղատներ։ Նշված տնտեսվարող սուբյեկտները 2001թ. պետբյուջե են մուծել շուրջ 968 մլն դրամ հաստատագրված վճար, որից 368 մլն դրամը կամ շուրջ 40%-ը վճարել են 4 խաղատները։ Խաղատների ու խաղասրահների ստուգումներից պարզվել է, որ դրանք հիմնականում ավտոմատ խաղերի եւ խաղասեղանների քանակը իրականից շատ ավելի քիչ են հայտարարագրում՝ այդպիսով խուսափելով հարկային պարտավորությունների կատարումից։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, Երեւանի խաղասրահներում ու խաղատներում կան 717 ավտոմատ խաղեր եւ 10 խաղասեղաններ, սակայն պատկերը բոլորովին այլ է. նշված օբյեկտներում ավտոմատ խաղերի ու խաղասեղանների քանակը կրկնակի ավելի է հայտարարագրվածից։ Այս մասին կազմվել է տեղեկանք, որը պետք է ենթադրեր, որ այդ խաղատների ու խաղասրահների տերերը՝ հարկային պարտավորություններից խուսափելու, իսկ ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի, ՀՀ պետեկամուտների նախարարությունների համապատասխան մարմինները՝ ստուգումների արդյունքները թաքցնելու համար պետք է պատասխանատվություն կրեն։ Ավելին, տպավորություն ստեղծվեց, թե երկրի բարձրադիր իշխանությունը մտադիր է հավատարիմ լինել կազինոների՝ քաղաքից հեռացնելու եւ օրինականության հաստատման գործընթացին։ Սա դեռ ամիսներ առաջ էր։ Իսկ այսօր Երեւանի կենտրոնական փողոցներում տեսնում ենք նոր բացվող կազինոների գովազդային հսկա վահանակներ, նոր բացվող խաղասրահներ, որոնք տեղակայված են Երեւանի կենտրոնի լավագույն հատվածներում։ Օրինակ, երկար ժամանակ գովազդվող «Գոլդեն Գեյթը», որը Սայաթ-Նովա 1 հասցեում է բացվել, ասում են, որ հովանավորվում է մի քանի իշխանավորների կողմից։ Բնականաբար, սա եւ մյուսները, որոնք նույնպես հովանավորվում են իշխանությունների կողմից, չեն փակվի, ավելին, կշատանան եւ խաղատների՝ քաղաքից հեռացման ու օրենքների նախագծերի մասին խոսակցությունները օդ կրակված դատարկ փամփուշտ կմնան։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել