Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործարքն ավարտված է, քննարկումները՝ ոչ

Սեպտեմբեր 14,2002 00:00

Գործարքն ավարտված է, քննարկումները՝ ոչ Ավարտելով «Հայաստան- Սփյուռք. մշակութային կապեր» գիտաժողովի նախապատրաստական քննարկումները, «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը» (ՌԱՀՀԿ) սկսել է «հետազոտել» օրվա թեմաներ։ Մասնավորապես երեկ օրակարգում դրված էր «Ապապետականացման գործընթացը եւ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեման։ ՌԱՀՀԿ գիտական աշխատանքների ղեկավարն անդրադառնալով մասնավորեցման գործընթացին, այն համարեց «տարիմաստություններով լի»։ «Հայաստանում սեփականաշնորհվել են ոչ թե վնասով, այլ՝ օգուտով աշխատող ձեռնարկությունները, սեփականաշնորհումն ընթացել է առանց ռազմավարական ծրագրի, տարերային»,- ասաց նա։ Գնված եւ պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկման համար էլ առաջարկեց կիրառել հարկային լծակներ։ Պրն Մանասերյանի կարծիքով, մասնավորեցումը երկրի տնտեսության արդյունավետության բարձրացման միակ ճանապարհը չէր։ «Մենք նպատակ ունեինք դրանով կրճատել կառավարության ներգործությունը տնտեսության վրա, նվազեցնել պետական բյուրոկրատիայի ազդեցությունը, նպաստել արտադրության զարգացմանը, այդ նպատակներն արդեն կատարված են»,- ի պատասխան՝ ասաց Պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ Աշոտ Մարկոսյանը։ Մասնակիցներն անդրադարձան նաեւ բաշխիչ էլեկտրացանցերին։ «Մեզ անընդհատ մեղադրում են, որ պետք է ավելի թանկ վաճառեինք, բայց ամեն ինչ հաշվել ենք այնպես, որ գնորդը կարողանա 16% շահույթով եւ գործող գինը պահպանելով՝ 7-8 տարում հետ վերադարձնել իր ներդրած գումարը»,- արդարացավ Էներգետիկայի հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը։ Մնացած խոսակցությունը շարունակվեց գերկորուստների, տեսուչների «խաղերի» ու կուտակված պարտքերի մասին, ինչը շատ է ասվել։ ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ Հարություն Փամփուկյանը կարեւորեց մի հանգամանք, որ «պետության խնդիրը ոչ թե գնել-վաճառելն է, այլ կարգավորելն ու վերահսկելը, ինչը պահպանվել ու ճիշտ լուծում է ստացել պայմանագրում»։ Բացի այդ, ԲԷՑ-երի նոր սեփականատերը, ի տարբերություն նախորդ հայտատուների, «լիբերալ մոտեցումներ ունի եւ պատրաստ է հրաժարվել էներգիայի վաճառքի իր մենաշնորհից եւ 5 տարվա փոխարեն օգտվել մոնոպոլիայից, ասենք, 2 տարի»։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Անի Բալաբանյանն էլ, «թուլացնելով» «Միդլենդ ռիսուրսիզ»-ի «իմփիչմենթը», հայտնեց, որ այդ ընկերությունը չունի համապատասխան փորձ էներգետիկայի ոլորտում, չունի միջազգային չափանիշներին համապատասխան հաշվապահություն, եւ որ ԿԲ-ն կվարկավորի «Միդլենդ ռիսուրսիզ»-ին, եթե վերջինս որպես ԲԷՑ-երի կառավարող կներկայացնի այնպիսի ընկերության, որը համապատասխանում է հիշյալ պահանջներին։ Հ. Փամբուկյանի կարծիքով էլ, «փոխարենը «Միդլենդն» ունի արդյունաբերության ոլորտում ճգնաժամից դուրս բերելու փորձ»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել