Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԵՀ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ

Սեպտեմբեր 14,2002 00:00

ԼԵՀ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Իվաշկեւիչի տարվա սիրած եղանակը գարունն է, սիրած խմիչքը՝ կարմիր դառը գինին, նախընտրած երաժշտությունը՝ դասականը, սիրելի գրողը ժամանակի ընթացքում փոխվում է, հիմա ՝ Ստենդալն է, սիրելի ֆիլմը եւս փոփոխվում է, ուստի նախընտրում է սիրած ռեժիսորի անունը տալ՝ Պոսոլինի եւ Պռեսոն: Իվաշկեւիչը նույն գետը երկրորդ անգամ չի մտնի Պյոտր Իվաշկեւիչը ծնվել է Հարավային Լեհաստանի Լյուբլին քաղաքում, բժիշկների ընտանիքում: Ընտանիքի արմատները գալիս են Ուկրաինայից: Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին ընտանիքը Ուկրաինայից տեղափոխվել է Լեհաստան: «Ինչպես գիտեք, Արեւմտյան Ուկրաինայում այն տարիներին բնակվում էին բազմաթիվ լեհեր, ահա իմ ծնողները այդ լեհերից էին, այն ժամանակվա Ստանիսլավովա քաղաքից, հիմա այն Իվանո-Ֆրանկովսկն է: Բայց հիմա ես ապրում եւ աշխատում եմ Վարշավայում»: Պյոտր Իվաշկեւչը մասնագիտությամբ պատմաբան է, միայն 1992 թվականից է նա սկսել աշխատել Լեհաստանի արտգործնախարարությունում: Մինչ այդ նա աշխատել է Վարշավայի համալսարանում՝ դասավանդելով «Հին պատմություն» առարկան: «Անկեղծ ասած, իմ առաջին մասնագիտության ընտրությունը կատարել էի դեռեւս մանկության տարիներին: Ինձ պարզապես չափազանց հետաքրքրում էր այն ամենը, ինչ կապված էր էթնիկականության հետ: Ես ամբողջությամբ տարված էի պատմությամբ՝ անտիկ շրջանը ներկայացնող՝ գրքեր, ֆիլմեր, լուսանկարներ: Հետո իմ այս հետաքրքրությունը բավարարելու համար կրթություն ստացա Վարշավայի համալսարանում, այնուհետեւ 8 տարի նույն համալսարանում դասավանդեցի «Հին պատմություն», ինչպես նաեւ լատիներեն, հուներեն լեզուներ»: Դիվանագետի մասնագիտության ընտրությունը թեպետ պարոն Իվաշկեւիչը պատահականություն չի համարում, բայց խորհրդային համակարգից հետո, երբ բոլոր կառույցները վերափոխվում էին, առաջ է եկել նոր կադրերի, նոր մտածողությամբ մարդկանց պահանջ: «Համալսարանի իմ շատ գործընկերներ գիտական աշխատանքից անցան պետական կառույցներում աշխատանքի, հենց իմ գործընկերներն էլ համոզեցին ինձ զբաղվել միջազգային հարաբերություններով: Քանի որ դեռ այն ժամանակ ես տիրապետում էի մի քանի օտար լեզուների, իմ գործընկերները պարզապես ասացին. արի մեզ հետ գնանք ԱԳՆ-ում աշխատելու: Այսպես էլ ես հայտնվեցի ԱԳՆ-ում, հետո, իհարկե, մասնագիտական կրթություն ստացա Գերմանիայում»: Հնարավորության դեպքում Պյոտր Իվաշկեւիչը զբաղվում է իր առաջին մասնագիտությամբ, թեպետ, իր իսկ խոստովանությամբ, դրա համար ժամանակ շատ քիչ է ճարվում: «Անշուշտ ցանկալի է կրկին զգալ համալսարանի այդ մթնոլորտը, հանդիպել երիտասարդության հետ, դասավանդել: Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին, բայց, ինչպես ասում են, նույն գետը 2 անգամ չես մտնի»: Դիվանագիտական գործունեությունն ի դեպ Պյոտր Իվաշկեւիչը սկսել է հենց Հայաստանից, սրանից 7 տարի առաջ: Այնուհետեւ գործունեությունը շարունակել է Վրաստանում, Թուրքմենստանում, հետո էլի Վրաստանում եւ կրկին՝ Հայաստանում՝ ամբողջ այս տարիների ընթացքում գործելով կամ Հարավային Կովկասի, կամ Կասպյան տարածաշրջաններում: Իվաշկեւիչը՝ բազմազավակ հայր Պյոտր Իվաշկեւիչը 6 երեխաների հայր է: Նրա դպրոցահասակ երեխաները բնակվում են Լեհաստանում, իսկ կինը եւ ամենափոքրիկները իր հետ են՝ Հայաստանում: Երբ հաճելիորեն զարմացա, որ, ի տարբերություն այլ դիվանագետների, պարոն Իվաշկեւիչը բազմազավակ հայր է՝ ասաց. «Այո, ճիշտ եք ասում, բայց հենց մասնագիտության առումով է դժվարություններ առաջանում: Ինչպես տեսնում եք, ես չեմ կարողանում բոլոր երեխաներիս հետ մեկնել գործուղումների: Իհարկե, մեծերս արդեն սովորում են բուհերում, եւ իրենք կարող են գալ-գնալ, բայց արտասահմանում աշխատելը, անշուշտ, կենսական դժվարություններ է ստեղծում»: Կինը մասնագիտությամբ էթնոլոգ է՝ Կովկասի մասնագիտացմամբ եւ Վիեննայի համալսարանի աշխատակից է: Ամուսնուն նա ուղեկցում է իրավիճակից ելնելով, իսկ ամուսինը կարծում է, որ այս տարածաշրջանում ժամանկավորապես ապրելը լավ հնարավորություն է կնոջ համար՝ մասնագիտության առումով: Գրեթե բոլոր ընտանիքների նման, Իվաշկեւիչների ընտանիքում էլ երեխաների դաստիարակությամբ զբաղվում է մայրը, իսկ հայր Իվաշկեւիչը աշխատում է հնարավորինս շատ լինել երեխաների հետ: Երեխաների դաստիարակության համար հայր Իվաշկեւիչը կարծում է՝ հատուկ դեղատոմսեր չկան, նա ամեն մեկի նկատմամբ անհատական մոտեցման կողմնակից է: «Թեպետ որոշակի սկզբունքների մենք հետեւում ենք, բայց պատրաստի դեղատոմս երեխայի դաստիրակության համար՝ սկզբից մինչեւ վերջ, բնականաբար, չկա: Դա կախված է երեխայից եւ միջավայրից: Բայց կան բաներ, որ հստակ արվում են եւ կան բաներ, որ չեն արվում»: Իվաշկեւիչը գնահատում է հայերի աշխատասիրությունը Դիվանագետ Իվաշկեւիչի համոզմամբ, մարդկային փոխհարաբերությունները նպաստում են ծառայողական պարտականությունների կատարմանը: Իր պաշտոնավարած բոլոր երկրներում իրեն հաջողվել է մարդկային լավ փոխհարաբերություններ պահպանել: «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ ամենից լավ այդ հարաբերությունները հաջողվում է ստեղծել Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, ուր ես գործուղվել եմ աշխատելու եւ երեւի դրա համար ես ամենից լավ ծանոթ եմ հայերի հետ, տեղական կյանքի հետ: Ես ինձ այստեղ պարզապես լավագույնս եմ զգում: Գուցե ես այս երկիրը մյուսներից լավ չգիտեմ, բայց մյուսներից շուտ գիտեմ: Այնպես որ, Հայաստանում փոխհարաբերությունները բավականին լավ են ստացվում»: Մասնագիտությամբ պատմաբան լինելու հանգամանքը նպաստել է, որ մինչեւ Հայաստան գալը մեր երկրի մասին բավականաչափ տեղեկացված լինի, հատկապես՝ մեր ժողովրդի պատմության: «Մինչ Հայաստան գալս ես գիտեի այնպիսի անուններ, ինչպիսին Արտաշատը, Անին, Արաքսն է, որտեղ են գտնվում: Ես իհարկե գալուցս առաջ պատրաստվել էի, ուսումնասիրել նաեւ Ղարաբաղյան խնդիրը: Ես Հայաստանի մասին քիչ չգիտեի, բայց այդուհանդերձ, երբ այդ ամենը տեսա սեփական աչքերով՝ դա ինձ համար լրիվ նոր էր ու չափազանց հետաքրքիր: Ես Հայաստանի մասին շատ գիտեի, բայց չգիտեի, թե այն իրականում ինչպիսին է, այն ինձ համար նույնիսկ էկզոտիկ էր»: Պյոտր Իվաշկեւիչը դժվարանում է ընդհանրացնել սովորական հայ մարդու կերպարը, ավելին՝ նա կասկածում է ընդհանրապես այդպիսի ընդհանրացման գոյության վրա: Նա այն համոզումն ունի, որ մարդիկ պարզապես տարբեր են: «Բայց, այնուամենայնիվ, եթե փորձեմ ընդհանրացնել՝ ինձ հայերը դուր են գալիս: Առաջին հերթին ես բարձր եմ գնահատում այն հանգամանքը, որ հայերը շատ աշխատասեր են, նույնիսկ աշխատանքի նկատմամբ նրանց մոտեցումը հարգանքի է արժանի, սա այն գիծն է, որ ես հայերի մեջ նկատեցի ամենից առաջ»: Դեռեւս հայերենին այն մկարդակով չի տիրապետում, որպեսզի կարողանար հարցազրույցը հայերենով տար, բայց լեհ դիվանագետը ձգտում է դրան, թեպետ դա հեշտ չէ: Գեղեցիկ կինը կարող է շեղել բանակցող տղամարդկանց Հայտնի է, որ մեր 2 ժողովուրդները անցել են խորհրդային համակարգի միջով, եւ հիմա հաճախ կարելի է լսել, թե նախկինում մարդկային փոխհարաբերությունները ավելի գնահատված էին, այնինչ հիմա՝ այդպես մտածողների կարծիքով, իբր նույնպես մարդկային փոխհարաբերություններն են շուկայական դարձել: «Ընդհակառակը, այն, ինչի հետ ես շփվել եմ այդ շրջանում՝ անմարդկային էր: Գիտեք, գուցե մեր փորձերն են տարբեր, բայց խորհրդային համակարգում ես մարդկային ոչինչ չեմ տեսել: Բացարձակ՝ ոչինչ: Եվ կարծում եմ, որ շատ լավ է, որ այն արդեն անցյալ է»: Ես արդեն պատրաստ էի լսել, թե աշխատանքի, բանակցությունների ժամանակ, երբ գործընկերը կին է՝ նրա կանացի առավելությունները չեն նկատում, այլ ուշադրություն են դարձնում միայն մասնագիտական կարողություններին: Սակայն, երբ ասացի, թե օրերս հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների թարգմանիչները պնդում էին, թե բանակցությունների ժամանակ պաշտոնյաները նախընտրում են տղամարդ թարգմանիչների, քանի որ կանանց դեպքում նրանք այնուամենայնիվ չեն կարողանում կենտրոնանալ եւ շեղվում են՝ Պարոն Իվաշկեւիչը տեղի տվեց. «Չէ, իհարկե, հնարավոր է, եթե գեղեցիկ, հիասքանչ կին է՝ երեւի մտքերը այլ ուղղությամբ են գնում: Բայց ես կարծում եմ, որ բարձր պաշտոններ վարող մարդիկ ի վիճակի են իրեց շրջանակի մեջ պահել, եւ նրանք չպետք է կին եւ տղամարդ թարգմանիչների միջեւ տարբերություն դնեն: Ես հիշում եմ, երբ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լեհաստանի նախագահը՝ թարգմանիչը կին էր եւ նա հիանալի կատարեց իր աշխատանքր: Ես իհարկե չեմ տիրապետում վիճակագրական տվյալներին, բայց ինձ թվում է՝ ավելի հաճախ կին թարգմանիչներ են հանդիպում»: Իսկ ընդհանրապես կանանց մեջ առաջին հերթին Պյոտր Իվաշկեւիչը գնահատում է ինտելեկտը, քանի որ, նրա կարծիքով, ինտելեկտի որոշակի մակարդակի դեպքում առավել հեշտ է հասնել փոխըմբռնման: Նրա գնահատմամբ էլ հայ կանայք դիմանում են այդ մրցակցությանը: Քյուֆթան նախընտրած հայկական կերակուրն է Պյոտր Իվաշկեւիչը հետաքրքրված է երաժշտությամբ, նույնիսկ անձամբ նվագում է փողային որոշ գործիքներով, նույնիսկ փորձեր է անում դուդուկ նվագել: Նա սիրում է զբաղվել նաեւ այգեգործությամբ եւ լեռնագնացությամբ, այս առումով Հայաստանում բնակվելը նրա համար շահեկան է: Ազգային որեւէ խոհանոցի նախապատվություն չի տալիս, սիրում է բազմազան, չկրկնվող կերակուրներ ուտել: Շատ հավանում է հայկական խոհանոցը՝ հատկապես սիրում է քյուֆթա: Սիրում է երբեմն անձամբ պատրաստել այս կամ այն կերակուրը. «Գուցե առանձնապես տաղանդավոր չեմ այդ առումով, բայց սիրում եմ անձամբ կերակուր պատրաստել»: Զրուցեց՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել