Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եկել էին, որ ասեին՝ մեր հույսն էլի ժողովուրդն է

Սեպտեմբեր 14,2002 00:00

Եկել էին, որ ասեին՝ մեր հույսն էլի ժողովուրդն է 16 ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ ԲԷՑ-երին եւ էներգետիկ համակարգում առկա հիմնախնդիրներին նվիրված համաժողով: Ինչպես հիմնական զեկուցող, ԳիԱրՔՄի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը, այնպես էլ մյուս հռետորները, հերթական անգամ պնդեցին իրենց այն գնահատականը, թե ԲԷՑ-երի վաճառքն ամրագրող գործարքը հանցավոր է, հակասում է ՀՀ պետական անվտանգության շահերին եւ անհեթեթ է տնտեսական տեսանկյունից: Համաժողովականները նաեւ հայտարարեցին, որ մտադիր են բոլոր միջոցներով պայքարել արդեն կնքված գործարքը անօրինական եւ չեղյալ համարելու համար: Այդ իմաստով նրանք ակնկալում էին ԱԺ պատգամավորների աջակցությունը՝ հարցը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Հիշեցնենք, որ մասնավորեցվող օբյեկտների ցանկը, որտեղ ընդգրկված էին նաեւ ԲԷՑ-երը, ԱԺ-ն ժամանակին ընդունել էր Կանոնակարգի, Օրենսդրության եւ Սահմանադրության խախտումներով: Երեկ, սակայն, իր ելույթում ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը կարծիք հայտնեց, թե այդ հարցը պատգամավորների միջոցով լուծել հնարավոր չէ. «ԱԺ-ում 44 հոգի չեք գտնի, որ ստորագրի եւ այդ հարցով դիմի ՍԴ: Բերան պիտի ծռենք ու այդպես ծուռ էլ մնանք»: Որքան հասկացանք, պրն Գասպարյանի հույսն էլի ժողովուրդն էր: Պատգամավորը նաեւ հայտարարեց. «Վերջին 10 տարվա մեջ ԲԷՑ-երում գրպանվել է շուրջ 2,5 մլրդ դոլար: Հայտնի բոլոր միլիոնատերերի, գրեթե առանց բացառության, սկզբնական կապիտալը գոյացել է ԲԷՑ-երի, էներգահամակարգի, էներգակիրների, բանկերի թալանից: ՀՀՇ-ի ժամանակ թալանվում էին էներգակիրները, հետո մի խելոք մարդ գլխի գցեց, թե՝ էներգակիրները կարելի է դարձնել պատրաստի արտադրանք, նոր թալանել: Գագիկ Մարտիրոսյանի ժամանակ սկսեցին հոսանքը թալանել. փողն ավելի շատ էր: Այսօր էլ համակարգում թալանվում է 120 մլն դոլար՝ գերկորուստների, 80-100 մլն դոլար էլ չվճարումների անվան տակ: 97-ին Գ.Մարտիրոսյանի հրամանով 42 մլրդ դրամի գերկորուստ դուրս գրվեց, որից 26 մլրդ-ը բյուջեի հաշվին էր»: Նա վստահեցրեց նաեւ, թե հասարակության 90 տոկոսը վճարում է օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց: «Այն տասը տոկոսից 9-ն էլ թալանչիներն ու խոշոր չինովնիկներն են եւ նրանց ընտանիքի անդամները: Փոխնախարար գիտեմ, որի աղջիկը 1800 դոլար պարտք ունի ու երեք տարի է՝ նրա լույսը չեն կտրում»,- հայտարարեց Մ.Գասպարյանը: Դահլիճից հարցրին՝ «Անունն ասա», «Էդ ո՞վ ա»: «Դա ձեզ ոչ մի օգուտ չի տա»,- եղավ պատասխանը: Ինչեւէ: Հիշյալ համաժողովը երեկ ի դեմս 16 կուսակցությունների նաեւ բանաձեւ ընդունեց, որտեղ մասնավորապես ասված էր. «Մենք զգուշացնում ենք գնորդ կազմակերպությանը, որ այդ գործարքը մերժվել է ժողովրդի կողմից եւ վաղ թե ուշ չեղյալ կհամարվի: Կոչ ենք անում նաեւ ԱԺ պատգամավորներին՝ դիմել ՍԴ՝ գործարքը չեղյալ համարելու նպատակով: Բոլոր ապօրինի եւ հակաժողովրդական գործարքները խափանելու միակ եւ հնարավոր ելքը մենք տեսնում ենք ապազգային իշխանություններից օր առաջ ազատվելու մեջ»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել