Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Սեպտեմբեր 14,2002 00:00

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ Որքան էլ իշխանական քարոզչամեքենան ու մերձքոչարյանական լրատվամիջոցները հեծանիվ հայտնագործողի խանդավառությամբ աղաղակեն, թե ընդդիմադիր դաշտը միավորվում է «ընդդեմ», ոչ թե «հանուն» սկզբունքով, նրանց պետք է հիշեցնել, որ այդ տենդենցն անհամեմատ վաղ եւ անհամեմատ դիպուկ նկատել էր «Իրավունքը»: «Ընդդիմությունը հանդես չի գալու միասնական թեկնածուով, այլ հանդես է գալու միասնական թշնամիով»: Հետեւաբար Քոչարյանի ձախավեր պաշտպանները, վաղուց ակնհայտը ուշացումով «բացահայտելու» փոխարեն, գերադասելի կլիներ, գեթ մեկ անգամ իրենց հարցնեին. «Ինչո՞ւ է այդպես»: Եվ եթե տարրական տրամաբանությունից դեռ հիշում են տվյալների, դատողության ու եզրահանգման միջեւ կապը, կամա-ակամա կընդունեին, որ Քոչարյանն այս երկրում այնպիսի համատարած մերժում ու ատելություն է վայելում, որ նրա ներկայությունից ազատվելու գերխնդիրն ունակ է միավորել մարդկանց, ինչպես տարերային աղետի դեմ պայքարը: Քանի դեռ տարերային աղետը վերացված չէ, ո՞վ է մեկ այլ, առօրեական, թեկուզեւ կենսական, խնդրով զբաղվում: Գրեթե ոչ ոք: Թե՞ կա մեկը, ով կարող է ապացուցել, որ Քոչարյանը կատարյալ աղետ չէ Հայաստանի համար: Մի՞թե աղետ չէ մի երկրում, ուր գրաբարով Աստվածաշնչի թարգմանություն է կատարվել, միջնադարում «Մատյան ողբերգության» է գրվել, աշխարհաբար՝ արեւելահայերեն կամ արեւմտահայերեն քերթվածներ կան, որ համաշխարհային գրականության անդաստանում են արժեք նկատվել, նախագահ ունենալ մեկին, որ հայերեն չի կարողանում խոսել: Ավելին՝ ինչպես հինգ տարին ցույց տվեց, ընդունակ էլ չէ հայերենը սովորել: Էլ ավելին, ՀՀ նախագահի պաշտոն զբաղեցնողը չի կարողանում ընդհանրապես մի որեւէ լեզվով խոսել այնքան, որ կարեկցանք չառաջացնի: Իսկ լեզվական կաղապարից դուրս մտքեր չեն լինում. որքան Քոչարյանը կարողանում է խոսել, այնքան էլ կարողանում է մտածել: Վկա «ԱրմենՏելի», «Կոնյակի» ու ԲԷՑ-երի վաճառքները, 40.048 վիրտուալ աշխատատեղերը, «Ա1+»-ի փակումը, Երեւանի քարուքանդ արված կենտրոնը, իսկը ադրբեջանական մոզաիկ-սալահատակը Բաղրամյան պողոտայում, նաեւ իր անգրագիտության տիպար նախարարները, հատկապես՝ Արտաշատի, թե Արարատի ավտոսերվիսից հավաքագրվածը: Եվ դա մի երկրում, ուր գիտություն ստեղծած ակադեմիա կա, Բյուրական, երբեմնի Մերգելյան ինստիտուտ ու Մատենադարան կա: Հայաստանը այդ որքա՞ն ու ինչպե՞ս պիտի նվաստանա, որ Քոչարյանի ինտելեկտուալ մակարդակին հարմարվի: Այդ ե՞րբ է դեպի ցածրը ինքնակամ ընթացք եղել, որ միջին հայաստանցին ինքնակամ Քոչարյան ընտրի: Իսկ եթե դրան էլ գումարվում են «Հոկտեմբերի 27»-ի թեւածող կասկածները, Նաիրի Հունանյանի լկտիությունը, թե «ինքն է այս երկրի տերը», եւ իր քեռու հավաստիացումը, թե «այսօր էլ Նաիրիին ու Էդիկին հովանավորում են, մի փոքր սեղմեք, կխոստովանեն, թե ով», նաեւ գումարենք Պապլավոկի «անզգույշ» սպանությունը, եւ տեսնենք՝ այդ ո՞ր բարոյականության ընկալում ունեցողը չի հարի ընդդիմությանը՝ Քոչարյանի իշխանությունից ազատվելու համար: Ընդդեմ Քոչարյանի միավորվելը կանխորոշված ու անխուսափելի է դարձրել հենց Քոչարյանի անձը: Ի միջի այլոց, ոմանց էլ, ասենք Արտաշես Գեղամյանին, դա կանգնեցրել է փակուղու առջեւ: Գեղամյանը չի ցանկանում լինել 16-ի թվում, քանի որ ՀԺԿ գրասենյակում հավաքվող կուսակցությունները, կամա թե ակամա, առանձին-առանձին հանդիպում են միայն Ստեփան Դեմիրճյանին: Իսկ պատկերացնել, որ Դեմիրճյանի շուրջ ընթացող միավորման գործընթացը կարող է ավարտվել մեկ այլ միասնական թեկնածուի առաջադրումով, անհավանական է: Մանավանդ, երբ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը 1998-ից ի վեր նախանձելի հաստատակամությամբ ընտրաթերթիկներում հենց «Դեմիրճյան» ազգանունն է թողնում, նրանից առաջ կամ հետո քանի ազգանուն էլ լինի: Բայց 16-ին չմիանալն էլ Գեղամյանի համար դժվար է, քանի որ Քոչարյանին իշխանությունից հեռացնելն ինքն էլ է համարում առաջնահերթ խնդիր: Երեւի հավակնությունները կչափավորվեն, երբ նախագահական ընտրարշավը մեկնարկի եւ թեկնածուները հրապարակեն իրենց ծրագրերը: Բայց եթե Գեղամյանին դա միայն կհամեստացնի, Քոչարյանի համար իսկական դժբախտություն կլինի: Քոչարյանը 1998-ին կամ երբեւէ դրանից հետո, իր ողջ ռեֆերենտական կազմով, գեթ մեկ անգամ, գեթ մեկ հարցի շուրջ կարողացե՞լ է ծրագրային ելույթով հանդես գալ կամ հայեցակարգ ներկայացնել: Քոչարյանի ջատագովները ընդդիմության ծրագրերով հետաքրքրվելու փոխարեն, վատ չի լինի, եթե սեփական թեկնածուի բովանդակազուրկ ելույթներով ու մերկապարանոց բանսարկություններով մտահոգվեն: Դա չեն անում, որովհետեւ իրականությանը նայել չեն ցանկանում: Իսկ իրականությունն այն է, որ ոչ միայն ժողովուրդը Քոչարյանի կուսակցությունը չէ, այլեւ կուսակցություն էլ չկա, ում վրա Քոչարյանը հենվի: ՀՀԿ-ն նախկին ԱՄԿ-ականների կուսակցական ակումբն էր, որ այդպիսին էլ դառնալու է իշխանությունից հեռանալուց հետո. նրանք հետեւորդ, նույնիսկ համակիր չունեն, որ սատարեն կամ չսատարեն: Եվ հետո էլ նրանք այնքա՜ն արագ են ճամբար փոխում: ՀՅԴ-ի հետ փոխհարաբերությունների հիմքում էլ ի վերջո շանտաժն է: Վահան Հովհաննիսյանը եւ մյուսներն ազատ են, բայց քրեական գործերը չեն կարճվում. հազիվ թե այդտեղ միտում ու քաղաքական հաշվարկ չլինի: Մնացյալներն ընդհանրապես փրփուր են: Այնպես որ Քոչարյանը նախագահական ընտրություններում ունի լոկ քարոզչամեքենա եւ ընտրակեղծիքների ճանապարհ: Ինչ ասել կուզի, տխուր ճակատագիր է, երբ նախագահական աթոռը հինգ տարի զբաղեցնելուց հետո էլ երկրում ընկալվում ես «միասնական թշնամի», ում դեմ, ինչպես տարերային աղետի, միավորվում են բոլորը, անկախ առօրյա տարաձայնություններից: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ Խմբագրությունը չի կիսում հոդվածում արտահայտված որոշ մտքեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել