Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքականապես գունավորվածը՝ անգույնի մասին

Սեպտեմբեր 14,2002 00:00

Քաղաքականապես գունավորվածը՝ անգույնի մասին Խոստացել էինք, որ բացի ԱԺ նախագահի ավտոմեքենայի ձեռքբերման պատմությունից՝ ներկայացնելու ենք Հմայակ Հովհաննիսյանի եւս մի բացահայտում Արմեն Խաչատրյանի գործունեության մասին: Հարկ է նշել, որ ե՛ւ նախորդ հրապարակման, ե՛ւ այս մեկում շարադրված փաստերի հավաստիության պատասխանատուն Հմայակ Հովհաննիսյանն է, որը, ինչպես եւ Արմեն Խաչատրյանը, ժամանակին ՀԺԿ վարչության քարտուղարն էր: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Արմեն Խաչատրյանը երբեւէ չի եղել Կարեն Դեմիրճյանի կադրը,- ասաց պրն Հովհաննիսյանը,- Արմեն Խաչատրյանի հետ Կարեն Սերոբիչը ծանոթացել է 1998 թվականի փետրվարի 10-ին՝ Իրանի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ, որը նվիրված էր Իրանի հեղափոխությանը: Մինչ 1998 թվականի փետրվարի 10-ը մենք չենք ճանաչել Արմեն Խաչատրյան անունով անձնավորության: Մի փաստ վկայակոչեմ. 1998 թվականի մայիսի 23-ին, երբ ստեղծվեց ՀԺԿ-ն եւ Հիմնադիր ժողովն ընտրեց կուսակցության նախագահին, քաղաքական քարտուղարին, այսինքն՝ ինձ, եւ տեղակալ Ռուբեն Միրոյանին՝ կուսակցության բոլոր ընկերները կհաստատեն, որ Արմեն Խաչատրյանը չի ունեցել որեւէ մասնակցություն կուսակցական աշխատանքներին: Ավելին՝ նա գալիս էր ինձ մոտ եւ լաց լինում, որ Դեմիրճյանը չի ընդունում իրեն: Արմեն Խաչատրյանը գնում էր «Արմէլեկտրո» գործարան, քարտուղարուհին ասում էր, թե Դեմիրճյանը զբաղված է: Եվ նա գալիս էր իմ կաբինետ ու ասում՝ «Բա էս ինչ բան է, ինձ նույնիսկ չի ընդունում»: Սա փաստ է: Բայց երբ որ ստեղծվեց «Միասնություն» դաշինքը (թեեւ ՀԺԿ-ն ստեղծելիս մենք չէինք նախատեսում այդպիսի զարգացումներ՝ տրամադրված էինք, որ ինքնուրույն ենք մասնակցելու ընտրություններին) հայտնվեց Արմեն Խաչատրյանը եւ առաջ քաշվեց: Նա դաշինքային երեւույթ է, դրա ստեղծման բուն արդյունքը: Իմիջիայլոց ասեմ, որ նա վայելել է ՀՀՇ երրորդ էշելոնի աջակցությունը, երբ 1995 թվականին փորձել է ներթափանցել խորհրդարան եւ չի հաջողել: Շփվել է այդ շրջանակների հետ: Եվ մինչ նրա հայտնվելը երբ խոսում էինք Կարեն Սերոբիչի հետ, ես միշտ ասում էի, որ շտաբում պետք է լինի մեկը, որը քաղաքականապես չեզոք լինի եւ կարողանա հաղորդակցվել, չխրտնեցնի, ասենք՝ ՀՀՇ-ին, որ ներկայացված էր ընտրական հանձնաժողովներում: Մասնավորապես ես, օրինակ, քաղաքականապես գունավորված անձնավորություն եմ եւ ՀՀՇ-ի վրա կազդեի, ինչպես կարմիր գույնը ցուլի վրա: «Միասնության» շտաբի ղեկավարի եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոններում Արմեն Խաչատրյանին առաջադրել է Վազգեն Սարգսյանը: Երբ ընտրություններից հետո պաշտպանության նախարարությունում կայացավ դաշինքի քաղխորհրդի նիստը, որի անդամ էի ես, եւ հարց առաջացավ հանձնաժողովի նախագահի պաշտոնի վերաբերյալ, Վազգեն Սարգսյանն ասաց. «Ես վաղուց այդ պաշտոնը խոստացել եմ Արմեն Խաչատրյանին»: Ես էլ մի քիչ կծու ձեւով հարցրի. «Էդ ե՞րբ՝ վաղուց, կարո՞ղ է՝ 1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ»; Այնպես որ, պետք չի Արմեն Խաչատրյանի առաջխաղացումը վերագրել Կարեն Դեմիրճյանին. Նա նրա կադրը չէր»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել