«Մտքի հրավառություն» Երբ առաջին անգամ ծանոթացա վերջերս լույս տեսած այս գրքին, անմիջապես հիշեցի եւ մտովի համեմատեցի այն տարիներ առաջ թարգմանաբար հայ ընթերցողի սեղանին դրված «Բանականության սիմֆոնիա» գրքի հետ եւ ընդհանրությունների կողքին այնքան առավելություններ տեսա այս փոքրիկ հանրագիտարանում, որ ակնածանքով լցվեցի գիրքը կազմողների նկատմամբ։ Ուրախալի է նախ, որ մեզ արդեն ծանոթ մեծանուն հանճարների ասույթների կողքին տեղ են գտել Դ. Անհաղթի ու Ա. Շիրակացու, Րաֆֆու եւ Շիրվանզադեի, Վ. Տերյանի եւ Չարենցի, Վ. Փափազյանի եւ Վ. Սարոյանի, Պ. Սեւակի, Հ. Շիրազի եւ հայ մյուս մեծերի անունները։ Գրքում շուրջ 40 հազար ասույթ է հավաքված եւ տեղաբաշխված տարբեր բաժիններում (գիտություն, պատմություն, արվեստ, սպորտ, կրոն, ազգ, ժողովուրդ, մասնագիտություն եւ այլն)։ Ծավալով դրանից ամենամեծը դպրոցին, կրթությանը, մանկավարժությանը, գրքին եւ գրականությանը վերաբերող բաժիններն են։ Եվ դա պատահականություն չէ։ Գիրքը կազմողները թեեւ բանասերներ չեն, բայց միշտ էլ մոտ են կանգնած եղել գրքին, դպրությանը եւ լրատվամիջոցներին։ Չնայած ազգանունների տարբերությանը, գրքի հեղինակները՝ Ա. Միքայելյանը եւ Մ. Մարդումյանը հարազատ եղբայրներ են։ Մեծ հետաքրքրությամբ են ընթերցվում նաեւ «Հոգեշահ ընթերցանություն» բաժնում տեղ գտած նյութերը, եւ «Քչերը գիտեն, շատերը չգիտեն» խորագրի տակ ներկայացված եւ թեմատիկ բազմազանությամբ հարուստ հետաքրքիր փաստերը, տեղեկությունները, երգիծական զրույցները, թեւավոր արտահայտությունները, բառախաղերը, խրատանին, առածանին եւ այն ամենը, ինչը չի վրիպել նրանց ուշադրությունից։ Գրքի հավելվածում ընդգրկված է օգտագործված տերմինների, տեսությունների եւ հապավումների համառոտ բառարան։ Նախաբանում հրաշալի է ներկայացված գրքի անհրաժեշտությունը Սենեկա կրտսերի խոսքերով. «Այն ամենը, ինչը որեւէ մեկի կողմից լավ է ասված, ես համարում եմ իմ ասածը»։ Այս գիրքը կարող է ուսանելի լինել ոչ միայն մանկավարժների, ուսանողների, աշակերտների, այլեւ գիտակների մրցույթի մասնակիցների եւ պարզապես խաչբառերի սիրահարների համար, որոնք տարբեր հանրագիտարաններ բացելու փոխարեն լոկ այս մի գրքում կարող են գտնել իրենց հետաքրքրող շատ հարցերի պատասխանները։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ