Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ

Սեպտեմբեր 13,2002 00:00

ԴՈՒՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ Այս օրերին ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցները հնարավորություն ունեն բավարարելու իրենց հետաքրքրությունները: Նրանք հրահանգ են ստացել ամենայն մանրամասնությամբ տնտղել դեսպանատուն մտնողների պայուսակները, ծանոթանալ կանացի այլեւայլ պարագաների, եթե չեն հասկանում, թե ինչ է, «նավսյակի» հանել դրանք պայուսակներից՝ լինի թեկուզ դիմափոշի: Այս ամենը՝ հանուն անվտանգության: Իսկ հանուն կրթության, դեսպանատունը լրագրողների միջոցով ուզում էր հանրությանը ծանոթացնել կրթական այն ծրագրերին, որոնցով մեր հայրենակիցները թափանցիկ, ազատ մրցակցության պայմաններում կարող են մասնակցել մրցույթի ու գնալ ԱՄՆ սովորելու: Դեսպանատան հասարակայնության հետ կապերի ներկայացուցչի խոսքերով՝ գնան ու ասեն. «Այո, սա է Ամերիկան, եւ ես հասկանում եմ Ամերիկան»: Ներկայացվեցին «Այրեքս»-ի, «Աքսելզ»-ի եւ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի կրթական փոխանակման ծրագրերը, որոնք իրականացվում են արդեն 10 տարի եւ որոնց համար ԱՄՆ կառավարությունը ծախսում է տարեկան 7 միլիոն դոլար: Եվ այս ծախսերը հանուն հայերիս, որոնց մեջ ամերիկացիները մեծ ներուժ են տեսնում ու կարող են բաց հարաբերություններ ունենալ, ինչը չէին կարող նախկին ԽՍՀՄ-ի հետ: Ի դեպ, ուսանողների մեծ մասը մեկնում է սովորելու իր միջոցներով: 2 տարի սովորելու համար ուսանողից պահանջվում է 70 հազար դոլար, եւ սովորողների միայն մի փոքր մասի համար է ԱՄՆ կառավարությունը միջոցներ հատկացնում: Ամերիկացիների կարծիքով, Հայաստանում բարձր գիտական մակարդակ ունի ֆիզիկամաթեմատիկական ուղղությունը, այդ պատճառով ծրագրերում ընդգրկված են մյուս ոլորտները ու նախատեսված են եւ դպրոցականների, եւ ուսուցիչների ու դասախոսների, եւ բուհերում ուսումը շարունակել ցանկացողների համար: Ի դեպ, ծրագրի կազմակերպիչները կարծում են, որ Հայաստանում անգլերենի իմացության մակարդակը բարձր է բոլոր շրջաններում, եւ սովորողներ ընտրվում են ոչ միայն մայրաքաղաքից, այլեւ Հայաստանի 18 շրջաններից: Նրանք հավաստիացնում են, որ հայ ուսանողները ուսման ընթացքում միշտ բարձր մակարդակ են ցուցաբերել: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել