ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ Հոկտեմբերի 5-13-ը Մելբուռնում (Ավստրալիա) անցկացվելու է «Աշխարհի վարպետների խաղեր» անվանումը կրող միջազգային համալիր մրցաշարը, որի ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկված է 26 մարզաձեւ։ Կազմակերպիչները, հաշվի առնելով մասնակիցներից յուրաքանչյուրի ունեցած դերն իր մարզաձեւում եւ ակտիվ սպորտը թողնելուց հետո էլ դրան նվիրված մնալը, հրավեր են ուղարկել հայաստանցի թեթեւատլետ, 39-ամյա Գարեգին Շահբազյանին։ Նա սպորտի վարպետության թեկնածու է, ցատկերից հանրապետության բազմակի չեմպիոն եւ ԽՍՀՄ-ի տարիներին տարբեր մրցումների մրցանակակիր։ Գարեգինը չորս տարի առաջ նույնպես մասնակցել է «Աշխարհի վարպետների խաղերին» (ԱՄՆ-ում) ու բարձր պահել Հայաստանի մարզական դրոշի պատիվը։ Այն ժամանակ նա հեռացատկում (6,46 մ) արդյունքով գրավել է 2-րդ տեղը, եռացատկում (13,10)՝ 3-րդ, բարձրացատկում (1,91)՝ նույնպես 2-րդ, իսկ ցատկերի եռամարտում ճանաչվել է առաջինը։ Ի դեպ, Միացյալ Նահանգներում նա ճանաչվել է աշխարհի ամենակարճահասակ բարձրացատկորդը։ Գարեգին Շահբազյանը տեղեկացրեց, որ Մելբուռն է պատրաստվում մեկնել նաեւ ներկայումս Ամերիկայում բնակվող, նախկինում հանրապետությունում ճանաչված թեթեւատլետ Գերասիմ Հայրապետյանը, որը, սակայն, Ավստրալիայում հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո։ Նա «Կանաչ աշխարհամասում» նույնպես մտադիր է հանդես գալ ցատկի բոլոր ձեւերում եւ ուժերը փորձել նաեւ արգելավազքի մրցումներում։ Ինչ վերաբերում է Գարեգին Շահբազյանին, նա, որ հիմա ատլետիկայի վետերան մարզիկների ֆեդերացիայի անդամ է, ամենայն լրջությամբ է նախապատրաստվում առաջիկա այդ պատասխանատու մրցմանը ու, իր ասելով, վատ մարզավիճակում չէ։ Սակայն նրան մտահոգում է մի խնդիր, որ մեր հանրապետությունում ցավոտ հարցերից է։ Դա ֆինանսն է։ Մարզիկը նախապատրաստվում է ու միեւնույն ժամանակ հովանավորներ որոնում։ Հույս ունի, որ այդպիսիք կգտնվեն։ Ա. Հ.