Լրահոս
Օրվա լրահոսը

Ջնջենք, նորից սկսենք

Սեպտեմբեր 13,2002 00:00

Ջնջենք, նորից սկսենք Կառավարությունը հերթական անգամ առանց հասարակական լսումների ԱԺ է ներկայացրել օրենքի նոր նախագիծ, այս անգամ՝ բնակչության զբաղվածության մասին։ Փորձելով շտկել բացթողումը, «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԲՀԿ) «Աշխատանք եւ օրենք» կոալիցիայի հետ նախաձեռնել է քննարկումների շարք, որից երրորդն անցկացվեց երեկ։ ԲՀԿ-ի նախագահ Թամարա Աբրահամյանը տեղեկացրեց, որ նախագծում տեղ գտած թերություններից իրենք առանձնացրել են 3-ը, «սակայն սպասում ենք, որ քննարկումների արդյունքում կունենանք իրատեսական ու ամբողջական օրենքի նախագիծ եւ կհասցնենք այն ներկայացնել ԱԺ, մինչեւ դրա լսումները»,- ավելացրեց նա։ Նախագիծն ուսումնասիրող փորձագիտական խմբի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը ներկայացրեց իրենց նկատառումները հոդված առ հոդված, կետ առ կետ, որոնք քննարկվում էին եւ ընդունվում լուրջ բանավեճերից հետո միայն։ Այսպես, օրինակ, հոդված 2-ում նշվում է, որ «ՀՀ քաղաքացիների, ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ՝ քաղաքացի) զբաղվածությունը… ՀՀ օրենսդրությամբ չարգելված եկամտի ստացման նպատակ հետապնդող գործունեություն է»։ Ուշադրություն հրավիրելով փակագծերում ավելացված ձեւակերպմանը, փորձագետը եզրակացնում է, որ դրանից հետո եկող բոլոր հոդվածներում նույնացվում են ՀՀ քաղաքացիներն ու ոչ քաղաքացիները՝ ե՛ւ իրավունքներով, ե՛ւ պարտականություններով։ «Դատելով այդ հավելումից, ստացվում է, որ ցանկացած օտարերկրացի իրավունք ունի դիմել զբաղվածության կենտրոն եւ պահանջել աշխատանք ու գործազրկության նպաստ, որտե՞ղ է տրամաբանությունը»,- զարմացավ փորձագետը։ Ներկաները որոշեցին, որ այդ «ստանդարտ ֆրազա»-ն ուղղակի մեխանիկորեն շարադրվել է նախագծում, բայց այն պետք է շտկվի։ Մեկ այլ հոդվածում (թիվ 3) չեն զանազանվել սոցիալական ապահովություն եւ ապահովագրություն գաղափարները։ Արթուր Սարգսյանն առանձնացրեց նաեւ 8-րդ հոդվածը, որտեղ շատ «նուրբ» ձեւակերպումներով խախտվել է Աշխատանքային օրենսգիրքը, դրանով իսկ խախտելով մարդու իրավունքները։ Եվ, վերջապես, հոդված 13-ում նշվում է. «ՀՀ քաղաքացիների օտարերկրյա պետություններում աշխատելու, մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման եւ վերամասնագիտացման իրավունքն իրականացվում է սույն օրենքով», սակայն ամենայն ուշադրությամբ «սույն օրենքը տնտղելուց հետո» ներկաները համոզվեցին, որ ոչինչ այդ մասին հետագայում եւ մինչ այդ հիշատակված չկար։ Մի խոսքով, ինչպես բնութագրեց Ա. Սարգսյանը, «այն, ինչ հիմա գտնվում է ԱԺ-ում, դա գործող օրենքից գրեթե չտարբերվող տարբերակն է, այն էլ՝ վատ տարբերակը, որն էլ ավելի է խճճում գործատուի եւ գործազուրկի փոխհարաբերությունները, քան՝ է այժմ»։ Ի դեպ, արդեն երրորդ քննարկմանը մշտապես հրավիրվել, բայց չի մասնակցել օրենքի նախագիծ կազմողներից ու հաստատողներից ոչ մեկը։ Թերեւս այն պատճառով, որ իրենց «ստեղծագործությունը» համարում են իդեալական, իսկ հասարակական լսումները՝ «պտիչկա» դնելու գործընթաց։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել