ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ Երեկ նախագահ Քոչարյանը՝ Երեւանի քանդած փողոցներում մի շարք խցանումներ առաջացնելով, շրջայց էր կազմակերպել Մարտիրոս Սարյանի, Ժողարվեստի եւ Երվանդ Քոչարի արդեն վերանորոգված թանգարաններում։ Նախագահի տպավորությունները նորոգված հիմնարկների առումով դրական էին։ Նա խոստացավ, որ մինչեւ 2003թ. Հայաստանում չեն լինի անխնամ թանգարաններ, իսկ հայաստանցիները զբոսաշրջիկների առաջ չեն ամաչի դրանց վատթար վիճակի պատճառով։ Նախագահը հավաստիացրեց, որ նորոգվող մշակութային օջախների որեւէ տնօրեն իրեն ոչ մի հարցով մինչ օրս չի բողոքել։ Նա գոհ էր վերջիններիս խոհեմությունից, որ հասկացել են, թե երկիրն այն վիճակում է, որ հնարավորություններ ու ժամանակ չունի թանգարանների մասին մտածելու։ Ու լավ է, որ բախտներս բերել է, եւ Լինսի հիմնադրամն ամբողջական ծրագիր է սկսել։ Ի դեպ, Ռ. Քոչարյանը խուսափեց խոսել քաղաքական դաշտում կատարվող վերադասավորումների, մասնավորապես, «հայտնի 16-ի միավորման» մասին, խորհուրդ տվեց մշակույթից անջատել ներքաղաքական իրավիճակը։ «Եկեք պայմանավորվենք տպավորությունը չփչացնել ներքաղաքական հարցերով»,- ասաց նա ու խոստացավ մի քանի օրից այդ թեմայով շփման նոր հնարավորություններ ընձեռել լրագրողներին։ Նախագահի շրջայցը սկսվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից։ Այստեղ վերանորոգումը սկսվել է գարնանը, իսկ մեկ ամիս առաջ աշխատանքներն ավարտվել են։ «Երեւանում այսօր շատ հյուրեր կան, իսկ բոլոր թանգարանները փակ են։ Լավ է, գոնե կարողանում ենք Սարյանով ողջունել հյուրերին եւ մեր մշակույթը ներկայացնել մեծ վարպետի ստեղծագործությամբ»,- ասաց թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը։ Նա հավաստիացրեց, որ շենքն արդեն ապահովված է մշտական ջրով, փոխվել է թանգարանի լուսավորությունը, նորոգվել աստիճանավանդակը, որը կարծես դարձել է էքսպոզիցիայի մի մասը։ Ըստ տնօրենի, բավականին աշխատանքներ են կատարվել նաեւ Սարյանի արվեստանոցում, որը կառուցվել է 1932 թվականին, իսկ այժմ չկան պատի ճեղքերը։ Լավ վիճակում են տանիքը, սանհանգույցը։ Ըստ «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Մկրտումյանի, այս օջախում կատարվել է 27 մլն դրամի աշխատանք, լուծվել են ջեռուցման, օդափոխության եւ այլ խնդիրներ։ Շ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում մոտ 350 նկար է կախված, իսկ 50-ը պահպանվում է ֆոնդերում։ Նա կարեւորեց նաեւ Սարյան ընտանիքի դերը՝ ներկայացվող հավաքածուի ամբողջացման հարցում։ Գ. Մկրտումյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանում վերանորոգվում է 40 մշակութային օջախ, որոնց համար հատկացված է 17,5 մլն դոլար, որից 12 մլն-ը՝ միայն Երեւանում գործողների համար։ Ըստ «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրենի, 28 մլն դրամ ծախսվել է Քոչարի տուն-թանգարանի վերանորոգման համար, իսկ 56 մլն դրամով վերանորոգվել է Ժողարվեստի թանգարանը։ Իսկ 2003թ. աշնանը վերանորոգման աշխատանքները կավարտվեն բոլոր մշակութային օջախներում։ Ժողարվեստի թանգարանում դեռեւս տեղադրված չէին ցուցանմուշները, քանի որ վերանորոգումից հետո այն հազիվ էին կարգի բերել՝ նախագահին ընդունելու համար։ Թանգարանի փոխտնօրեն Աննա Մանուկյանը նշեց, որ փոխվել է տանիքը, իր խոսքով՝ զարհուրելի վիճակում գտնվող պահոցները, առաստաղը, հատակը եւ այլն։ Չնայած թանգարանի աշխատակիցների «հիացմունքին», պիտի նշենք, որ «վերանորոգված» հատակը, այնուամենայնիվ, ճոճվում էր։ Նույն հիացմունքն էր տիրում նաեւ Քոչարի տուն-թանգարանում, որտեղ էլ նախագահը վերջապես փոքր-ինչ կիսվեց լրագրողների հետ։ «Ես ի՞նչ, դուք պիտի նայեք, գնահատեք կատարվածը,- ասաց նախագահը,- եկեք-համաձայնեք, որ իսկապես բարձր որակի շինարարություն է կատարվել։ Հիմա ավելի լավ են կառուցում, քան նախկինում»։ Ռ. Քոչարյանը ոչ միայն գովեստի խոսքեր չխնայեց շինարարների հասցեին, որոնց շնորհիվ այսուհետեւ կկարողանանք ավելի ճիշտ ներկայացնել մեր մշակույթն օտարին, այլեւ նկատեց, որ կան հիանալի նախադրյալներ Հայաստանում տուրիզմի զարգացման համար։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ