Լրահոս
Օրվա լրահոսը

Էս սարն իմն է, էս ծառն իմն է, բա մերը ո՞րն է

Սեպտեմբեր 13,2002 00:00

Էս սարն իմն է, էս ծառն իմն է, բա մերը ո՞րն է «Տարիներ շարունակ Գոհարը մեր տնօրենն է եղել, միասին տխրել-ուրախացել ենք, ո՞վ կսպասեր, որ նա մեզ կխաբի, այն էլ՝ այս ձեւով»,- այսպես նեղված ու դառնացած սկսեց իր պատմությունը «Զեփյուռ» գեղեցկության տան կոլեկտիվը։ Բանն այն է, որ 35 տարի նույն տեղում միասին աշխատած շուրջ 50 վարսավիրներն այսօր ամեն րոպե սպասում են, թե երբ է գալու «տան» նոր տերն ու իրենց թողնելու փողոցում։ Դա այն դեպքում, երբ կառավարության 2000թ. թիվ 44 որոշմամբ «Զեփյուռ» գեղեցկության տուն» ՍՊԸ-ին, որի անդամներն էին 47 աշխատակիցներն էլ, իրավունք է տրվել ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնել մինչ այդ վարձակալությամբ տրված գեղեցկության տունը։ Վաճառքի հնարավորություն ստանալուց հետո տնօրեն Գոհար Կարապետյանը, միավորվելով Հրաչիկ Գրիգորյանի հետ (նախկինում՝ մարզպետ, այժմ՝ Երեւանի առեւտրա-տնտեսագիտական պետական քոլեջի տնօրեն), սկսում է համոզել ընկերության հիմնադիր անդամներին՝ հրաժարվել յուրաքանչյուրին հասանելիք 2% բաժնեմասից, զիջել դրանք իրեն, փոխարենը ստանալով տնօրենի պարտավորագիրը՝ պահպանել յուրաքանչյուրի աշխատատեղը։ Ի դեպ, աշխատատեղի իրավունքը փոխանցվելու էր սերնդեսերունդ, որպես ժառանգություն։ «Կարող եք նաեւ պահել 2% բաժնեմասը,- ասում է Գոհարը,- բայց մինչեւ վաղը պետք է վճարեք մասնավորեցման գումարը՝ յուրաքանչյուրը 9000 ԱՄՆ դոլար»։ «Ո՞վ էր տվել մեզ այդքան գումար, այն էլ՝ մեկ օրում, այս կիսաքանդ շենքում հաճախորդ էլ չունենք, հազիվ գլուխներս ենք պահում, մենք էլ ստիպված ստորագրեցինք»,- իրենց անխոհեմ քայլն արդարացրին աշխատակիցները։ Դա 2000 թվականին էր։ Հետագա դեպքերն ընթանում են ըստ վաղօրոք գծած պլանի՝ Գոհար Կարապետյանը տիրանում է բաժնետոմսերի մեծ մասին (8 մարդ չի ստորագրում «հրաժարականը»), Հրաչիկ Գրիգորյանի հովանավորությամբ կամ միջնորդությամբ վարկավորվում «Կրեդիտ-Երեւան» բանկից (375 հազար ԱՄՆ դոլար), գրավ դնելով «Զեփյուռի» տարածքը։ Վարկը, բնականաբար, չի մարվում եւ ՀՀ տնտեսական դատարանի վճռով «Կրեդիտ-Երեւան» ԲԲԸ-ն «Զեփյուռ» գեղեցկության տուն» ՍՊԸ-ին ներկայացնում է 557116 դոլար (տույժ ու տուգանքը մեջը) գումարի պահանջ՝ ունեցվածքի բռնագրավման իրավունքով։ Աշխատակիցներն այդ ժամանակ ուշքի են գալիս, վճռի կատարման ժամկետի հետաձգման խնդրանքով դիմում դատարան, բայց դիմումը մերժվում է, քանի որ «կոլեկտիվն այս գործում ոչ պահանջատեր է, ոչ էլ՝ պարտապան»։ Աշխատակիցներն իրենց տնօրենին համարում են «խաբեբա», իսկ իրենց՝ «խաբեության զոհեր», քանի որ, ինչպես հետո պարզել են (պարզողն աշխատատեղում չէր), մասնավորեցման համար պահանջվող գումարը կազմել է ընդամենը 28 հազար դոլար, որի մեջ յուրաքանչյուրին բաժին ընկնող չափը չի գերազանցում 700 դոլարը։ «Մենք այդքան գումար որտեղից էլ լիներ՝ կճարեինք-կհավաքեինք, եթե չխաբեին մեզ ու 9000 չուզեին»,- միաբերան հավատացրին վարսավիրները։ Ի դեպ, Գ. Կարապետյանի ուզած գումարը ոչ մի գրավոր վկայություն չունի, վկան կոլեկտիվն է՝ բանավոր պնդումներով։ Ինքը՝ Գոհարը, աշխատանքի չի գալիս, վարսավիրներն աշխատում են անտնօրեն, ամսեամիս վճարում կոմունալ ծախսերն ու վերջ։ «Մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի»,- ասացին։ Այդ «ինչ կլինին» կապված է հարուցված հայցով դատական վճռի հետ, որի պատասխանող մասում, ըստ զեփյուռցիների, երեքն են՝ Գոհար Կարապետյանը (60%-ի բաժնետեր), Հրաչիկ Գրիգորյանը (20%-ի բաժնետեր) եւ «Կրեդիտ-Երեւան» ԲԲԸ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Հովհաննիսյանը (20%-ի բաժնետեր)։ Ի դեպ, վերջինս մի քանի օր առաջ եկել է գեղեցկության տուն եւ ասել, որ «գուցե (իրավիճակը փրկելու համար) տարածքի մի մասը վաճառեմ, որ բանկի պարտքը փակվի, մնացածում ռեմոնտ անենք ու աշխատեք»։ Նաեւ ավելացրել է. «միայն թե իմ անունը մի շոշափեք, ես պատգամավոր եմ, լավ չի»։ Պատգամավորի անուն շոշափելն, իհարկե, լավ չի, իսկ լա՞վ է, որ մասնակի (թեկուզեւ՝ մեծ մասով) բաժնետիրոջը նույն պատգամավորը վարկավորում է, բայց հետո պահանջ ներկայացնում ամբողջ տարածքի բռնագրավման։ Դեռ 20%-ով էլ «փայ մտնելուց» չխոսենք։ Այս եւ այլ «մութ ու լույս» մանրամասներ դեռ կպարզվեն դատական լսումների ընթացքում, որոնց սկիզբն արդեն նշանակված է, եւ որոնց արձագանքները տեղ կգտնեն «Առավոտի» առաջիկա համարներում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել