Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՜ՆՑ ԷԼ ԿԾԱԽՍԵՆ

Սեպտեմբեր 13,2002 00:00

Ո՜ՆՑ ԷԼ ԿԾԱԽՍԵՆ Կենսաթոշակային տարիքի աշխատանքային ստաժի հավելումն այլեւս ՀՀ-ում կկազմի 80 դրամ՝ նախկին 60-ի փոխարեն։ Կառավարության երեկ ընդունած հերոսական որոշմամբ, հոկտեմբերի 1-ից 660-ից 700 դրամով կենսաթոշակները կբարձրանան։ Այդ գույժը լրագրողներին բախշեց Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Ֆրունզիկ Մուշեղյանը։ Այդ բարձրացումը եռամսյա կտրվածքով հիմնադրամին կարժենա 950 մլն դրամ։ Սակայն հիմնադրամի նախագահը որոշմանն արժանի նույնքան հերոսական կեցվածքով խոստացավ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, ըստ ամենայնի հիմնադրամի ուսերին կրել այդ ծանրությունը։ Հոկտեմբերի 1-ից հանրապետության հինգ հարյուր հազար թոշակառուները բախտ կունենան 5200-5300 դրամ թոշակի փոխարեն ըմբոշխնել 6000-6100 դրամ կենսաթոշակ։ Նյարդային խնդիրներ ունեցողներին եւ սրտից թույլ մարդկանց խորհուրդ ենք տալիս անմիջապես չստանալ այդ գումարը։ Նախ՝ հարեւան-բարեկամների հետ մի լավ, տեղը-տեղին ծանրութեթեւ արեք, ապա նոր ի կատար ածեք այդ՝ ճակատագրական լինելու բոլոր նախադրյալներն ունեցող քայլը։ «Առավոտի» հարցադրումը՝ թե արդյո՞ք մի քանի հարյուր դրամ ավելի ստանալը, ինչը թոշակառուներին կզրկի նպաստների տարբեր համակարգերից օգտվելու հնարավորությունից՝ նրանց առավել ծանր սոցիալական վիճակի չի հանգեցնի, մանավանդ, նախադեպը կա, պարոն Մուշեղյանին զարմանքի առիթ տվեց. «Թոշակներն աստիճանաբար բարձրանալու արդյունքում ի վերջո պետք է հասնենք նրան, որ նպաստներից եւ օգնություններից օգտվի խիստ որոշակի խավ»։ Եվ շատ էլ լավ եք անում, որ այդպես եք կարծում, բայց արդյո՞ք կառավարության ծրագրերով ամրագրված պարտադիր պայման է, որ դա արվի, ինչպես ասում են՝ դրսից ուրիշի աչքը հանելով, ներսից՝ տվյալ պարագայում, կենսաթոշակառուների։ Մինչդեռ, ըստ պարոն Մուշեղյանի. «Մեր խնդիրը բարձրացնելն է եւ ամեն մի քայլ անելուց ուրախանում ենք»։ Միաժամանակ, հիմնադրամի նախագահն այնուամենայնիվ խոստովանեց. «Ձեր ասածը հարցի մյուս կողմն է եւ մեր խնդիրը չէ»։ Ու իբրեւ այս ամենի գլուխգործոց, Ֆրունզիկ Մուշեղյանը, հանրապետության հինգ հարյուր հազար թոշակառուների անունից կառավարությանը հաճո իր կարծիքն արտահայտեց. «Վիճակը գնալով լավանում է»։ «Վիճակի լավացման» այս ակցիան, ինչպես հասկացաք, շարունակական բնույթ է կրելու։ Այնպես որ՝ պինդ կացեք։ Կառավարությունն իր նիստում երեկ հավանության է արժանացրել նաեւ «Մարդու վերարտադրողական առողջության եւ իրավունքի մասին» ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած օրենքի նախագիծը։ Այդ խնդիրների հետ կապված, իրավաբանական, բարոյահոգեբանական եւ բժշկակենսաբանական հարցերն այլեւս կարգավորվելու են օրենքով։ Ըստ այդմ, երկու տարի համատեղ ամուսնական կյանքով ապրելուց հետո երեխա չունեցող զույգը համարվում է անպտուղ եւ օրենքով սահմանված կարգով կարող է անհրաժեշտ քայլերի դիմել։ Ի դեպ, առաջնային (վերոբերյալ սահմանմամբ) անպտղությամբ Հայաստանը «զուգահեռ է քայլում» հարավամերիկյան երկրներին, իսկ երկրորդային անպտղությամբ (երբ մեկ երեխայից հետո զույգը երեխա չի ունենում) ԱՊՀ շարքում առաջիններից ենք։ Ի դեպ, ըստ նախարար Արարատ Մկրտչյանի, օրենքով սահմանված է, որ այդ «հաճույքը» ընդգրկված է լինելու «պետության կողմից ամենամյա նպատակային ծրագրերում»։ Այսինքն՝ պետպատվերի սահմաններում։ Իսկ ինչ վերաբերում է դոնորի վճարման կարգին, ապա Ա. Մկրտչյանի խոսքերով. «Դա բուժհիմնարկի եւ դոնորի պայմանագրային կարգավորման խնդիր է»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել