Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվ կախելով Ձեր խորհրդանիշ դիմանկարը…

Սեպտեմբեր 13,2002 00:00

Եվ կախելով Ձեր խորհրդանիշ դիմանկարը… Ինչո՞ւ միայն այժմ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հղացավ դպրոցներում յուրօրինակ «կարմիր անկյուններ» ստեղծելու գաղափարը։ Սովետական շրջանում այդ «կարմիր անկյուններում» փակցվում էին Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարի եւ Քաղբյուրոյի անդամների լուսանկարները, որ յուրաքանչյուրը նրանց ճանաչեր դեմքով։ Այժմ, նախագահական ընտրությունների շեմին, նախարար Լեւոն Մկրտչյանը նախաձեռնություն է հանդես բերել դպրոցներում փակցնելու նաեւ նախագահի դիմանկարը։ Բայց չէ՞ որ հենց ինքն էր հրապարակավ հրահանգում, որ դպրոցները որեւէ կերպ չներգրավվեն նախընտրական այս թոհուբոհում։ Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ պրն Մկրտչյանն ասաց. «Բացարձա՛կ ձեւով ընտրությունների հետ կապ չունեցող խնդիր է։ Քանի որ մինչեւ մենք հավաքենք դրա համար անհրաժեշտ գումարները եւ այլն՝ կդառնա մայիսը։ Եվ մրցույթի ամփոփման վերջնական փուլը պետք է լինի ապրիլ-մայիսը։ Երկրորդը. մենք սա ուզում էինք անել դեռեւս 1998 թվականին։ Արտերկրում եթե որեւէ դպրոց գնաք՝ կտեսնեք, թե երկրի հիմնը ինչպես է հնչում առավոտյան, երեխաներն ինչպես են երգում»։ Նշեցինք, որ առիթ ունեցել ենք այցելելու եւ գիտենք, որ դրոշի եւ հիմնի նկատմամբ վերաբերմունքն իրոք այդպիսին է։ Բայց որեւէ տեղ չենք տեսել, որ դպրոցի միջանցքներում կամ դասասենյակներում փակցված լինի նախագահի լուսանկարը. «Մեր հանձնաժողովում քննարկել ենք՝ դնում ենք դրոշը, հիմնը (մեր վրիպումն է, որ չհարցրինք, թե հիմնն ինչպես են «դնելու». այն պետք է անընդհատ հնչի՞ այդ դպրոցում, թե՞ ուղղակի տեքստն է փակցվելու.- Ա. Ի.), Սահմանադրությունը, զինանշանը, կաթողիկոսի նկարը եւ գործող նախագահի նկարը։ Եթե դպրոցը հնարավորություն ունի՝ սարքում ենք Հայոց պետականության փոքրիկ անկյուն՝ դասարան, որտեղ կդրվի ե՛ւ Առաջին Հանրապետության, ե՛ւ Խորհրդային Հայաստանի, ե՛ւ մեր առաջին եւ երկրորդ նախագահների, պաշտպանության նախարարների եւ վարչապետների դիմանկարները։ Քանի որ սա մեր պատմությունն է։ Մենք պետք է այժմեական խնդիրներով չդատենք այս ամենի մասին։ Երեխաները պետք է ինչ-որ ձեւով հասկանա՞ն, թե իրենք ինչ երկրի քաղաքացի են, ինչ արժեքներ ունեն»։ ԱԺ Գիտության, կրթության եւ երիտասարդության հանձնաժողովի փոխնախագահ Գալուստ Սահակյանը տեղին էր նկատել, թե չի կարծում, որ պատից նկարներ կախելով է հնարավոր սերմանել այդ արժեքները։ «Չէ, բայց մենք լավ հիշում ենք, որ մեր դպրոցի պատերին կախում էին գենսեկների նկարները,- ասաց պրն Մկրտչյանը՝ միանգամից նոր հարցի տեղիք տալով, թե նայելով այդ նկարներին՝ երեխա ժամանակ տոգորվո՞ւմ էիք կուսակցության եւ խորհրդային հզոր պետության գաղափարներով։- Ամենեւի՛ն չէինք տոգորվում։ Բայց եթե հանրապետությունն ունի խորհրդանիշ, եւ եթե երեխան այդ միջանցքում ման է գալիս՝ նա պետք է այդ խորհրդանիշներին ծանոթանա։ Անձամբ ես արտասահմանում շատ տեղերում եմ տեսել, նաեւ՝ շատ քաղաքակիրթ ու շատ ժողովրդավարական երկրներում։ Եվ որեւէ ձեւով դա չի դարձել խոսակցության նյութ»։ Իրականությանը համապատասխանո՞ւմ է, որ ԿԳ նախարարը նաեւ հրամայել է երեխաներին պատվո պահակ կանգնեցնել այդ խորհրդանիշների մոտ. «Չէ, ի՞նչ պատվո պահակ, ո՞վ է ախր նման բան ասել։ Բացարձա՛կ չկա նման բան։ Հանձնաժողովը դեռ պիտի հավաքվի եւ կարգ մշակի այդ անկյունները ստեղծելու համար, քանի որ մենք գտնում ենք՝ այո՛, պետք է լինի այդ անկյունը։ Երեխաները պետք է նաեւ ռազմագիտություն եւ ֆիզկուլտուրա անցնեն, դպրոցում տեսնեն տղամարդ ուսուցիչ։ Ախր, չի լինի այսպես»։ Այնուամենայնիվ չի՞ կարծում, որ եթե զինանշանը, դրոշը եւ հիմնը իրոք պետության խորհրդանիշներ են, այդպիսիք չի կարելի համարել անձանց՝ նախարար է, վարչապետ թե պաշտպանության նախարար (այլապես կարելի է շատ տխուր խորհրդածությունների հանգել մի պետության վերաբերյալ, որի խորհրդանիշները տվյալ անձինք են)։ «Ոչ,- ասաց Լեւոն Մկրտչյանը։- Տվյալ անձը, այդ պահին գործող անձը խորհրդանիշ է։ Իմ համոզումն է այդ»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել