Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԱՇԽԱՏԵՑԻ՞Ր ԱՄՌԱՆԸ

Սեպտեմբեր 13,2002 00:00

ՉԱՇԽԱՏԵՑԻ՞Ր ԱՄՌԱՆԸ Մինչ հանրապետության ներքաղաքական դաշտում դաշինքներ կամ միավորումներ են ձեւվում կամ վերաձեւվում, ՀՀ նախագահական ընտրությունների ժամկետն անխուսափելիորեն մոտենում է: Հասարակական կարծիքի ուսումնասիրության անհրաժեշտությունն էլ, ի դեպ, սովորաբար, հատկապես կարեւորվում է որեւէ մակարդակի ընտրությունների նախաշեմին եւ քարոզչական արշավի փուլում: Այսօր «Հանրապետություն» կուսակցությունն է ընդդիմադիր դաշտում գործող ուժերից, թերեւս, միակը, որ հանրային կարծիքի ուսումնասիրությանն արդարացիորեն մեծ տեղ է հատկացնում, ընդ որում՝ ոչ միայն ընտրությունների նախաշեմին: Օրերս տեղեկացանք, որ վերջինս պարբերաբար անցկացվող հարցումների հերթական փուլ է սկսել, որը, ինչպես կուսակցության քաղխորհրդի անդամ եւ լրատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Սուրեն Սուրենյանցն ասաց՝ դեռ վերջնականապես ամփոփված չէ: Նա նաեւ ընդգծեց, թե հանրային կարծիքի ուսումնասիրությունը չպետք է անցկացվի քաղաքական բանակցություններում՝ որպես ռեսուրս կամ խաղաթուղթ օգտագործելու համար: Այդուհանդերձ, մենք փորձեցինք գոնե ընդհանուր առմամբ ճշտել դրանց նախնական արդյունքները, առավել եւս, որ մի քանի այլ նմանատիպ հարցումների արդյունքը գործող եւ հասարակության վստահությունը չվայելող իշխանության վարկանիշի առումով կարող է մտահոգիչ լինել, նախեւառաջ ու առավել եւս՝ միավորված ընդդիմության համար: Մենք փորձեցինք մեր՝ Ռ.Քոչարյանի բարձր վարկանիշ ունենալու, նաեւ ընդդիմադիր միավորման վերաբերյալ հասարակության դիրքորոշման մասին տեղեկությունները ճշտել ընդդիմադիր կուսակցության անցկացրած հարցումների հետ համեմատելով: Մեր տեղեկություններով, իհարկե, այդ առավելությունն այնքան էլ մեծ չէ, բայց էականն այն է, որ որոշ հարցումների արդյունքում գործող նախագահին իրենց վարկանիշով դեռեւս զիջում են հավանական մյուս թեկնածուները՝ հետեւյալ հերթականությամբ. Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արամ Սարգսյանը: Առաջինն ունի ավելի քան 20, մյուսները՝ ավելի քան 10 տոկոս: «Չէի ասի, թե եղածների մեջ ամենաբարձրն է գործող իշխանության վարկանիշը, եթե հաշվի առնենք նրանց կողմից գործադրվող քարոզչական տոտալ բլոկադան եւ պետական մեքենայի ընձեռած հնարավորությունների օգտագործման փաստը: Բայց հասարակությունը դեռ կողմնորոշվելու խնդիր ունի, եւ այդ հարցում նրան պետք է օգնեն ընդդիմադիր ուժերը: Իշխանությունները ընտրությունների են գնում ստարտային որոշակի առավելությամբ, ինչն ընդդիմությունը չունի: Նախ՝ գործի է դրված քարոզչական հզոր մեքենան, եւ հասարակությունը, ըստ էության, այլընտրանքային քարոզչությունից զրկված է: Եթե ընդդիմադիր ազդեցիկ կուսակցությունները կարողանան հասարակությանն իրական այլընտրանք մատուցել, 2003-ի ընտրություններում իշխանափոխությունն անխուսափելի կլինի: Սովորաբար սովորական՝ ոչ նախընտրական, պայմաններում գործող իշխանությունը, ավելի շատ ռեսուրսներ ունենալով, ավելի բարձր վարկանիշ է ունենում: Ինչ վերաբերում է նրան, թե այդ վարկանիշն ընտրական փուլում ինչպես կարող է փոփոխվել՝ կախված է նրանից, թե իշխանությունն ու ընդդիմությունն իրենց ռեսուրսներն ինչպես կօգտագործեն, ով ընտրություններին ավելի կազմակերպված կմասնակցի: Իսկ իշխանություններին չսիրողների մեծ բանակ կա, որն ընդդիմությունից շատ կոնկրետ խնդիրների լուծում է պահանջում»,- հավաստիացրեց Ս.Սուրենյանցը՝ ավելացնելով, որ իրենց անցկացրած հարցումների վերջնական արդյունքի մասին խոսելը վաղ է: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ հասարակական կարծիքի վրա ազդող երկու գործոն կա: Մեկն այն է, որ հասարակության համար որքան էլ ցանկալի է քաղաքական ուժերի համախմբման գործընթաց, բայց մյուս կողմից՝ հասարակությունն իրավունք ունի եւ ուզում է քաղաքական ուժերի համախմբման գործընթացում որոշակիություն տեսնել: «Այսինքն՝ հասարակության համար էական է ոչ այնքան համագործակցող կուսակցությունների քանակը, որքան դրանց իրական ազդեցիկությունը, նրանց կողմից առաջադրվող խնդիրների իրատեսական լինելու հանգամանքը»,- նկատեց նա: Հետաքրքիր էր իմանալ, թե հասարակությունը ե՞րբ էր ավելի հակված վստահել ու հույսեր կապել ընդդիմության հետ, երբ գործում էր ՀԺԿ-«Հանրապետություն»-«Ազգային միաբանություն» «Եռյա՞կը», թե՞ դրանից ավելի ուշ ձեւավորված «Վեցնյակը», հետո՝ «13»-ի ու «16»-ի համագործակցությունը: «Ցավով պետք է նշել, որ հասարակության վերաբերմունքը դրանց հանդեպ հակասական է: Մի կողմից՝ կա ոգեւորություն ուժերի միավորման առումով, մյուս կողմից՝ դրա արդյունավետության նկատմամբ թերահավատություն: Այսինքն, ընտրությունների շեմին պետք է ձեւավորվի քաղաքական ուժերի համագործակցության այնպիսի ֆորմատ, որն, իրոք, հույսի, հավատի ու սպասումի մթնոլորտ ձեւավորի, ինչպիսին ժամանակին «Միասնություն» նախընտրական դաշինքն էր: Դա պետք է լինի ե՛ւ արժեքների, ե՛ւ կոնկրետ անձանց ու ծրագրերի ներդաշնակություն»: Իսկ այդ իմաստով ինչպե՞ս պետք է գնահատել «16»-ի միավորումը. որ այն շատ հեռու է «Միասնության» հետ համեմատվելուց՝ փաստ է: «Հանրապետություն» կուսակցությունն էլ ի սկզբանե նկատել է, որ առայժմ վաղ է դրա պարագայում դաշինքային տարրերի մասին խոսելը, որովհետեւ առայժմ չկա ծրագրերի ներդաշնակություն, չկա արժեքային համակարգի ընդհանրության խնդիր: «16»-ն ընդամենը մեկ խնդիր ունի՝ իր կադրային, կազմակերպչական բոլոր ռեսուրսներով ապահովել օրինական ընտրությունների անցկացումը: Կարծում եմ՝ այդ ֆորմատը շատ ավելի արդյունավետ կլինի հենց այդ դեպքում»,- կարծիք հայտնեց Ս.Սուրենյանցը: Այսինքն, դա կարող է տեխնոլոգիական համագործակցություն լինել, որը խնդիր չունի անպայմանորեն համաձայնության գալ ընդհանուր թեկնածուի եւ միասնական ծրագրի շուրջ: «Այո, այդ պարագայում արդեն որեւէ դժբախտություն չկա, եթե «16»-ը նույնիսկ չկարողանա միասնական թեկնածուով հանդես գալ, որովհետեւ կուսակցությունները քաղաքական կամք են դրսեւորում ամենակարեւոր՝ արդար ընտրություններ անցկացնելու խնդրի շուրջ»,- մեր դիտարկմանը համաձայնեց Ս.Սուրենյանցը: Վերադառնալով միավորումների հանդեպ հասարակության վերաբերմունքին, որոնք որոշակիորեն արտացոլված են նաեւ կարծիքի ուսումնասիրության մեջ, թերեւս, միարժեք է, որ «Եռյակի» գործունեության շրջանում հասարակության սպասումներն ավելի շատ էին: Ս.Սուրենյանցի մեկնաբանությամբ՝ պատճառն այն է, որ ջանքերի մեկտեղման մասին հայտարարել էին իրական կշիռ, կազմակերպչական եւ քաղաքական պոտենցիալ ունեցող կուսակցություններ: «Դա այն որակական միավորումն էր, երբ կուսակցություններից յուրաքանչյուրը շատ հստակ էր պատկերացնում իր խնդիրները, եւ միավորումն էլ գաղափարական, քաղաքական, երկրի զարգացման հարցերի շուրջ ծրագրերի ընդհանրության տեսանկյունից ավելի կայացած էր»: Միաժամանակ վերջինս վստահեցրեց, թե հարցումների ընթացքում շատ հաճախ է լինում, երբ պոտենցիալ ընտրողը «Հանրապետություն» եւ Ժողովրդական կուսակցությունները միասին եւ մեկ տողում է հիշատակում, ինչը պատահական չէ: Հավանաբար, նաեւ այդ միտումն է պատճառը, որ Ս.Սուրենյանցի, ինչպես ինքն ասաց՝ սուբյեկտիվ կարծիքով, եթե հնարավոր լիներ կայացնել այդ երկու կուսակցությունների միավորումը՝ որպես նախընտրական դաշինք, այն ավելի կուռ ու գաղափարական կարող էր լինել: «Բացի դա՝ այդ կուսակցություններում է հավաքված այն կադրային բազան, որ ժամանակին պատասխանատվություն էր ստանձնել իրականացնել այն ծրագիրը, որը կասեցվեց 99-ի հոկտեմբերի 27-ին»,- թերեւս իր այդ կարծիքը լավագույնս փաստարկելու համար՝ շեշտեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել