Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱԺ-ՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 13,2002 00:00

ՆՈՐ ԱԺ-ՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ Արդեն իսկ ակնհայտ միտումները վկայում են իրադարձությունների զարգացման հենց այս հավանական ընթացքի մասին: Գաղտնիք չէ, որ իշխանամերձ ուժերն արդեն իսկ փորձում են փոխհամաձայնության գալ ապագա ԱԺ-ում յուրաքանչյուրի զբաղեցնելիք տեղերի համամասնության շուրջ: Ասենք. «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանը ՄԱԱ-ում չէր հերքել «Առավոտի» այն տեղեկությունը, որ ՀՀԿ-ն հավակնում է տեղերի 40%-ին: Երեկ էլ պարզեցինք ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի տեսակետն այս հարցի վերաբերյալ: Սակայն նախ անդրադառնանք մեկ այլ նախընտրական խնդրի: Ընտրական հանձնաժողովներում հանրապետության նախագահի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵ-ի ներկայացուցիչների փոխհամաձայնությունների հետեւանքով հանձնաժողովների ղեկավարների պաշտոններում գերազանցապես ընտրվեցին այդ ուժերի թեկնածուները: Սակայն թերեւս համաձայնություններն ընդհանրապես հնարավոր չէ լիակատար պահպանել. այս հանգամանքի վրա ժամանակին ուշադրություն հրավիրեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ նշելով, որ եթե փոխպայմանավորվածությունները գործեին լիարժեք՝ որոշ հանձնաժողովներում ղեկավարներ չէին ընտրվի քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ: Փորձեցինք պարզել, թե ՀՅԴ-ն խախտե՞լ Է պայմանավորվածությունները եւ տեղ-տեղ գործարքի գնացել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Աղվան Վարդանյանը ծանոթ չէր Տիգրան Թորոսյանի մեկնաբանություններին, բայցեւ ասաց. «Դաշնակցությունն ընտրական հանձնաժողովների նախագահների, տեղակալների եւ քարտուղարների ընտրության հարցերում չի ունեցել որեւէ՛ համաձայնություն նախագահի, ՀՀԿ-ի կամ «Օրինաց երկրի» հետ»: Ինչ վերաբերում է հօգուտ այլ քաղաքական ուժերի տրված ձայներին՝ «Այդ կարգի հստակ պայմանավորվածություններ չեն եղել եւ տարբեր ուժերի հետ, այդ թվում՝ ընդդիմադիր: Որոշ կուսակցություններ թերեւս շատ ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել եւ քվեարկությունների արդյունքում չբավարարելով այդ ակնկալիքները, դժգոհ մնալով՝ փորձում են դրա մեղքը բարդել ուրիշների վրա: Շատ բնական եմ համարում, որ 56 ընտրատարածքներից որոշ տեղերում պիտի լինեին քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ»: Այժմ՝ ապագա խորհրդարանում իշխանությանը սատարող ուժերի ներկայացվածության վերաբերյալ արդեն իսկ ձեւավորվող նախնական պայմանավորվածությունների մասին: Քանի՞ տեղի է հավակնում ՀՅԴ-ն՝ մեր այս հարցին ի պատասխան, Աղվան Վարդանյանն ասաց. «Յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքական խորհրդատվությունները, շահերը համադրել փորձելը բնական գործընթաց, երեւույթ է: Կարծում եմ, այսօր դեռեւս վաղ է ԱԺ ընտրությունների որոշակի տոկոսների կամ ընտրատարածքների վերաբերյալ համաձայնության գալը, քանի որ մենք դեռ բավական ժամանակ ունենք: Դեռ առջեւում են տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետության նախագահի ընտրությունները: Շատ բան դեռեւս անորոշ է այսօր: Բնական է նաեւ մրցակցությունը քաղաքական ուժերի միջեւ: Որքան էլ մենք քաղաքական դաշտը բնականորեն կամ արհեստականորեն բաժանենք տարբեր ճակատների՝ նույնիսկ նույն ճակատում գտնվող քաղաքական ուժերի միջեւ մրցակցությունը խիստ բնական է, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակն է՝ առավելագույնս ներկայացված լինել ընտրովի մարմիններում: Կարող եմ շատ նախնական եւ բացառիկ իմ անձնական կարծիքը հայտնել, թե որքան տեղերի է հավակնում Դաշնակցությունը՝ նկատի ունենալով 1999-ի եւ դրանից հետո թափուր տեղերի ընտրությունների արդյունքները: Կարծում եմ, բոլոր իրական հնարավորությունները կան, որ Դաշնակցությունն առաջիկա Ազգային ժողովում հավակնի տեղերի 20-25 տոկոսին»: Արձանագրենք, որ ՀՅԴ խմբակցության նախագահի պատկերացումներով էլ իրենք չեն կարող հավակնել ԱԺ մեծամասնության դերին: Դրան այլեւս չի հավակնում նաեւ ՀՀԿ-ն՝ իր ցանկալի 40 տոկոսով: Ի վերջո, մի բան էլ պիտի բաժին հասնի մանրումեծ այն կառույցներին, որ կուսակցական կաշվից դուրս են գալիս՝ փորձելով նախագահին ապացուցել իրենց հավատարմությունը: Եթե սրանց համար էլ պայմաններ չստեղծվեն 5 տոկոսի սահմանագիծն անցնելու՝ անիմաստ կդառնա իշխանություններին քծնելը: Ստանում ենք մի խորհրդարանի պատկեր, ուր չկա հստակ որակյալ մեծամասնություն: Եվ նախագահի ձեռքերն ազատ են՝ ձեւավորելու իր ցանկացած կառավարությունը՝ առանց հաշվի առնելու զանազան միջին եւ մանրապճեղ կուսակցությունների քմահաճույքները: «Իբրեւ քաղաքական գործիչ՝ կանխատեսեք. գալիք խորհրդարանական ընտրություններից հետո Դուք կշարունակե՞ք ղեկավարել կառավարությունը»՝ մեր հարցին ի պատասխան՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախօրեին ասել էր. «Արի չզբաղվենք գուշակություններով»: Կարծում ենք, այնուամենայնիվ, լուրջ քաղաքական գործիչը պիտի կանխատեսումներ անի: Եվ պիտի փորձի հասկանալ. ինչո՞ւ հենց այժմ ակտիվացավ արհեստավարժ Արմեն Դարբինյանը, կամ ինչպե՞ս է, որ միայն այժմ Արտաշես Թումանյանը նախընտրեց թողնել բաց իրեն վարչապետ նշանակելու հավանականության վերաբերյալ հարցը, որ իրեն տրվում էր արդեն քանի տարի: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել