Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թելից ու ստուգումից անդին

Սեպտեմբեր 12,2002 00:00

Թելից ու ստուգումից անդին Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում կազմակերպված համերգը՝ ՀՖՆ-ի, ՀՖԵ-ի եւ «Սերենադ» կամերային նվագախմբի մասնակցությամբ, կրում էր «Շարունակական ռեքվիեմ» խորագիրը։ Այն նվիրված էր 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակին։ Արտիստները կրում էին կարմիր կրծքանշաններ, որոնց վրա նշված էին ահաբեկչության զոհերի անունները։ Միջոցառումը բացվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդվեյի խոսքով։ «Մեր՝ ամերիկացիներիս առաջին տպավորությունն այն էր, որ հարձակում է կատարվել մեր պետության վրա… Իրականում հարձակում է եղել համայն աշխարհի եւ մեր ընդհանուր քաղաքակրթության վրա։ Տուժողների շարքում է ողջ մարդկությունը»,- ասաց պրն դեսպանը։ Ողջ հայ ժողովրդի եւ ՀՀ կառավարության անունից ԱՄՆ դեսպանին եւ ժողովրդին իր ցավակցությունը հայտնեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Իսկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն բազմալեզու, բազմամշակույթ ու բազմակրոն մարդկությանը կոչ արեց անվտանգ պահել Երկիր մոլորակը եւ ցանկացավ, որ բոլոր հակամարտությունները կարգավորվեն բարի կամքի շրջանակներում։ ՀՖՆ-ի, ՀՖԵ-ի եւ «Սերենադ» նվագախմբի մեկնաբանությամբ Մոցարտի «Ռեքվիեմը» հնչեց որպես ահաբեկչության դեմ ուղղված ցասումնալից բողոք ու հարության ղողանջ։ Մոնումենտալ ստեղծագործության ավարտին պարզ էր մի բան. հայ երաժիշտների մեկնաբանությունը հրաժարվեց կրավորական հեզությունից՝ սգո արարողությամբ հավերժացնելով զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում այլ երկրների դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական դեմքեր։ Հրավիրված էին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Ռընե Լեւոնյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Ալբերտ Բազեյանը։ Իր ներկայությամբ ԱՄՆ դեսպանին պատվել էր նաեւ ՀՀ նախագահը։ Ի դեպ, հրավիրյալների եւ հասարակ մահկանացուների միջեւ թելային սահման էր գցված։ Նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները մանրակրկիտ ստուգման էին ենթարկում դահլիճ մտնող յուրաքանչյուրին՝ առաջարկելով տեղավորվել ըստ կարգավիճակի՝ թելի այս՝ «էլիտար» կամ այն՝ «հասարակ» կողմում։ Միջոցառումը լուսաբանելու համար լրագրողներին միտումնավոր մեկ ժամ շուտ էին կանչել, պատճառն ակնհայտ էր. հարկավոր էր տեղը տեղին ստուգել։ Կրկնակի, եռակի ստուգում անցնելուց հետո, բազմաչարչար լրագրողները վերջապես «հանգրվանեցին» թելի «հասարակ» կողմում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել