Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆՇՏԱՊ, ԲԱՅՑ ՎՍՏԱՀ ՔԱՅԼԵՐՈՎ

Սեպտեմբեր 12,2002 00:00

ԱՆՇՏԱՊ, ԲԱՅՑ ՎՍՏԱՀ ՔԱՅԼԵՐՈՎ Այս տարվա հունիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համաժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ՝ 52 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ, ՀՖՖ նոր նախագահ ընտրեց հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկ» ակումբի հովանավոր Ռուբեն Հայրապետյանին։ Մոտ օրերս լրանում է ճանաչված գործարարի՝ այդ պատասխանատու պաշտոնն զբաղեցնելու 100-րդ օրը։ Այդ առիթով «Առավոտի» մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հանդիպեց նրան։ – Ֆուտբոլը գերատեսչական հիմնարկ չէ, որ հարյուր օրում արմատական ու անզեն աչքի համար տեսանելի տեղաշարժեր կատարվեն։ Այն բարդ եւ նուրբ վերաբերմունք պահանջող ոլորտ է։ Այդուհանդերձ, այս ընթացքում մեր արած աշխատանքը բավարար եմ գնահատում։ Անցած հարյուր օրում հիմնական ուշադրությունը բեւեռել ենք մեր հավաքականների վրա, որոնց համար հիմա պատասխանատու ժամանակաշրջան է։ Նրանք նախապատրաստվում եւ մասնակցում են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերին ու շատ բան կախված է հենց նախապատրաստությունից։ Օրինակ, մեր պատանեկան հավաքականը ուսումնամարզական հավաքի մեկնեց Ֆրանսիա։ Թիմն այնտեղից ուղեւորվելու է Իսլանդիա՝ այդ երկրի իր հասակակիցների հետ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը մասնակցելու։ Ուշադրության կենտրոնում ենք պահում մանկապատանեկան ֆուտբոլը։ Մոտ օրերս անձամբ մեկնելու եմ Սյունիքի մարզ՝ Կապան, Գորիս, Սիսիան։ Նպատակ ունենք այդ տարածաշրջանում ստեղծել ֆուտբոլի դպրոցներ, հնարավոր ամեն բան անել տեղերում ստադիոնների վիճակը բարելավելու համար՝ օգնության կարգով միջոցներ տրամադրելով։ – Ձեր նախընտրական ծրագրում անչափ կարեւորել էիք ակումբների հետ ՀՖՖ-ի սերտ համագործակցությունը։ Ձեզնից առաջ ֆեդերացիայի եւ որոշ ֆուտբոլային ակումբների միջեւ մի տեսակ անջրպետ, հակամարտություն էր առաջացել։ – Հիմա մեր եւ ակումբների միջեւ որեւէ հակասություն չկա։ Ես անում եմ այնպես, որպեսզի ամեն բան նորմալ լինի, եղած խնդիրները լուծվեն քաղաքակիրթ ձեւով։ Թերեւս երկու ակումբներ կան, որ իրենց պահում են նախկինի պես։ Դրանք են «Արարատն» ու «Կիլիկիան»։ Բայց նրանց հետ էլ վարվելու ենք այնպես, ինչին արժանի են ու ինչ իրավունք տալիս է օրենքը։ Օրինակ, «Կիլիկիան» հերթական անգամ չներկայացավ Արցախում նշանակված հանդիպմանը։ Խոսքը պատանեկան թիմի մասին է։ Դրա համար նրանց նկատմամբ կիրառվելու են ամենախիստ պատժամիջոցներ։ Իսկ ընդհանուր առմամբ, մյուս ակումբների հետ մեր փոխհարաբերությունները վատ չեն, որովհետեւ միմյանց բախվող շահեր չկան մեր եւ նրանց միջեւ։ Ավելին, ֆեդերացիան ցանկանում է ըստ ամենայնի աջակցել նրանց՝ ուժեղանալու նպատակով։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ստեղծվում են համապատասխան մեխանիզմներ։ Եվ հույս ունենք, որ արդեն հաջորդ մրցաշրջանում կունենանք մի քանի հավասարազոր ակումբներ։ Այդպես կուժեղանա մեր ներքին առաջնությունը, եւ ֆուտբոլը տեղից կշարժվի։ – Ակումբը, թիմն ուժեղ դարձնելու համար նախեւառաջ պետք է ճիշտ լուծել մարզչի ընտրության հարցը, որը բացառապես ակումբների իրավասությունն է։ Նախագահ ընտրվելու հաջորդ իսկ օրը մեր զրույցում Դուք ասացիք, որ Հայաստանում ըստ էության բարձրակարգ մարզիչներ չկան։ Ուրեմն ինչպե՞ս եք պատկերացնում ֆեդերացիայի եւ ակումբների ղեկավարության համագործակցությունն այդ ոլորտում։ – Անուններ առայժմ չտամ, բայց ասեմ, որ որոշ ակումբների ղեկավարների հետ այդ հարցը քննարկել ենք։ Ակումբներ էլ կան, որ իրենք են սեփական նախաձեռնությամբ այդ ուղղությամբ քայլեր կատարում։ – Շշուկներ են պտտվում, թե «Արարատի» ղեկավարությունը ցանկանում է հրավիրել Հոլանդիայի առաջատար ակումբներից մեկի (առայժմ ես էլ անունը չհրապարակեմ) երկրորդ մարզչին։ – Ես նման բան չեմ լսել։ Բայց եթե դա այդպես է, շատ կուրախանամ ու միայն կողջունեմ։ Այդպես, գուցե, վերջապես հնարավորություն ընձեռվի փրկելու այդ փառապանծ անունը։ – Եկեք խոսենք մեր ֆուտբոլի ամենացավոտ խնդիրներից մեկի՝ մրցավարության մասին։ Կրկին Ձեր նախընտրական ծրագրում կարեւորում էիք դրա որակի բարձրացումը, անկողմնակալության ապահովումը։ – Ես իմ խոստումը կատարել եւ կատարում եմ։ Մրցավարության որակին հետեւում եմ անձամբ։ Այս ընթացքում պատժվել են բավականին թվով մրցավարներ ու տեսուչներ։ Հիմա սահմանել ենք նոր կարգ։ Եթե մրցավարը պատժվում է, ասենք, մեկ խաղ որակազրկվելով, տեսուչը կրում է կրկնակի պատիժ։ Այսպես, բացառում ենք կամ նվազագույնի հասցնում նրանց միջեւ պայմանավորվածության որեւէ դրսեւորում։ Գործնական գիտելիքներից բացի, ամենայն պահանջկոտությամբ ենք մոտենում նաեւ մրցավարների ֆիզիկական պատրաստվածությանը, նրանց ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից ներկայացվող բոլոր պահանջներին։ Անկախ անունից, հեղինակությունից, եթե մրցավարը չի հանձնում թեստերը, նա զրկվում է առաջնության հանդիպում սպասարկելու իրավունքից։ – Ամբողջ աշխարհում լայն տարածում ունի ֆուտբոլիստների փոխանակումը, առանց որի, կարծես, հնարավոր չէ առաջ ընթանալ։ Հիմա մենք էլ ենք սկսել ներգրավվել դրա մեջ։ Հայաստանի ակումբներում հանդես են գալիս արտասահմանցի ֆուտբոլիստներ։ Մեր տղաներից շատերն էլ խաղում են արտերկրում։ Այս երեւույթին Դուք դրական եք վերաբերում։ Բայց ինչ-որ ձեւով տրանսֆերները պե՞տք է կարգավորվեն։ – Դա անչափ կարեւոր խնդիր է։ Բայց տրանսֆերների հետ կապված ես ունեմ իմ համոզմունքը։ Օրինակ, կտրականապես դեմ եմ, որ ազգային հավաքականի 20-21 տարեկան թեկնածուն գնա ու հանդես գա Բեյրութում, ինչ պայմաններ էլ առաջարկվեն։ Այդպիսի ֆուտբոլիստները պետք է մեկնեն ավելի ուժեղ առաջնություն ունեցող երկրներ, որպեսզի աճեն ու ավելի օգտակար լինեն մեր ազգային հավաքականին։ Իսկ Բեյրութ թող գնա վետերանը, նա, ով մեկ-երկու տարուց պետք է թողնի ակտիվ ֆուտբոլը։ Ցավոք, տրանսֆերների հարցում մեր ակումբները սխալ են աշխատել։ Իրենց ֆուտբոլիստով հետաքրքրվող եվրոպական կամ այլ երկրների ակումբներից պահանջել են աստղաբաշխական գումարներ, որի պատճառով հաճախ հայտնվել են կոտրած տաշտակի առջեւ, իսկ խաղացողը զրկվել է ընձեռված լավ հեռանկարի հնարավորությունից։ Պետք է փոխել մոտեցումները, մտածելակերպը։ Հարկավոր է ըմբռնել, որ այսրոպեական շահի հետեւից ընկնելը նախեւառաջ վնասում է հենց մեզ։ Մինչդեռ, կարելի է ու պետք է հեռատես լինել, ճիշտ գնահատել իրականությունը եւ հեռանկարները։ Մենք այս ուղղությամբ աշխատում ենք։ Եվ, կարծում եմ, դրա առաջին արդյունքները շուտով կերեւան։ – Ժամանակին հայտարարել եք, որ ֆեդերացիայում կառուցվածքային փոփոխություններ պետք է արվեն։ – Այո, բայց այս հարցում չեմ շտապում։ Հիմա մշակվում է ՖԻՖԱ-ի նոր կանոնադրություն, որն ամենայն հավանականությամբ կհաստատվի դեկտեմբերին։ Այդ ժամանակ էլ կանդրադառնամ այդ խնդրին։ – Ով՝ ով, բայց զանգվածային լրատվամիջոցներն արդեն զգացել են, որ Դուք սերտացնում եք կապը չորրորդ իշխանության հետ։ Այդ գործընթացը շարունակվելո՞ւ է։ – Անպայման ու նաեւ խորանալու է։ Առանց դրա հնարավոր չէ։ Դա ե՛ս եմ ձեզ ասում։ Չտեսնել ու չասել, որ այս վերջին շրջանում ժողովրդի հետաքրքրասիրությունը մեր ֆուտբոլի նկատմամբ ավելի է մեծացել՝ չի կարելի։ Ու դրանում իրենց արժանի ներդրումն ունեն ԶԼՄ-ները։ Այս ամենը բխում է ֆուտբոլի շահերից, օգնում հայկական ֆուտբոլի առաջընթացին։ Միայն թե ինձ պետք չեն ո՛չ ավելորդ գովասանքի խոսքեր, ո՛չ էլ անհիմն քննադատություն։ Ասել ու կրկնում եմ. լրագրողներից ակնկալում եմ անաչառ վերլուծություններ, սկսած իմ, վերջացրած մարզիչների, մրցավարների ու ֆուտբոլիստների գործունեությունով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել