Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՐՈՂԸ ՉՊԵՏՔ Է «ԹՈՇԱԿԻ» ԳՆԱ

Սեպտեմբեր 12,2002 00:00

ՊԱՐՈՂԸ ՉՊԵՏՔ Է «ԹՈՇԱԿԻ» ԳՆԱ «Մինչ օրս մենք հանդես էինք գալիս Օպերային թատրոնում, որն այսօր վերանորոգվում է, իսկ հիմա ստիպված ենք մեր փորձերն անցկացնել Երգչախմբային ընկերության տարածքում»,- մտահոգված է Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանը։ Նրանից տեղեկացանք, որ քանիցս դիմել են մարզպետարաններին փոխադրամիջոց տրամադրելու խնդրանքով՝ Հայաստանի շրջաններ համերգային շրջագայությունների մեկնելու համար։ Սակայն առայժմ՝ անօգուտ։ «Մեզ համար գերխնդիր է մնում հանդիսատեսին ներկայանալու հարցը»,- ասում է պրն Չանչուրյանը։ Իսկ ընդհանրապես նա գտնում է, որ պարարվեստում յուրաքանչյուրը պարտավոր է իր գործն անել։ Բեմադրիչը պետք է նոր պարեր բեմադրի, պարողը պետք է պարի, գեղարվեստական ղեկավարն էլ՝ իր գործով զբաղվի, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում ծնված յուրաքանչյուր նոր պար ինքնանպատակ չլինի եւ ասելիք ունենա։ Ս. Չանչուրյանը շուրջ 25 տարի պարել է 1958թ. ստեղծված Պարի պետական անսամբլի առաջին կազմում, իսկ 1993-ից շարունակում է իր ուսուցչի՝ Վ. Խանամիրյանի գործը։ «Ինձ համար միաժամանակ ե՛ւ անակնկալ էր, ե՛ւ անչափ պարտավորեցնող իմ հարազատ անսամբլի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր բալետմայստերի պարտականությունների ստանձնման հրավեր-առաջարկը,- անկեղծանում է պարոն Չանչուրյանը եւ շարունակում,- 1993 թվականին ստանձնելով Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը եւ իմ շուրջը համախմբելով պարարվեստի լավագույն ներկայացուցիչներին (Գագիկ Կարապետյան, Սրբուհի Բաբայան), միահամուռ ջանքերի շնորհիվ 1994-ին հանդիսատեսին ներկայացրինք մեր առաջին համերգային ծրագիրը։ Այն իր մեջ ներառում էր ոչ միայն Խանամիրյանի բեմադրած պարերը, որոնք, ի դեպ, մինչ օրս էլ պահպանվում ու մատուցվում են անփոփոխ տարբերակով, այլեւ մի քանի նոր պարեր»։ Ահա այսպես է սկսվել Չանչուրյան գեղարվեստական ղեկավարի գործունեությունը, որի շնորհիվ Պարի պետական անսամբլում (բալետմայստեր՝ Ասատուր Կարապետյան) բեմադրվել է շուրջ 25 նոր պար, բացառապես ժողովրդական։ Դրանք հիմնականում բեմադրվել են հրավիրված մասնագետ-բեմադրիչների կողմից։ Զրույցի ընթացքում ափսոսանքով հիշելով բազմաթիվ պարերի բարձրաճաշակ երաժշտությունների հեղինակ Խ. Ավետիսյանին, նա ցավով նշեց, որ այսօր բավականին բարդ է այս կամ այն պարին համապատասխան եւ ժամանակին համահունչ, ճիշտ եւ ճաշակով երաժշտության ընտրությունը։ Ըստ Ս. Չանչուրյանի, պարն ամբողջական դարձնելու համար պակաս կարեւոր չէ նաեւ պարի ճիշտ զգեստավորումը։ Խոսելով անսամբլում տեղի ունեցող սերնդափոխության մասին, Չանչուրյանը փաստեց. «Սերնդափոխությունն անհրաժեշտ է անսամբլը երիտասարդ պահելու համար, սակայն լիդերներ միշտ պետք է լինեն։ Այսօր խմբում պարում են 25 աղջիկ եւ 22 տղա։ Խումբը համալրվում է անսամբլին կից գործող պարային ստուդիայի եւ պարարվեստի ուսումնարանի շնորհալի երիտասարդներով։ Ես համամիտ չեմ այն տեսակետին, որ 20 տարի պարելուց հետո պարողը պետք է «թոշակի» գնա, քանզի գտնում եմ, որ բեմական հնարավորությունները դեռեւս չսպառած ցանկացած պարող, անկախ տարիքից (մինչեւ անգամ 45-50 տարեկանը) իրավունք ունի մնալ բեմում»։ Տարիներ շարունակ հայկական մշակույթը աշխարհում ներկայացնող Հայաստանի պարի պետական անսամբլն այսօր էլ 3-4 տարբեր բաժիններից կազմված իր պարացանկում ներառելով ոչ միայն հայկական, այլեւ մյուս ժողովուրդների պարեր, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ցանկացած պահի պատրաստ է թե՛ հյուրախաղերով, թե՛ բարեգործական մենահամերգներով հանդես գալ հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս։ Ի դեպ, Չանչուրյանից տեղեկացանք, որ բոլորովին վերջերս Մաքսիմ Մարտիրոսյանը հատուկ անսամբլի համար բեմադրել է երկու նոր պար, որոնք շուտով կզգեստավորվեն։ Սակայն անորոշ է այդ պարերի ներկայացման ճակատագիրը. ի թիվս բազմաթիվ մշակութային կոլեկտիվների, Պարի պետական անսամբլը եւս հայտնվել է բարդ իրավիճակում։ Չունի հանդիսատեսին ներկայանալու բեմ՝ մշակութային օջախների համատարած եւ միաժամանակյա վերանորոգման պատճառով։ Ս. Չանչուրյանն անդրադարձավ նաեւ պարարվեստում առկա ու քանիցս բարձրացված խնդրի. ողջունելով բազմաթիվ նորաստեղծ պարային խմբերի գոյությունը, նա, այնուամենայնիվ, հիասթափված է նրանցից շատերի ոչ պրոֆեսիոնալ ղեկավարներից եւ միօրինակ ու անճաշակ երաժշտության ընտրությունից։ Ընթերցողին տեղեկացնենք, որ կիպրոսյան վերջին հյուրախաղերից հետո, Պարի պետական անսամբլը նախնական հրավերներ ունի նաեւ Էմիրաթներից, Բրազիլիայից եւ ԱՄՆ-ից։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել