Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննություններն ավարտվեցին

Սեպտեմբեր 12,2002 00:00

Քննություններն ավարտվեցին «Քննությունները» շարունակվում են Բուհական ընդունելության քննությունների շուրջ բորբոքված կրքերը կարծես թե չեն հանդարտվում. որոշ առարկաներից գնահատման արդյունքները կտրուկ տարբերվում են նախորդ տարիների ցուցանիշներից: Նշենք, որ «Մաթեմատիկա-1» տարբերակով քննություն հանձնողների միայն 12 %-ն է ստացել 18-20 բալ (նախորդ տարիներին՝ 40-60 %) եւ «Մաթեմատիկա-2» տարբերակում յուրաքանչյուր 4-րդ աշխատանք գնահատվել է «անբավարար»: Այս հարցերի շուրջ էլ զրուցեցինք Երեւանի Պետհամալսարանի դիֆերենցիալ հավասարումների եւ ֆունկցիոնալ անալիզի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իշխան Խաչատրյանի հետ, որը վերջին տարիներին հաճախ է եղել մաթեմատիկայի ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովի նախագահ: – Այս տարի ծնողներից շատերն այն կարծիքին են, թե գնահատման չափանիշները խիստ են եղել, որի պատճառով իրենց երեխաները ցածր գնահատականներ են ստացել: Ձեր կարծիքով կարելի՞ է վստահաբար ասել, որ այդ չափանիշները վերաբերել են բոլորին ու պահպանվել մինչեւ քննությունների ավարտը: – Այո, կարծում եմ, որ այս տարի «մաթեմատիկա» առարկայից գրավոր աշխատանքների գնահատման չափանիշները խիստ են եղել: Գնահատման խստությունը հիմնականում պայմանավորված է եղել կատարված քայլը տեսականորեն հիմնավորելու պահանջով: Առարկան ամբողջովին յուրացրած դիմորդի համար առանձնապես մեծ դժվարություն չի ներկայացնում հիմնավորելը: Այլ բան է, երբ դիմորդը վարժվում է խնդիրների լուծման ձեւերին՝ առանց հասկանալու տեսության հիմքերը եւ զարգացումը: Չի կարելի բավարարվել ցաքուցրիվ գիտելիքներով՝ բարձր գնահատականի պետք է արժանանան միայն ճիշտ լուծված եւ գրագետ հիմնավորված աշխատանքները: Միանշանակ այս մոտեցումները կիրառվել են բոլոր աշխատանքների նկատմամբ եւ պահպանվել մինչեւ քննությունների ավարտը: – Կասկած կա նաեւ տարբերակները կազմողների պրոֆեսիոնալ ունակությունների վերաբերյալ՝ երբեմն հնչում են կարծիքներ, թե տարբերակներում ընդգրկված են եղել խնդիրներ՝ ոչ դպրոցական դասագրքերից եւ նույնիսկ դպրոցական ծրագրից դուրս: – Տարբերակները կազմողներից մի մասի հետ աշխատել եմ եւ չեմ կասկածում նրանց պրոֆեսիոնալ ունակություններին: Այո, երբեմն տարբերակներում հանդիպում են «անհաջող» խնդիրներ, որոնց լուծման մեջ համարյա բոլորը սխալվում են, բայց դրանք էլ դպրոցական ծրագրի սահմաններում են: – Գնահատման համակարգում մաթեմատիկայի հանձնաժողովի այս տարվա մոտեցումներն արդյո՞ք կարելի է դրական քայլ համարել եւ որպես հիմք՝ հաջորդ տարվա ընդունելության քննությունների համար: – Իմ համոզմամբ՝ դրանք կարելի է գնահատել որպես դրական տեղաշարժ, բայց, չմոռանանք նաեւ, որ ցանկացած նոր երեւույթ իր մեջ պարունակում է լրացվելու եւ կատարելագործվելու անհրաժեշտություն: – Ձեր կարծիքով ճի՞շտ է ընդհանրապես ընդունելության քննությունների անցկացման ներկայիս ձեւը, թե՞ լուրջ ռեֆորմներ են անհրաժեշտ: – Ճիշտ է: Այս ձեւի հիմքը դրվել է դեռեւս 1991-ին, երբ ես մաթեմատիկայի հանձնաժողովի նախագահն էի (նախագահել է նաեւ 1992, 1996 եւ 2000թ.թ.172Շ.Ս.): Այն ժամանակ մասնագետներից կազմված խումբը դպրոցական դասագրքերից ընտրեց համապատասխան խնդիրներ, կազմվեցին տարբերակներ, եւ բուհերի դիմորդների համար ձեռնարկ հրատարակվեց: Առաջ քաշվեց նաեւ մի գաղափար, ըստ որի միջանկյալ քննությունների հանձնման արդյունքում դիմորդը սերտիֆիկատ պետք է ստանար, իսկ բուհը պիտի ընդուներ համապատասխան սերտիֆիկատներ ունեցող դիմորդներին: Քննությունների անցկացման կենտրոնացված համակարգը գոյատեւեց, իսկ սերտիֆիկատների ստացման եւ դրանցով բուհ ընդունվելու հեռանկարը չիրականացավ: 8230Այսօր որոշակի թիվ են կազմում ուսումը շարունակելու պատրվակով արտասահման մեկնող ուսանողները: Դրսում գիտելիքների համալրումը, փորձի փոխանակումն իհարկե լավ է, բայց հաճախ պետպատվերով սովորող ուսանողն այլեւս չի վերադառնում, իսկ նրա թափուր տեղն այդպես էլ չի լրացվում, ասենք, վճարովի համակարգում ամենաբարձր ցուցանիշն ունեցող մեկ այլ ուսանողով: Ցանկալի կլիներ կիրառել այդ պրակտիկան: Զրուցեց ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել