Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՈԳՈՒՆ ՎՐԱ ՀԱՍԱՎ

Սեպտեմբեր 12,2002 00:00

ՀՈԳՈՒՆ ՎՐԱ ՀԱՍԱՎ Վռամ Գալստյանը բացում է խաղաքարտերը «Հոկտեմբերի 27» անդրանիկ դատական նիստից հետո առերեսում էր կազմակերպվել (առանձնացված մասով) Վռամ Գալստյանի եւ Նաիրի Հունանյանի միջեւ։ Այն տեւել էր մինչեւ երեկոյան ժամը 21.15-ը եւ, փաստորեն, առերեսումից տեղյակ չէր անգամ Ն. Հունանյանի պաշտպանը՝ Բենիամին Մինասյանը։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, առերեսումը կոշտ ընթացք է ունեցել։ «Հանձնվո՞ւմ ես»,- քեռուն հարցրել է Ն. Հունանյանը։ «Հա»,- ասել է Վռամ Գալստյանը։ «Այսօր հարցերը ես եմ լուծում, երկիրը ես եմ ղեկավարում»,- հետեւել է Ն. Հունանյանի ոչ այն է հորդորը, ոչ այն է ռեպլիկը։ Քեռին չի ընկճվել եւ դա երեւաց երեկ՝ դատաքննության ժամանակ նրա արած հայտարարությունից։ «Վերջին առերեսումից ինձ ակնհայտ դարձավ, որ այս ամենի հետեւում կան որոշ ուժեր, որոնք խանգարում են արդարությունը ի հայտ բերելու։ Իմ նկատմամբ միշտ կիրառվել են սարքավորումներ, որոնցով արգելել են, ստիպել չասել ճշմարտությունը, սպառնացել են, որ իմ նկատմամբ անառակաբարո գործողություններ կկատարեն։ Ես համբերելու տեղ չունեմ, ոչ էլ ցանկանում եմ գժվել։ Նաիրիի ուղեղը չի հասնում… Ինչ վերաբերում է ճշմարտությանը, այս խմբի կազմակերպած գործերին մասնակից են եղել Էդիկ Գրիգորյանը եւ Նաիրի Հունանյանը։ Ամեն անգամ, երբ ուզել եմ տալ Էդիկ Գրիգորյանի անունը, այդ օրը ստիպողաբար ներարկումներ են արել եւ մինչեւ 20-25 օր իմ ներվային համակարգը խախտված է եղել։ Նույնը կրկնվեց փակ նիստի ժամանակ, դրանից հետո, երբ ստիպողաբար մեկուսարանի պետից մինչեւ վերջին աշխատողը ձեռնաշղթաներ հագցրեցին…»,- հայտարարեց Վ. Գալստյանը, որի միտքն ընդհատվեց լաց լինելու պատճառով։ Դատավոր Ս. Ուզունյանի հորդորից հետո («Հանգստացեք, շարունակեք ձեր խոսքը») նա շարունակեց իր հայտարարությունը. «Է. Գրիգորյանը լավ գիտի, թե ովքեր են կանգնած իրենց թիկունքին։ Փսլնքոտները չէին կարող հեղաշրջում կատարել, համոզված եմ, որ այդ ուժերը կան։ Ինչից ելնելով է, որ Է. Գրիգորյանն ասում է՝ քո մասին չես մտածում, մտածիր երեխաներիդ եւ ընտանիքիդ մասին։ Այստեղ նա սուրբ է ձեւանում։ Բացեք նախաքննության ցուցմունքները, բոլորիդ կապացուցեմ, որ երկուսն են կազմակերպել այդ ամենը։ Եվ թող չխաբեն ո՛չ հայ ժողովրդին եւ ո՛չ էլ աշխարհին։ Եթե նրանք ազնիվ փրկիչներ են եղել, թող մի օր Ղարաբաղում կռվեին կամ մի լավ բան արած լինեին»։ Դատաքննության մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Էդիկ Գրիգորյանի վրա, նա ասաց, որ նրա սպառնալիքները եղել են անգամ դատաքննությունից հետո, երբ մեքենայի մոտ սպառնացել է իրեն։ Քեռին այնքան էր բորբոքված ու հուզված, որ գնահատելով Նաիրիի գործողությունները, թե «Նաիրին խակ է, ուղեղը դեռ չի հասնում», հայտնեց, որ ատրճանակ լինելու դեպքում կխփեր Նաիրիի ճակատին, նույնը՝ Կարենի եւ Էդիկի։ Անհանգստանալով ընտանիքի անվտանգության համար, ասաց, որ պատրաստ է անգամ ինքնասպանություն գործելու եւ հայտնեց, որ երկու անգամ դիմել է նման փորձի։ Նա պահանջում էր Էդիկ Գրիգորյանից, որ ասի, թե ովքեր են այն դեպուտատները, որ պետք է գային եւ իրենից տանեին պարունակները։ «Ես այս վիճակում եմ, քանի որ այս ոչնչությունների քեռին եմ։ Ես այն մարդը չեմ եղել, որ զենք վերցնեմ, դուրս գամ իշխանությունների դեմ։ Ինձ խաբել են, որ ունեն համախոհներ, որ երկու օրն ի՞նչ է, որ չես գալիս մեզ հետ։ Իմ վստահությունը չարաշահելով, ներ են քաշել այս գործի մեջ։ Ես հույս չունեմ՝ իմ ընտանիքի հետ ինչ կպատահի, եթե Էդիկ Գրիգորյանը այստեղ է սպառնում, ապա դրսի մարդիկ ավելի վատ բաներ կանեն իմ ընտանիքի հանդեպ»,- շարունակեց նա։ Ի դեպ, մի կարեւոր տեղեկություն էլ հայտնեց քեռին, ասելով, որ ահաբեկիչներից երեքով՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանները եւ Էդիկ Գրիգորյանը դիպլոմատով մուտք են գործել ԱԺ, «դետալ առ դետալ ստուգել»։ Բնականաբար, քեռին կանխատեսել էր իր հայտարարության հետեւանքները, երբ հայտնում էր, որ միեւնույն է, նրանք չեն հաստատի իր ասածը։ Հետեւեց քրոջորդու՝ Ն. Հունանյանի միջնորդությունը հոգեբաններ հրավիրելու մասին, քանի որ, ըստ նրա, «Վռամ Գալստյանը գտնվում է հոգեպես հիվանդ վիճակում»։ Քեռին վեր թռավ տեղից եւ հետեւեց ռեպլիկը. «Հոգեկան հիվանդն ինքն է։ Շատ կարճ ժամանակ հետո ուրվական է դառնալու»։ Դատաքննությանը հետեւող անկախ դիտորդի հետ մեր նախորդ զրույցն ավարտվեց այնտեղ, երբ նա կանխատեսում էր, որ այլեւս սպառվել են ահաբեկիչների մարտավարության հնարավորությունները եւ նրանք պաշտպանվում են ապառնի ժամանակով «խոստումներ» տալով։ Եվ պատահական չէր, որ Էդիկ Գրիգորյանը, հազիվ զսպելով իրեն, ասաց. «Առաջիկայում ունեմ տվյալներ դատարանին ասելու, հրատապ չի»։ Ակնհայտորեն Վ. Գալստյանի ասածը դուր չի եկել մյուս ահաբեկչին՝ Կարեն Հունանյանին, որն այսպիսի որակումներ տվեց. «Ցաքուցրիվ, վայրիվերո արտահայտություններ են»։ Ամբաստանյալներին դեռ կարելի է հասկանալ, երբ նրանք մեկը մեկի հետ տողատակային կռիվներ են տալիս՝ ճշտումներ անելու նպատակով։ Բայց չի կարելի հասկանալ այն փաստաբաններին, որոնք ներկայացնելով ամբաստանյալներից որեւէ մեկի շահերը, վիրավորում են մյուս ամբաստանյալին, որն, ի դեպ, պաշտպան չունի։ Ամբաստանյալ Ն. Հունանյանի պաշտպանը՝ Բենիամին Մինասյանը նախ «նահանջ» համարեց Վռամ Գալստյանի ասածը, ապա հետեւություն արեց, թե նա դավաճանել է իր ընկերներին։ Ամբաստանյալ Վռամ Գալստյանը, պահելով էթիկայի կանոնները, ընդամենը ցանկացավ, ասելով իրավաբանին. «3 օր եթե գտնվեր իմ պայմաններում, նոր թող ասեր, թե կամքից թույլ մարդ եմ»։ Դատական նիստը ընդմիջվեց։ Վռամ Գալստյանի հարցաքննության ժամանակ մնացյալ ամբաստանյալները դուրս հանվեցին դատական նիստի դահլիճից։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել