Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսապես չհիմնավորված ՋՕՄ-եր

Սեպտեմբեր 12,2002 00:00

Տնտեսապես չհիմնավորված ՋՕՄ-եր Թերթի «ՋՕՄ-երը յուրացնում են» հրապարակման մեջ խոսվել էր ՋՕՄ-երի՝ ջուր մատակարարողի եւ ջուր սպառողի միջեւ ստեղծված այս միջնորդ օղակի աշխատանքի բացթողումների մասին։ Որոշ ՋՕՄ-երի ղեկավարներ իբր հավաքած փողը, մեղմ ասած, տեղ չեն հասցնում։ «Ոռոգման համակարգերի զարգացման» ծրագրի ղեկավար Ադիբեկ Ղազարյանը կարծում է, որ սխալ է շեշտադրումը, թե ՋՕՄ-ն է մեղավոր. «Ինչպես է, որ «Ջրային տնտեսությունը» 7-8 տարի, մինչեւ ՋՕՄ-երի ստեղծվելը, 10 անգամ ավելի պակաս էր գումար հավաքագրում, քան այսօր։ Ի՞նչ է, ժողովուրդը հիմա ավելի լա՞վ է ապրում։ Եթե հիմա մեղադրում են ՋՕՄ-երին գողության մեջ, ուրեմն այն ժամանակ էլ իրենք էին գողանում»,- ասում է պրն Ղազարյանը։ Հայաստանում առկա 500 ՋՕՄ-երից 156-ը ստեղծվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ծրագրով, եւ ղեկավարը կրկին Ադիբեկ Ղազարյանն է եղել։ Պրն Ղազարյանը համաձայն է, որ իսկապես ՋՕՄ-ը չունի շենք, գույք, թղթատարություն, եւ ոչ մի լծակ չկա՝ թալանածը եւ թալանելիքը ետ բերելու համար։ «ՋՕՄ ստեղծելու գաղափարախոսությունը առաջընթաց է։ Սակայն դա ծանր ու լուրջ պրոցես է։ Մի բան պարզ է. գյուղատնտեսության զարգացումն առանց ոռոգման համակարգի կայացման՝ անհնարին է եւ միշտ խնդիր կա գյուղացու եւ ջուր մատակարարողի միջեւ։ Դա լուծելու համար 1997թ. մենք ստեղծեցինք 6 ՋՕՄ, 98թ.՝ 18 ՋՕՄ, որոնց տված ցուցանիշը՝ 70-80% հավաքագրում, այն դեպքում, երբ «Ջրտնտը» 20% վարձերի հավաքագրում էր ապահովում։ Ցուցանիշը շլացրեց նաեւ գյուղնախարարությանը, արդյունքում, մեկուկես ամսում ՋՕՄ-եր ստեղծեցին ողջ հանրապետությունում։ Եվ սա սխա՞լ էր։ Ի դեպ, այս ծրագրի բացթողումները հաշվի առնելով, հիմա արդեն Համաշխարհային բանկի կողմից, հոկտեմբերի 10-ից սկսում ենք նոր՝ «Ջուր սպառողական ընկերությունների եւ միությունների զարգացման ծրագիրը»,- ներկայացնում է Ադիբեկ Ղազարյանը։ Պարզվում է, որ նոր ծրագրով նախկին ՋՕՄ-երը վերանալու են եւ ստեղծվելու են նոր՝ տնտեսապես հիմնավորված 60-65 ընկերություններ, որոնք էլ հետագայում, 7 տարվա ընթացքում միավորվելու են՝ ստեղծելով 12 միություններ։ – Հաշվարկները ցույց են տվել, որ ընդամենը 100 հա տարածք սպասարկող ՋՕՄ-ը չի կարող հասույթ ունենալ, ինչն այսօր տեսնում ենք։ Լավագույնն այն է, որ ՋՕՄ-ը սպասարկի 5000 հա տարածք (5-7 գյուղեր), որպեսզի կարողանա որակյալ տնօրեն, հաշվապահ, ջրբաշխներ պահել, շահույթ ունենալ։ Նոր ստեղծված ընկերությունում ջրի կառավարման վերահսկելիությունը գյուղացու ձեռքում կլինի եւ իրենք էլ կորոշեն։ Ֆերմերների կողմից ընտրված խորհուրդը, ըստ մեր ծրագրի, ջուրը պիտի արդարորեն ընդունի գյուղի սահմանագլխին եւ իրենց եղբայրների միջեւ հավասար բաժանի,- ոգեւորված ներկայացնում է պրն Ղազարյանը։ Սակայն արդյոք այդ ուտոպիան հնարավո՞ր է Հայաստանում եւ ինչո՞ւ մանրամասն տնտեսական հաշվարկ չի արվել 5 տարի առաջ ու սխալ հաշվարկի արդյունքում որքա՞ն փող է ծախսվել։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել