Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ «ՔՑՈ՞ՒՄ» Է ԳՀԻ-ԻՆ

Սեպտեմբեր 12,2002 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ «ՔՑՈ՞ՒՄ» Է ԳՀԻ-ԻՆ Ուրիշ հարց չի ծագում, երբ ծանոթանում ես Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի շուրջն այսօր տեղի ունեցողին։ «Առավոտի» ընթերցողները կհիշեն այս ինստիտուտի կոլեկտիվի «կենաց-մահու» պայքարը՝ այն պետականի կարգավիճակում պահելու եւ 2001-03թթ. մասնավորեցման ցանկից հանելու համար։ Հանելը՝ հանեցին, բայց կարծես թե դա չեն ներում կոլեկտիվին։ Համենայնդեպս, այսօրվա գործողությունները ինստիտուտին պարտադրված մասնավորեցման «գիրկը» գցելու փորձի են նմանվում։ Ինստիտուտի այս տարվա պետական պատվերով նախատեսված բյուջեի ծավալը անվճար բուժօգնություն իրականացնելու համար 27,7 մլն դրամ է եղել եւ արդեն տարվա կեսին՝ ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ ինստիտուտն իրականացրել է սահմանված գումարի չափով բուժօգնություն։ Ինստիտուտը դադարեցրել է հիվանդների ընդունելությունը պետական պատվերի շրջանակներում ստացիոնար բուժման նպատակով։ Եթե հաշվի առնենք, որ անցյալ տարի պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ծավալը, որը նախատեսված է եղել եւ իրականացվել է ինստիտուտում, եղել է 38 մլն դրամի սահմաններում, ակնհայտ է, որ ս.թ. հուլիսի 1-ից հետո բուժման կարիք ունեցողների հոսքը չի նվազել։ Թվերի տարբերությունն ակնառու դարձնելու համար ասենք, որ այս տարվա 27,7 մլն-ն նախատեսված է եղել 360, անցյալ տարվա 38 մլն-ը՝ 816 հիվանդի համար։ Առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը սա բացատրեց այն հանգամանքով, որ բարձրացել է բուժծառայությունների գինը։ Ինստիտուտում ստեղծված վիճակի համար պրն Պողոսյանը մեղադրեց տնօրինությանը՝ վատ տնտեսվարության համար։ «Նրանք պարտավոր էին գումարը համամասնորեն բաշխել բոլոր ամիսների մեջ»։ Պրն Պողոսյանի առաջարկած տարբերակն էր ամիսների մեջ գումարը համամասնորեն բաշխելուց հետո յուրաքանչյուր ամսվա սկզբում որոշակի օրեր իրականացնել անվճար բուժսպասարկումը եւ այդ ամսվա լիմիտը սպառելուց հետո դադարեցնել այն՝ մինչեւ հաջորդ ամսվա 1-ը։ Մեր հարցին, թե այդ դեպքում մայիսին դիմած հիվանդին ինչպե՞ս «ուղարկել» դեկտեմբեր, պրն Պողոսյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչու են այդ դեպքում հերթագրում անցկացնում»։ Այսինքն, հո՞ւյս էլ չունենան, թե երբեւէ պետպատվեր նրանց կտրվի, եթե ոչ՝ այս, գոնե՝ եկող տարի։ Երեւի չպետք է ունենան, որովհետեւ, մեր տեղեկություններով, ինստիտուտի տնօրինության եւ առողջապահական գործակալության տնօրեն Ա. Տեր-Գրիգորյանի միջեւ պայմանավորվածություն է եղել տարվա կեսից պետպատվերի գումարներն ավելացնելու մասին, սակայն այսօր տեսնում ենք, թե «որտեղ» է այդ պայմանավորվածությունը։ «Իրենք պայմանավորվածություն չէ, որ ունեն, իրենք ունեն պայմանագիր, որի անբաժանելի մասն են բուժօգնության տեսակները։ Այն կնքվել է մեկ տարով»,- ասում է Վ. Պողոսյանը։ Իսկ թե ինչ եւ ինչպես է ասում այս կապակցությամբ Ա. Տեր-Գրիգորյանը՝ այդպես էլ չհաջողվեց պարզել։ Մի քանի օր նրան ապարդյուն «հետապնդելուց» հետո «Առավոտը» եկավ այն եզրակացության, որ պրն Տեր-Գրիգորյանն, իրոք, ինչ-որ բաներ է խոստացել ինստիտուտի տնօրինությանը, բայց քանի որ այդ խոստումների ամբողջ արժեքը հենց դրանց անիրագործելի լինելն է, դրա համար գործակալության տնօրենն այսօր ասելիք, համենայնդեպս «Առավոտին»՝ չունի։ Նրա օգնականը թե գործավարը մեզ տեղեկացրեց, որ իր ղեկավարին հայտնել է մեր հարցադրումը, բայց վերջինս շտապ դուրս է եկել։ Մի օր՝ հանդիպման, մի օր՝ խորհրդակցության, մի օր՝ դասախոսության։ Այն հարցադրման բովանդակությունը, որը հիմա ուզում ենք ուղղել Ա. Տեր-Գրիգորյանին, վերջինիս ծանոթ չէ. «Արդյո՞ք նա չի կարծում, որ այդպես վարվելով ինստիտուտին մղում է ինքնակամ «տրվելու» սեփականաշնորհմանը եւ արդյոք մի քիչ անազնիվ չէ՞ նման խոստումներ տալը, եթե հաստատ գիտես, որ չես կատարելու»։ Պրն Տեր-Գրիգորյանից բնականաբար չպարզեցինք նաեւ իր հնարավոր խոստման կատարման առկա մեխանիզմները եւ ելքը ստեղծված իրավիճակից։ Իսկ բուժօգնության կազմակերպման վարչությունը, ի դեմս պետ Վ. Պողոսյանի, չնկատելու է տալիս այս իրավիճակը։ Համենայնդեպս, Կուրորտաբանության ինստիտուտը շարունակում է ստանալ նրա ստորագրությամբ հիշեցում -ուղեգրերը, որոնցով բուժհիմնարկին խնդրվում է այս կամ այն քաղաքացուն (անվճար բուժսպասարկման ենթակա) ենթարկել կոնսուլտացիայի կամ բժշկական ցուցումների առկայության դեպքում կազմակերպել համապատասխան բուժումը։ Այս մասին մեր հարցին պրն Պողոսյանը պատասխանեց, որ ինքն առաջնորդվում է կառավարության 20.02.02թ. թիվ 146 որոշմամբ, որը երաշխավորում է տվյալ կատեգորիայի քաղաքացու անվճար բուժօգնության իրավունքը։ Թե ինչպես պետք է «բարիշացնել» կառավարության սույն որոշումը կոնկրետ բուժհիմնարկի պետպատվերի համար նախատեսված գումարների հետ՝ իհարկե չպարզեցինք Ա. Տեր-Գրիգորյանից։ Դրա կարիքը թերեւս չկա էլ, ինչպես չկա վերոնշյալ «բարիշացման» կարիքը։ Այդ ինստիտուտի մասնավորեցման ախորժակը պահողներից մեկը մեր ներկայությամբ չկարողացավ զսպել իրեն ու հայտարարեց. «Եթե ինչ-որ մեկինը լիներ, այսպես չէր լինի»։ Դե, եթե պետությունը «ինչ-որ մեկ» էլ չէ՜… ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել