Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անհատական վերադասավորում

Սեպտեմբեր 12,2002 00:00

Անհատական վերադասավորում Հետաքրքիր զարգացումներ ունեցավ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունը՝ առիթ դառնալով, որ մի խմբի ղեկավար հրաժարական տա։ ԱԺ Վերահսկիչ պալատի արդեն նախկին նախագահ Աշոտ Թավադյանին իր պաշտոնին թողնելու համար ԱԺ նախագահին միջնորդել էր անգամ պաշտպանության նախարարը։ Բայց առանձնապես չէր պնդել՝ նահանջել էր։ Եվ այս փաստին քաջատեղյակ անձինք որոշակի զուգահեռներ էին տեսնում դրա եւ այն իրողության միջեւ, որ «Օրինաց երկրի» ղեկավարը սկզբում ասուլիսում եւ ԱԺ օրակարգի ձեւավորման ժամանակ ակտիվորեն պաշտպանում էր Աշոտ Թավադյանին, բայց երբ երեկ քննարկվում էր ԱԺ Վերահսկիչ պալատի նոր նախագահի նշանակման հարցը՝ Արթուր Բաղդասարյանն անգամ չերեւաց նիստերի դահլիճում։ Փոխարենը Սերգեյ Իսրայելյանն ու Հմայակ Հովհաննիսյանն էին պաշտպանում Աշոտ Թավադյանին։ Առաջինն այդ նպատակով անգամ ռուսական ժողովրդական մի առած մեջբերեց մախաթն օճառով փոխարինելու մասին եւ հայտարարեց, թե կենսագործվում է Լենինի պատգամը՝ յուրաքանչյուր խոհարարուհի կարող է պետություն ղեկավարել։ Իսկ երկրորդի բողոքների շարունակությունն այն դարձավ, որ անակնկալ ավարտվեց նրա՝ իբրեւ ագրոարդյունաբերող հանդես գալու փորձաշրջանը։ Սակայն Վերահսկիչ պալատի նախագահի հետ կատարվածն ընդամենն առիթներից մեկն էր։ «Ագրոարդյունաբերողների» ղեկավարի պաշտոնից եւ ընդհանրապես այդ խմբից իր դուրս գալը Հմայակ Հովհաննիսյանը փաստարկեց նաեւ 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ ոչ լեգիտիմ, «քաղաքական որեւէ հենք չունեցող» ղեկավարությամբ։ Այնուամենայնիվ, ավելի շատ խոսեց Աշոտ Թավադյանի նկատմամբ «բացահայտ հաշվեհարդարի» մասին։ Եվ շեշտեց, որ խմբի ղեկավարի պաշտոնից հրաժարվել է այդ պատճառով. «Վերահսկիչ պալատի նախագահը դիմել էր բոլոր խմբերի եւ խմբակցությունների ղեկավարներին՝ մատնանշելով այն անօրինականությունը, որը թույլ է տվել Արմեն Խաչատրյանը։ Փորձ են արել հավի նման իր կաբինետից դուրս շպրտել մի անձնավորության, որը զբաղեցնում է պետության կարեւորագույն պաշտոններից մեկը, եւ նշանակել մեկ ուրիշի։ Այսինքն, բացահայտ ադմինիստրատիվ կամայականություն, բռնություն է տեղի ունեցել այդ մարդու նկատմամբ։ Որպես խմբի ղեկավար՝ ես պարտավոր էի արձագանքել, բայց տեսա, որ իմ փաստարկները որեւէ արձագանք չեն գտնում՝ կարծես «մարգարիտներ շաղ տաս խոզերի առջեւ»։ Մոտավորապես դա էր տեղի ունենում։ Հնարավոր չէր այդ պատը որեւէ ձեւով ճեղքել, եւ ես հասկացա, որ հանցագործություն է այս ԱԺ-ում պաշտոն զբաղեցնելը»։ Իսկ նաեւ ԱԱԺՄ-ից դուրս գալու՝ պրն Հովհաննիսյանի դրդապատճառները պակաս հետաքրքրական չէին. «ԱրմենՏելի» մենաշնորհի վերացման անհրաժեշտության մասին ելույթս ունեցել էի խմբի անունից, եւ խմբի այն երկու անդամները, որոնք մնալով՝ գնացել էին «Օրինաց երկիր» եւ այս ընթացքում ոտք չէին դնում խումբ, հանկարծ եկան եւ ասացին, թե դա իրենց տեսակետը չէ, իրենք դուրս կգան, եթե այս տեսակետն է որդեգրել խումբը։ Եվ ես կամ պետք է ճեպազրույցում ասեի, որ մենաշնորհը շատ լավ բան է, կամ էլ պիտի ցրվեր խումբը։ Այս պարագայում՝ ես որոշեցի դուրս գալ խմբից»։ Հմայակ Հովհաննիսյանից հետո ԱԱԺՄ-ում մնաց 10 պատգամավոր եւ բավական է նրանցից մեկը, ասենք՝ Հմայակ Հովհաննիսյանի կողմնակից Հենրիկ Գրիգորյանը, դուրս գա, եւ կլուծարվի խումբը։ ԱԱԺՄ ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է խմբի ամենատարեց պատգամավոր Համբարձում Ավետիսյանը։ Իսկ որտե՞ղ կհայտնվի Հմայակ Հովհաննիսյանը, գուցե «Ժողովրդի ձայն» խմբո՞ւմ։ «Ա1+»-ի թղթակցի այս հարցադրմանն ի պատասխան՝ պրն Հովհաննիսյանն ասաց. «Շատ տարօրինակ կլինի, եթե մանավանդ վերլուծաբանն ու քաղաքագետը կայացնի հապճեպ վճիռներ։ Իհարկե, մենք բախտակիցներ ենք այդ խմբի անդամների հետ այն առումով, որ նրանք նույնպես դուրս են եկել «Միասնություն» դաշինքից։ Մենք նաեւ միասին ճանապարհ ենք անցել։ Նրանք էլ կարողացել են մաքրազարդվել Արմեն Խաչատրյանից, ինչը շատ լուրջ փաստարկ է հօգուտ իրենց։ Ես էլ այդ ամենը պետք է հաշվի առնեմ իմ հետագա համագործակցության ընթացքում»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել