Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ՊԱԿԱՍ ՈՒՆԵՆՔ

Սեպտեմբեր 12,2002 00:00

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ՊԱԿԱՍ ՈՒՆԵՆՔ ՀՀ նախագահի ընտրություններից շուրջ 5 ամիս առաջ հանրապետության ներքաղաքական խճանկարն ավելի լղոզված գունավորում է ստանում: Ընդ որում՝ այդ ընթացքում ավելի շատ փոխատեղումներ եւ որոնումներ են ընթանում ընդդիմության դաշտում, թերեւս, այն պատճառով, որ առաջիկա ընտրություններն ավելի պրոբլեմատիկ են հենց նրանց համար: Ակնհայտ է, որ գործող նախագահին վերընտրված տեսնելուն առանձնապես կողմ չլինելով հանդերձ, հասարակության մի զգալի հատվածը նաեւ չի կարողանում կողմնորոշվել այլընտրանքի ընտրության հարցում եւ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ ընդդիմության թեկնածուները մեկը մյուսից լավն են, այլ՝ պարզապես որպես նախագահացուներ տակավին կայացած եւ վստահելի չեն: Եվ նախագահի մեզ հայտնի թեկնածուներից ոչ ոք չի կարող հաստատ պնդել, թե ինքը, նույնիսկ՝ արդար ընտրություններում, Ռ.Քոչարյանին հաղթելու միանշանակ ռեսուրս ունի: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորման ներսում որոշակի տարակարծություն կա մասնավորապես միասնական թեկնածուի խնդրում, պետք է արձանագրել, որ այսօր քաղաքական դաշտում ստեղծվել է կատարյալ անհեթեթ իրավիճակ: Այս տեսակետին միանշանակ համաձայնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը, որի կարծիքով՝ այսօր նախագահի թեկնածուներից մեկը Քոչարյանն է, որ հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, մյուսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որն առայժմ լռում է: Ինչ վերաբերում է «16»-ի միավորմանը, որն առայժմ մտադիր է միասնական թեկնածուով հանդես գալ, ապա, Ա.Ենոքյանի կարծիքով, այն մեկ ամսվա ընթացքում կտրոհվի՝ ներսում ամբիցիոզ մարդկանց մեծ քանակության պատճառով, «որոնցից ամեն մեկը «միասնական թեկնածու» ասելով իրեն է պատկերացնում»: Ասել է թե, եթե «16»-ը նույնիսկ տրոհվի, այնուամենայնիվ, կմնան հավանական թեկնածուներ Ռ.Քոչարյանը, Լ.Տեր-Պետրոսյանն ու առայժմ «16»-ի կազմում գործող 7-8 թեկնածուներ, որոնց թվում Ա.Ենոքյանը նշեց Վազգեն Մանուկյանին, Արտաշես Գեղամյանին, Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին, ենթադրաբար՝ Արամ Կարապետյանին, Արշակ Սադոյանին եւ այլոց: Ի դեպ, հիշյալ միավորման մասին: Դատելով այնտեղ հավաքված ուժերից ու նրանց լիդերների կողմնորոշումից, տպավորություն կա, որ այնտեղ, կարծես, հատուկ հավաքվել են ռուսամետ ուժեր: Արդյո՞ք դա պատահականություն է, թե Ռուսաստանը դրանում որոշակի դերակատարություն ունի: «Այդ տպավորությունը միարժեք է եւ պատահական չէ: Կարծում եմ, այդ միավորումն ավելի շատ ռուսական ակտիվ միջամտությամբ է ստեղծվել, եւ հատկապես ռուսամետ ուժերն էին հետամուտ դրան եւ նպաստեցին դրա ձեւավորմանը: Առաջինը, իհարկե, Աշոտ Մանուչարյանն է՝ իր հինգ ու վեց կուսակցություններով: Միավորման ներսում կան տարբեր ռանգի կոմունիստներ, գումարած՝ մոսկվացի դոկտորներ գտած ՍԻՄ-ը, դեպի Մոսկվա նայող Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը եւ ռուսական լուրջ լիցք պարունակող «Հանրապետություն» կուսակցությունը»,- մասնավորեցրեց Ա.Ենոքյանը: Իսկ, ըստ նրա, դա Ռուսաստանի ինչի՞ն է պետք: «Գուցե դա նրա սկսած խաղի տարրերից մեկն է, թերեւս, ԱՄՆ-ին ցույց տալու համար, որ ինքը դեռ կարող է Հայաստանի ներքաղաքական կյանքում անգամ ազդեցություն ունենալ, իրավիճակ սրել, ալյանսներ ձեւավորել եւ այլն: Միաժամանակ, չեմ կարծում, թե նրանք վստահ են, որ այդ միավորումը երկար կապրի: Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ այնտեղ գրազ են եկել, թե ի վիճակի են Հայաստանում նույնիսկ քաղաքական ալյանս ձեւավորել»: Գուցե, մենք թերագնահատո՞ւմ ենք Ռուսաստանի դերն այդ իմաստով, իսկ իրականում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ընդհուպ՝ մինչեւ նախագահի ընտրությունը, Ռուսաստանի կեցվածքը վճռորոշ կարող է լինել, առավել եւս, որ ընդդիմության հավանական թեկնածուների թվում կան մարդիկ, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի նաեւ պաշտոնական շրջանակներում: Վերջերս որպես այդպիսին ներկայացավ նաեւ մեկ այլ հավանական թեկնածու՝ Արամ Կարապետյանը: «Չեմ կարծում, թե այդպիսի գործընթացներ հնարավոր են»,- բացառեց քաղաքագետը: Ըստ նրա, Ռուսաստանի դերակատարությունն այդ հարցում գերագնահատելը նույնիսկ հիշյալ ուժերի՝ Ռուսաստանի նկատմամբ անսահման սիրո արդյունք չէ: Նրանք պարզապես միայն դեպի հյուսիս տանող ճանապարհը գիտեն, որովհետեւ կաղապարված են: «Մյուս կողմից՝ Ռուսաստանից եկողները բոլորը քաղաքագիտության դոկտորներ են. խասյաթ է: Ժամանակին էլ որքան տառաճանաչ մարդ գնում էր գյուղ՝ բոլորը նրան «պրոֆեսոր» էին ասում: Իսկ ավելի լուրջ, Ռուսաստանն, իհարկե, որոշակի հավակնություններ ունի, բայց դրա համար ո՛չ քաղաքական, ո՛չ ֆինանսական ռեսուրսներ չունի: Իսկ հայերի անսահման սերը դեպի Ռուսաստանը նաեւ ական է նախ՝ մեր, հետո՝ Ռուսաստանի համար»,- նկատեց նա: Վերջինիս կարծիքով դրսից նախագահի թեկնածու՝ Արկադի Վարդանյան, Արամ Կարապետյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արմեն Սարգսյան եւ այլն, որոնելու բարդույթի պատճառն այն է, որ ներսի քաղաքական գործիչներից հասարակությունը հիասթափվել է, չի հավատում, չի վստահում, ու բոլորին թվում է, որ եթե թեկնածուն դրսից է եկել, ուրեմն վարկաբեկված չէ կամ հաստատ շատ խելոք բաներ գիտի: «Այդ բարդույթը չկարողացանք հաղթահարել, որովհետեւ անկախության տարիներից ի վեր ինչ-որ խորը գաղտնիության ու խորհրդավորության, սպասումի մթնոլորտ է տիրում, որ ահա՝ ինչ-որ մեկը մի շատ խելոք բան գիտի ու եթե կոճակը սեղմի՝ հարցեր կլուծվեն: Սովորաբար այդ ինչ-որ մեկը Ա. Մանուչարյանն է լինում, որի մոտ ժամանակ առ ժամանակ հիպերխելոքության առկայծումներ են լինում: Գոյություն ունի նորմալ պրոցեսների ընթացք, որին կարող ես դիմադրել մի քանի րոպե, բայց ոչ ավելի: Իսկ այդ պրոցեսները Հայաստանին անխուսափելիորեն հեռացնելու են Ռուսաստանից»: Ինչ վերաբերում է ռուսական կողմնորոշում ունեցող միավորման մեջ Վազգեն Մանուկյանի հայտնությանը, ապա, ըստ մեր զրուցակցի՝ «Նա մտածում է, որ ինքն այդ բոլորի մեջ ամենալուրջ քաղաքական գործիչն է եւ ուզում է բոլորին օգտագործել նախագահ դառնալու համար: Այսօր «16»-ի շրջանակներում ընտրվելու ռեալ հնարավորություններ ունեցող որեւէ գործիչ չկա: Կան մարդիկ, ովքեր վստահաբար կարող են 10-15 տոկոս հավաքել լավ աշխատանքի դեպքում, բայց «16»-ի շրջանակներում վերջիններս նույնիսկ այդքանը չեն կարող հավաքել. իրար կխանգարեն: Ինչ վերաբերում է Վ. Մանուկյանին, ապա՝ նրա գնացքը վաղուց գնացել է, ինքն էլ թռել է այդ գնացքից»: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանն ու շրջանառվող այն կարծիքին, թե վերջինիս չընդունելու դեպքում հասարակությունը պետք է հասկանա, որ դատապարտված է մեխանիկորեն ընտրելու Քոչարյանին, Ա.Ենոքյանը նկատեց. «Դրա մեջ մեծ ճշմարտություն կա, որովհետեւ նույն այդ «16»-ի դաշինքում եղած բոլոր ուժերն անխտիր ինչ-որ փուլում համագործակցել են Քոչարյանի հետ: Կարելի է նույնիսկ ենթադրել, որ նրանց բոլորին այսօր խաղի մեջ է մտցրել հենց Ռ.Քոչարյանը, քանի որ, նրանց առաջադրումից նրա ընտրազանգվածը չի պակասելու: Ընդդիմության բոլոր թեկնածուները ձայներ են խլելու մեկը մյուսից, Լ.Տեր-Պետրոսյանից, եթե նա, իհարկե, առաջադրվի: Քոչարյանի ընտրազանգվածը հայտնի է՝ որոշակի ծագում ունեցող մարդիկ, բյուրոկրատիան ու նրանց հարազատ-բարեկամները»: Միաժամանակ Ա.Ենոքյանը չբացառեց այն հնարավորությունը, որ Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում՝ նույն այդ բյուրոկրատիան, ի վերջո, գոնե կիսով չափ, բայց կարող է նաեւ ծանրութեթեւ անել Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ եւ կանգնել վերջինի ընտրության վրա: «Ինձ թվում է, Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի: Դա գուշակելու հարց չէ: Եթե նայում ենք քաղաքական դաշտին, տեսնում ենք, որ նա մյուսներից ոչ պակաս հնարավորություններ ունի, իսկ այդ դեպքում զուտ քաղաքական տեսանկյունից սխալ կլինի չառաջադրվել: Հնարավոր է, որ նա չառաջադրվելու ինչ-ինչ անձնական շարժառիթներ ունենա, բայց դա արդեն քաղաքականությունից դուրս է»,- հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել