Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ե՛Վ ՉՈՐՈՎ, Ե՛Վ ԹԱՑՈՎ

Սեպտեմբեր 12,2002 00:00

Ե՛Վ ՉՈՐՈՎ, Ե՛Վ ԹԱՑՈՎ Իրականությո՞ւն է, որ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը երկընտրանքի առջեւ է կանգնեցրել 16-ի միավորմանը՝ վերջնագիր ներկայացնելով նրանց։ Համենայն դեպս, 16 կուսակցություններից մեկի՝ անանուն մնալ գերադասող ներկայացուցիչը հայտնել էր մամուլին, թե Արտաշես Գեղամյանը հարցը «չորով» է դրել՝ կա՛մ միասնական թեկնածուն ինքն է, կա՛մ «Ազգային միաբանությունն» առանձին է գնում ընտրությունների։ Պարզաբանման խնդրանքով դիմեցինք պրն Գեղամյանին. «16-ի համագործակցության քաղաքական հայտարարության առանցքն են 3 հիմնարար խնդիրներ, որոնք պետք է լուծեն այդ կուսակցությունները։ Առաջինն ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումն է, երկրորդը՝ միասնական ծրագրի, երրորդը՝ միասնական թեկնածուի հարցը։ Հիմա վերլուծենք, թե «Ազգային միաբանությունը» հայտարարությունն ընդունելուց ի վեր ինչ է հասցրել անել։ Մենք արդեն իսկ ներկայացրել ենք Հայաստանում համընդհանուր ճգնաժամի հաղթահարման ծրագիր։ 15 կուսակցություններին, որոնց հետ համագործակցում ենք, դիմելու ենք խնդրանքով՝ ամենայն ուշադրությամբ, բծախնդրությամբ եւ քննադատական տեսանկյունից թող վերլուծեն այդ ծրագիրը եւ 15 օրվա ընթացքում հայտնեն մեզ իրենց բոլոր դիտողությունները, առաջարկությունները եւ սկզբունքային անհամաձայնությունները։ Դրանից հետո, հաշվի առնելով այդ ամենը, այս ծրագիրը մենք կքննարկենք «Ազգային միաբանություն» կուսակցության հերթական 3-րդ համագումարում, որն իրավասու է ընդունել որոշում՝ հաստատել այդ ծրագիրը եւ առաջարկել, թե ում են վստահում այն կյանքի կոչելու համար ներկայացնել համաժողովրդական դատարանին՝ նախագահական ընտրություններին։ (Կարծես կանխատեսելի չէ, որ «Ազգային միաբանություն» կուսակցությունն իր համագումարով ընտրություններում թեկնածու Ստեփան Դեմիրճյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին չէ, որ կառաջադրի.- Ա. Ի.)։ Դրանից հետո նոր Արտաշես Գեղամյանը եւ իր գործընկերները կկարողանան այդ հարցը «չորով» կամ թացով դնել քննարկման։ Ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների առնչությամբ. գաղտնիք չէ, որ այդ տեսանկյունից ընտրությունների անցկացման վրա անմիջական ազդեցություն ունեն 16-ից միայն 4 կուսակցություններ՝ «Ազգային միաբանությունը», Կոմկուսը, ԱԺՄ-ն եւ ՍԻՄ-ը, որոնք իրենց ներկայացուցիչներին լիազորել են թե՛ ԿԸՀ, թե՛ տարածքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովներ։ Մյուս 12 կուսակցությունները, համաձայն նոր «Ընտրական օրենսգրքի», ցավոք, չեն ունեցել այդ հնարավորությունը։ Ուստի այս հարցում նույնպես մենք խոսելու ենք առաջատար դիրքերից։ Քաղաքական հայտարարության մեջ ներառված 3 հիմնական հարցերից 2-ի շուրջ մենք հետեւողականորեն արել ենք գործնական քայլեր եւ փոքր-ինչ առաջ ենք ընկել մյուս կուսակցություններից՝ օրինակ ծառայելով վերջիններիս։ Եվ ցավոք, փոխանակ ողջունեն եւ իրենք էլ փորձեն դրսեւորել համաքայլ գործողություններ՝ թացի եւ չորի պատմություններ են անում։ Թե ինչու է այս ամենն այդքան դյուրագրգիռ դարձրել մեր գործընկերներին՝ չգիտեմ։ Հիմա չեմ ուզում ասել, որ պրն Քոչարյանի մատն է խառը։ Բայց զարմանք է առաջացնում այն, որ ընդդիմադիր թերթն այսօր ջուր է լցնում իշխանական ջրաղացին։ Փոխանակ ամենալուրջ խնդրի՝ երկիրն այս մղձավանջից դուրս բերելու միասնական ծրագրի շուրջ ծավալեն բանավեճ՝ այն իջեցվում է պարզունակ, անձնական, անհատների միջեւ հարցեր պարզելու մակարդակին, որը վաղը հնարավորություն կտա պրն Քոչարյանին սպասարկող բազմաթիվ թերթերին ասել՝ «Ա՛յ, տեսե՛ք, այս 16-ը հավաքվել են, որ պարզեն՝ ով է ավելի գեղեցիկը, բարձրահասակը եւ թիկնեղը, եւ ոչ թե այնտեղ իսկապես մրցում են լուրջ ծրագրային հիմնադրույթների շուրջ»։ Մենք փորձում ենք հարցերը քննարկել այդ մակարդակի վրա եւ, ավաղ, մեր գործընկերների կողմից դա դեռ չի արժանանում ցանկալի ըմբռնման»։ Ի սկզբանե դրսեւորված այս միտումները սպառնալիք չե՞ն ստեղծել, որ այսքան արագ վտանգվի միավորման ապագան՝ առնվազն 16-ի ձեւաչափով։ «Հակառակը,- պատասխանեց Արտաշես Գեղամյանը։- Սա հնարավորություն կընձեռի բոլոր այն կուսակցություններին, որոնք ներդրված են 16-ի մեջ՝ բացահայտվել ի սկզբանե։ Եվ ոչ թե անվերջ շարունակվե՜ն, շարունակվե՜ն այս անպտուղ բանավեճերը, ու մեկ էլ, ասենք, դեկտեմբերին պարզվի, որ ոչ միասնական ծրագիր կա հրապարակում, ոչ էլ միասնական թեկնածու։ Դա նույնպես այսօրվա իշխանությունների՝ հեռուն գնացող ու մտածված խաղն է, որին տուրք են տալիս, ցավոք, նաեւ ընդդիմադիր թերթերը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30