Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհը նոր ջրհեղեղի վտանգի առաջ

Սեպտեմբեր 11,2002 00:00

Աշխարհը նոր ջրհեղեղի վտանգի առաջ Դեռեւս թարմ են եւ չեն էլ մոռացվի անցած ամառ աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած ահավոր ջրհեղեղները, սելավներն ու սողանքները, որոնք հարյուրավոր մարդկային կյանք խորտակեցին, մեծ ավերածությունների պատճառ դարձան։ Շատերը գտնում են, որ մարդկության մեղքերի համար է Աստված իր զայրույթը թափում երկրի վրա, դրանով զգուշացնելով բոլորին նոր, համակործան աղետների սպառնալիքի մասին։ Այդպես է, թե ոչ, բայց ավերիչ ջրհեղեղները կամ այլ աղետները ներկա պայմաններում հաճախակի են տեղի ունենում եւ ապագայում էլ՝ ավելի կշատանան, եթե մարդկության կողմից համապատասխան կարգավորիչ եւ կանխարգելիչ միջոցառումներ չիրականացվեն։ Արդեն մեծ չափերի են հասել երկրագնդի մթնոլորտի տեւական տաքացումները ջերմային արհեստական աղբյուրներով, ինչի հետեւանքով օդի ջերմաստիճանը բարձրացել է 1-2 աստիճանով։ Բացի դրանից, այն աղտոտվել է թունավոր գազերով ու փոշիներով, որոնք հետեւանք են միջուկային փորձարկումների, տիեզերական թռիչքների եւ պատերազմական գործողությունների։ Անտառհատումները եւ բուսածածկ այլ տարածքների կրճատումները, հրդեհները պակասեցրել են թթվածնի վերարտադրման բնական համաչափությունը։ Մեծ չափով խախտվել են ջրային ավազանների ռեժիմները եւ ջրերի բաղադրությունը։ Երկրագնդի կլիմայի խոհանոցը, ինչպես ասում են, համաշխարհային օվկիանոսն է։ Այստեղ են ձեւավորվում եւ կարգավորվում մթնոլորտային բոլոր երեւույթները՝ գոլորշիացում, տեղումներ, քամիներ եւ փոթորիկներ, ինչպես նաեւ ահեղ ցունամիներ։ Օդի ջերմաստիճանի ներկայիս չնչին բարձրացումն անգամ բերել է մթնոլորտային անոմալ երեւույթների առաջացման։ Իսկ եթե այն մի փոքր էլ ավելանա, ապա կործանարար կդառնա մարդկության, կենդական եւ բուսանական աշխարհի համար։ Նախ կսկսվեն հալչել Հյուսիսային եւ Հարավային բեւեռների՝ շուրջ 24 մլն խկմ ծավալի հասնող սառցադաշտերը, ինչի հետեւանքով երկրի մակերեսը կծածկվի մոտ 50մ հաստության ջրային շերտով, իր տակ առնելով ցամաքային ցածրադիր տարածքների զգալի մասը։ Լեռնային բարձրադիր վայրերում փրկված մարդկության, կենդանական եւ բուսական աշխարհի վիճակը կդառնա ծանր ու օրհասական, քանի որ կտրուկ կփոխվեն եւ զգալիորեն կդժվարանան նրանց գոյատեւման կենսապայմանները։ Իսկ մինչեւ նորից ամեն ինչ իր բնական հունի մեջ ընկնի, հարյուրամյակներ կամ հազարամյակներ կանցնեն եւ ոչ մի կենդանի շունչ չի մնա երկրագնդի վրա կամ էլ իրենց գոյությունը քարշ կտան բնական աշխարհի դեգեներատ փոքրաթիվ ներկայացուցիչները։ Որպեսզի նման մռայլ ու մղձավանջային պատկերներն իրականություն չդառնան, անհրաժեշտ է ընդունենք, հարգենք ու պահպանենք մեր բնաշխարհը, չփորձենք խախտել նրա համաչափությունը եւ լավագույնս համակերպվել ու օգտվել նրա ստեղծած ու պարգեւած բարիքներից։ ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել