ՌՈՆԱԼԴՈՆ ՎՆԱՍՆԵՐ Է ԿՐԵԼՈՒ Ռոնալդոյի՝ «Ինտերից» «Ռեալ» տեղափոխվելու հետ կապված պատմություններն ավարտվելուց հետո լրագրողներն սկսել են զբաղվել ակումբը փոխելու հետեւանքով «Ճագարիկի» կրելիք վնասները հաշվելով։ Հիմա ֆենոմենի տարեկան աշխատավարձը կազմելու է 10 մլն եվրո, մինչդեռ «Միլանում» 12,6 մլն էր։ Նույնքան գումար են ստանում նաեւ Ֆիգուն ու Զիդանը։ Հետեւաբար, չորս տարում, այդ ժամկետն է նախատեսված նոր պայմանագրով։ Ռոնալդոն կկորցնի ավելի քան 10 մլն եվրո։ Հատկանշական է, որ «Ճագարիկը» համաձայնել է փոխհատուցել 2 մլն-ի հասնող տարբերությունը, որ գոյանում է «Ինտերի» հովանավոր «Նայքի» հետ պայմանագիրը կրելուց հետո։ Այժմ Ռոնալդոն ակամա ստիպված է լինելու գովազդել «Ադիդասը», որն արքայական ակումբի հովանավորն է։ Բայց սա էլ վերջը չէ։ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստների համար նոր կարգ է սահմանել, համաձայն որի, որեւէ բան գովազդելուց ստացվելիք գումարի հիսուն տոկոսը պետք է մտնի ակումբի դրամարկղ։ Ճիշտ է, դա չի վերաբերելու Ռոնալդոյի՝ մինչ այդ ստանձնած գովազդային գործունեությանը։ Իսկ այդպիսիք քիչ չեն։ Բավական է հիշել, որ նույն «Նայքը» ժամանակին Ռոնալդոյի հետ ցմահ պայմանագիր է ստորագրել, որը վերջինին տարեկան 3 մլն եվրոյի եկամուտ է բերում։ «Ճագարիկը» քիչ չի վաստակում նաեւ բրազիլական «Բրախմա» գարեջուրը, «Պարմալաթ» ֆիրմայի կաթնամթերքը, «Պիրելի» ավտոդողերը, ինչպես նաեւ բրազիլական «Գուարանա» զովացուցիչ ըմպելիքը գովազդելու համար։