Կրքեր՝ Պանկիսի կիրճի շուրջ Սկզբում Շեւարդնաձեն մեղադրեց Ռուսաստանին՝ ռազմական ինքնաթիռներով Պանկիսի կիրճի տարածքը ռմբակոծելու համար։ ՌԴ-ն պաշտոնապես կոշտ հերքեց այդ մեղադրանքները, իսկ ռուսական մամուլում հայտնվեց այն վարկածը, որ կիրճը ռմբակոծել են հենց վրացական ինքնաթիռները, որոնք հատուկ ներկված են եղել իբրեւ ռուսական։ Ըստ որում, թերթերում նույնիսկ նշվում էր վրացի օդաչուներից մեկի ազգանունը եւ ինքնաթիռի իրական համարը։ Իսկ «Վեստիի» թղթակիցը հարցազրույց վերցրեց Մառնեուլիի ռազմական օդանավակայանից ոչ հեռու գտնվող մի խումբ հովիվներից, որոնք փաստեցին, որ իսկապես, այդ օրը տեսել են օդանավակայանից բարձրացող այդ տիպի ինքնաթիռ։ Իրավիճակը շիկանում է։ Հիշեցնենք, որ Պանկիսի կիրճի տարածքից բազմիցս չեչենների զինված խմբավորումներ են ներխուժել Չեչնիա եւ փորձել ապակայունացնել վիճակը սահմանամերձ շրջաններում։ Եվ բազմաթիվ անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարարը եւ ինքը՝ նախագահ Պուտինը, առաջարկել են Վրաստանին ռազմական օգնություն՝ Պանկիսի կիրճում տեղակայվող չեչենների զինված խմբավորումների ոչնչացման գործում։ Սկզբում Վրաստանի քաղաքականությունը կտրականապես մերժում էր նման խմբավորումների առկայությունը Պանկիսի կիրճում, այնուհետեւ՝ համաձայնեցին, որ այդպիսիք կան։ Շեւարդնաձեն նույնիսկ հանդիպեց չեչեն ահաբեկիչների ղեկավարներից մեկի՝ Ռուսլան Գիլաեւի հետ եւ անվանեց նրան «կրթված մարդ» (հիշեցնենք, որ խոսքը գնում է ինտերպոլով փնտրվող հանցագործի մասին)։ Դրանից հետո այդ «կրթված մարդը»՝ զինված չեչենների մեծ ջոկատով, փորձեց (ենթադրաբար՝ Շեւարդնաձեի խնդրանքով) գրավել Աբխազիան, ինչն, իհարկե, առաջացրեց Ռուսաստանի զայրույթը։ Վերջին շրջանում Վրաստանը վերջապես ընդունեց, որ Պանկիսի կիրճը պետք է վերցնել հսկողության տակ, բայց Շեւարդնաձեն հայտարարեց, որ Վրաստանն ի զորու է առանց Ռուսաստանի մինչեւ վերջ լուծել այդ խնդիրը։ Պուտինն իր հերթին հիշեցրեց հարցի նախապատմությունը եւ հույս հայտնեց, որ Վրաստանի գործողությունները չեն լինի զուտ ցուցադրական եւ կտան իրական արդյունք։ Հուսալ, իհարկե, կարելի է։ Սակայն, ինչպես եւ կարելի էր ենթադրել, վրացական կողմի անցկացրած «հակակրիմինալ» օպերացիան իմիտացիայի բնույթ ուներ։ «Վեստին» դիպուկ անվանեց այն «ռազմասպորտային բեմադրություն»։ Վրացական զինված կազմավորումները մտան Պանկիսի կիրճ, երբ նախապես զգուշացված չեչենների ջոկատները, բնակիչների վկայությամբ, վաղուց արդեն գտնվում էին սարերում։ Այնտեղ, իհարկե, նրանց ոչ ոք չփորձեց հետապնդել։ Պարզ չէ, թե ո՞ւմ էին ուզում խաբել։ Եթե Ռուսաստանին՝ ապա դա չի հաջողվել եւ հակառակը, ռուսների հակակրանքն ավելի է աճել։ Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը «իմիջիայլոց» հիշեցրեց, որ Թբիլիսիի հսկողության տակ չեն գտնվում ոչ միայն Պանկիսի կիրճը, այլեւ Հարավային Մսխեթիան ու Աբխազիան, մասամբ՝ Աջարիան, Մենգրելիան եւ Սվանեթիան։ Հասկանալի չէ, թե ինչի վրա է հույսը դրել Վրաստանը եւ ինչ խաղ է խաղում։ Եթե հույսը ԱՄՆ-ի վրա է կամ, եթե անգամ կատարվում է վերջինիս պատվերը՝ դժվար է պատկերացնել, որ առկա միջազգային իրավիճակում ԱՄՆ-ն Վրաստանի պատճառով կոնֆլիկտի մեջ մտնի Ռուսաստանի հետ։ Հիմա նախագահ Բուշի մտքին Իրաքի դեմ (բոլորովին անիմաստ) պատերազմ է, իսկ այդ գործում աջակիցները կտրուկ պակասում են։ Միգուցե հենց դրա վրա է հույսը դնում Վրաստանի նախագահը։ Նորագույն վրացերենով (կամ նորագույն հայերենով) ասած՝ «մեյբի»։ Չնայած պարզ չէ, թե ինչքանով կօգնի ԱՄՆ-ին Վրաստանի աջակցությունը։ Մինչդեռ ամերիկյան մամուլը նույնպես համարեց գործողությունները Պանկիսի կիրճում իմիտացիոն։ Պուտինը պաշտոնական ուղերձ հղեց Վրաստանի ղեկավարությանը, մի անգամ եւս օգնություն առաջարկելով այդ խնդրում եւ անմիջապես մերժում ստացավ Շեւարդնաձեից։ Ռուսները, մեղմ ասած, զայրացած են։ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Աջարիայի ղեկավարները հասկացնել են տվել, որ այս հարցում Ռուսաստանի կողմում են։ Ռուսաստանը Վրաստանից պահանջեց վերադարձնել պարտքը էներգակիրների համար (ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար)։ Իսկ Ռուսաստանի դատախազությունը մտադիր է գործ հարուցել Շեւարդնաձեի դեմ այն բանի համար, որ ԽՍՀՄ արտգործնախարար եղած ժամանակ նա ստորագրել է, այսպես կոչված, «Բեյկեր-Շեւարդնաձե» ծովային պայմանագիրը՝ գերազանցելով իր իրավասությունները։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ