Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատում կարող են հանգիստ քնել

Սեպտեմբեր 11,2002 00:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արարատում կարող են հանգիստ քնել Բանաստեղծը եւ մեքենագրուհին հանրության համար վտանգավոր չեն Երեկ երկու ժամ ուշացումով Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը սկսեց իր հերթական նիստը։ Քննության էր դրված ինքնուս բանաստեղծ Ջանիկ Ադամյանի եւ նրա ստեղծագործությունը մեքենագրած Ջեմմա Սահակյանի քրեական գործը։

Մեղադրող Հմայակ Հակոբյանը ներկայացնելով մեղադրական եզրակացությունը, հանգեց այն եզրակացության, որ գործի քննության ընթացքում գտնվելով ազատության մեջ, Ջանիկ Ադամյանն ու Ջեմմա Սահակյանը ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել, նրանց կատարած գործողությունները լուրջ հետեւանք չեն առաջացրել։ Եվ որ ամենակարեւորն է, «ներկա պահին ամբաստանյալների անձը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց»։

Վկայակոչելով քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի 3-րդ մասը, նա հայտարարեց երկու «ամբաստանյալի» նկատմամբ քրհետապնդումն իրականացնելուց հրաժարվելու մասին եւ միջնորդեց կարճել քրգործի վարույթը «իրադրության փոփոխության հետեւանքով»։

Մեղադրողը միջնորդեց նաեւ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնելու։ Արարատի մարզում կարող են այլեւս հանգիստ քնել, քանի որ հայտնաբերված պայթունավտանգ գրվածքները (պետական կարգը սասանող) թողնվեց քրեական գործում։

Տեղեկացնենք, որ իրեղեն ապացույց ճանաչված Ջեմմա Սահակյանի գրամեքենան կհանձնվի սեփականատիրոջը։ Իբրեւ մեղմացուցիչ հանգամանք մեղադրողը բերեց այն, որ երկու ամբաստանյալները նախկինում դատված չեն եղել, մասնակցել են Արարատի հասարակական կյանքին եւ եղել են ակտիվիստներ։

Մեղադրողի միջնորդությունից հետո դահլիճում լսվեցին ծափեր, ինչը ակնհայտ զայրացրեց Ջ. Սահակյանի պաշտպան, փաստաբան Վովա Հախվերդյանին. «Այսինքն այդ մարդիկ ինվալիդ մարդի՞կ են, ի վիճակի չե՞ն իրենց կարծիքը հայտնելու»։ Իր «վերջին խոսքով» հանդես եկավ Ջեմմա Սահակյանը։ Նա ասաց, որ որպես հայ կին չորս օր գտնվել է մեկուսարանում եւ իրեն վիրավորված է զգում։ Ո՞վ պետք է պատասխան տա իր տղային, որ Ղարաբաղից նոր էր վերադարձել զինծառայությունից, որ այդ 4 օրը գտնվել է մեկուսարանի պատերի տակ։ Ո՞վ պետք է պատասխանի իր աղջկան, որն այս դեպքերի հետ կապված անընդհատ ջերմում է։ «Պահանջում եմ, որ ինձ արդարացնեն ոչ թե խղճալով, այլ որ ես մեղավոր չեմ»,- ասաց նա։

Բանաստեղծ Ջ. Ադամյանը ըստ էության որեւէ բան չասաց, այլ «Առավոտին» փոխանցեց իր չափածո «վերջին խոսքը». Ի սկզբանե պարզ է հիմա, Ցանկացել են ինձ կոտրել, Իմ արարքի հիման վրա Վերեւներում աչք մտնել։ Բայց ես երբեք չեմ կոտրվի, Իմ արարքում վատ բան չկա։ Մարդը պետք է միշտ մարդ լինի, Թե՛ քրդի շուն, թե՛ արքա։ Բանաստեղծի պաշտպան, Հելսինկյան ընկերակցության կողմից Ջ. Ադամյանի պաշտպանությունն իրականացրած Հովիկ Արսենյանը պնդեց, որ վարույթն իրականացրած մարմինը անօրինականությամբ փորձել է իր պատկերացմամբ օրինականություն վերականգնել եւ չեղած հանցագործություն բացահայտել։

«Իմ պաշտպանյալի գործողություններում բացակայում է հանցակազմը, քանի որ ոչ մեկի հասցեին իմ պաշտպանյալը ակնհայտ հերյուրանքներ չի տարածել։ Եթե նույնիսկ իմ պաշտպանյալը նպատակ է դրել հերյուրանքներ տարածել՝ դա չի հաջողվել, պնդում եմ, որ չկա նաեւ ոտնձգության օբյեկտ»։ Նա միջնորդեց քրգործը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Փաստաբան Վովա Հախվերդյանը նկատեց, որ վերջին ժամանակներում լուրջ պրակտիկա է դարձել «խախուտ» գործերը կամ թաղելու, կամ մեկնաբանելու, թե իրադրության փոփոխություն է եղել։ Նա հիշեց «Վահան Հովհաննիսյան + 30» գործը. «Ի՞նչ կատարվեց, քաղաքականությունից հեռացան, նախկին իշխանությունների դեմ թշնամանքը վերացավ, իրադրության փոփոխությունից հետո նրանց ուղարկեցին պալատներ»։ Նա վիրավորական համարեց առհասարակ այս գործը դատարան ուղարկելը։ Ողջ դատական պրոցեսին ընդամենը երկու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ էին մասնակցել՝ Հելսինկյան ընկերակցության եւ «Տանիք» հասարակական կազմակերպության։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30