Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 11,2002 00:00

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԵՆ Հնարավո՞ր է, արդյոք, դպրոցը հեռու պահել քաղաքականությունից Նախընտրական թոհուբոհի մեջ վերջերս նկատելիորեն մեծացել է դպրոցների դերակատարությունը: Եվ անկախ նրանից՝ դպրոցն ուզում է ներքաշվել քաղաքականության մեջ, թե ոչ, երբեմն ակամայից դառնում է գործիք այս կամ այն թեկնածուի ձեռքին: Բնականաբար, գործընթացն սկսվում է տնօրեններից, քանի որ տվյալ տարածքում տնօրենն իր հազարավոր աշակերտների ծնողների հետ գործ ունի եւ հանրությանն անհայտ որեւէ թեկնածու առաջին հերթին դպրոցների տնօրենների միջոցով կարող է հայտնի դառնալ: Իսկ այս դեպքում միջոցները շատ են: Օրինակ, այս տարի Կենտրոն համայնքի բոլոր դպրոցների առաջին դասարանցիներին թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը ցուցադրաբար գրենական պիտույքներ հանձնեց: Դրանք կարելի է ընտրակաշառք չհամարել միայն Կենտրոն համայնքից դուրս գտնվող այն դպրոցների համար, որտեղ նա սխալմամբ էր գնացել: Հավանաբար, նոր թեկնածուն դեռ չի հասցրել տարածքին ծանոթանալ: Ի դեպ, նա դեռ չի տիրապետում նաեւ թաղապետարանի հաստիքներին, ու իր թիմից մի քանի հոգու միաժամանակ խոստացել է տրանսպորտի վարչության պետի պաշտոնը: Սակայն նման վարչություն թաղապետարանում ընդհանրապես չկա: Որոշ վարչությունների պետի պաշտոնի համար էլ թեկնածուի թիմում թեժ մրցույթ է: Վերադառնալով մեր թեմային, նշենք, որ շատ տնօրեններ, բոլորովին չցանկանալով դպրոցը ներքաշել քաղաքականության մեջ, երբեմն հայտնվում են երկու քարի արանքում. քաղաքապետարանը պաշտպանում է Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը, որովհետեւ դա վերեւներից եկող պահանջ է, սակայն, միեւնույն ժամանակ, չգիտեն, թե վաղն այդ նոր թաղապետը կթողնի՞ իրենց նույն տեղում, թե՞ իր թիմին տնօրենի պաշտոն էլ է խոստացել: Այստեղ հիշենք ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանի՝ իր վերջին ասուլիսում ներկայացրած մի գյուղի (անունը չնշվեց) օրինակը, որտեղ դպրոցի տնօրենը «աշխատել էր» նոր գյուղապետի համար, ապահովել նրան անհրաժեշտ ձայների քանակը, սակայն ընտրություններից հետո նոր գյուղապետը աշխատանքից ազատել էր այդ տնօրենին՝ նրա փոխարեն բերելով իր բարեկամ-հարազատներից մեկին: Նույնը, մեղմ ասած, չի բացառվում նաեւ մայրաքաղաքում, մանավանդ որ նույնիսկ մանկապարտեզի տնօրենների համար էլ այսօր 1000 դոլարով (լավագույն դեպքում) հերթի կանգնածներ կան: Իսկ վերջին 4 տարիների ընթացքում Կենտրոնի դպրոցներում ու մանկապարտեզներում անգամ հավաքարար չի փոխվել: Փոխնախարարը նաեւ նշեց, որ պետք է դպրոցները զերծ լինեն անգամ ընտրատեղամաս լինելուց: Այստեղ նշենք, որ ընտրական օրենսգիրքը ոչ արգելում եւ ոչ էլ պարտադրում է դպրոցը ընտրատեղամաս դարձնել: Այնտեղ նշված է, որ ընտրատեղամասերը համայնքներում կազմավորում են տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի ղեկավարն ինքն է ընտրում տեղամասային կենտրոնը, որը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին եւ տներին: Փաստորեն, միայն դպրոցներն ու մանկապարտեզներն են համապատասխանում օրենքի այս պահանջներին: Նույնիսկ կան համայնքներ, որտեղ մի դպրոցին 2 տեղամաս է բաժին ընկնում: Հատկապես անընդունելի է մանկապարտեզը տեղամաս դարձնելու հանգամանքը, քանի որ մասնագետները պնդում են, որ այդպիսով խախտվում են սանիտարական նորմերը. առանց այն էլ՝ ցանկացած կողմնակի անձի մուտք մանկապարտեզ՝ արգելվում է: Այսպիսով, այս տարի եղան առաջին դասարանցիներ, որ կոշիկ չունեին, կամ մի կերպ էին հագուստ ճարել առաջին օրվա համար, բայց փոխարենը ունեցան երկու պայուսակ ու լիքը գրենական պիտույքներ: Մինչդեռ միայն Կենտրոն համայնքն ունի 300 հաշմանդամ, ծնողազուրկ եւ բազմանդամ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ, որոնց ցուցակները նախօրոք ճշտելով՝ բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ, Կենտրոն համայնքը արդեն 3 տարի օգնում է այս երեխաներին: Ընդհանուր առմամբ, համայնքի դպրոցներին այս տարիների ընթացքում 4 միլիոն դրամի օգնութjուն է տրվել՝ հենց համայնքի բյուջեից: Այս տարի, ի դեպ, ճշտեցինք, որ Կենտրոն համայնքը դպրոցներին ոչ մի օգնություն չի հատկացրել, որպեսզի ընտրակաշառք չդիտվի ու քաղաքական շահարկումների առիթ չդառնա: Թե երբ է նվիրատվությունը կաշառք եւ ով ինչպես է ներքաշվում այս գործերի մեջ՝ մեր առաջիկա համարներում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել