ՀԱԷԿ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը տարբեր բարիկադներո՞ւմ Ի՞նչ լուծումներ կստանան սպասվող հակամարտության հետ կապված թնջուկները Նախորդ տարիներին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու եւ միջուկային վառելիքով վերալիցքավորելու նպատակով կանգնեցվում էր 45 օրով։ Այս տարի ՀԱԷԿ-ի աշխատանքների դադարեցումը նախատեսված է հոկտեմբերի 1-ից։ Ժամկետի փոփոխությունը իր մեջ ռիսկային տարր է պարունակում եւ լուրջ մտահոգությունների տեղիք տալիս։ Պատճառը՝ 2001թ. դառը փորձն է, երբ 45 օրվա փոխարեն հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 40%-ը թողարկող ՀԱԷԿ-ի գործունեությունը դադարեցվեց երեք ամսով։ Ռուսաստանը չէր տրամադրում Հայաստանին խոստացած միջուկային վառելիքը՝ պահանջելով վճարել կուտակած պարտքը։ Տարաձայնությունների համահարթեցումից հետո ձմռան շեմին ՀԱԷԿ-ը վերագործարկվեց, եւ մենք խուսափեցինք էներգետիկ ճգնաժամի մեջ հայտնվելուց։ Սակայն ՀԱԷԿ-ը այդ ձգձգման արդյունքում 300 մլն կիլովատ/ժամ պակաս էլեկտրաէներգիա արտադրեց՝ երկրին 7 մլրդ 500 մլն դրամի վնաս պատճառելով։ Այս տարի եւս միջուկային վառելիքի ստացումը «պրոբլեմային» է լինելու, քանի որ պարզվում է, մենք Ռուսաստանին միջուկային վառելիքի գծով դեռեւս 22 մլն դոլարի չմարած պարտք ունենք։ Դրա ստացումը ձգձգելու պարագայում ՀԱԷԿ-ը լավագույն դեպքում կվերագործարկվի ձմռան ամիսներին, երբ կտրուկ աճում է էլեկտրաէներգիայի սպառումը։ Սա նշանակում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ցուրտ ձմռանը՝ դրանից բխող ծանր հետեւանքներով։ Իսկ այս տարի միջուկային վառելիք չտրամադրելը կապված է լինելու ոչ միայն առկա պարտքով, այլեւ այլ ծանրակշիռ գործոնով։ Հրազդանի ՋԷԿ-ը՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության երկրորդ հիմնական մատակարարը, արդեն պատկանում է Ռուսաստանին։ Եթե ՀԱԷԿ-ի գործող միակ արագացուցիչի հզորությունը 407,5 մեգավատ է, Հրազդանի ՋԷԿ-ի հզորությունը դրանից 2,5 անգամ ավելին է։ Այսինքն, ՋԷԿ-ին տեր դարձած ռուսական ընկերությունը ձգտելու է առավելագույն օգուտ ստանալ ՋԷԿ-ի արտադրած ապրանքից, այն է՝ էլեկտրաէներգիայից։ Ըստ այդմ, ՀԱԷԿ-ը դիտվելու է որպես մրցակից։ Այստեղից՝ ռուսների շահագրգռության հնարավոր թուլացումը ՀԱԷԿ-ը միջուկային վառելիքով ապահովելու հարցում, որը, թերեւս, կարող է արտահայտվել միջուկային վառելիքի պարտքի հարցում առավել անզիջում դիրքորոշում գրավելու տեսքով («կվճարեք՝ կստանաք միջուկային վառելիքը» սկզբունքով)։ Այստեղ միակ մխիթարությունը թերեւս այն կլինի, որ Հրազդանի ՋԷԿ-ին տեր դառնա այն ընկերությունը, որին պատկանում է նաեւ ՀԱԷԿ-ի բաժնետոմսերի 25 տոկոսը (մեր պետությանն է մնացել ՀԱԷԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը)։ Հաջորդ անհարմարությունը ՀԱԷԿ-Հրազդանի ՋԷԿ փոխհարաբերություններում կապվում է տարիներ շարունակ հաստատված գրաֆիկի հետ։ Էլեկտրաէներգիայի նվազ սպառման ամիսներին Հրազդանի ՋԷԿ-ի գործունեությունը գազի խնայողության նպատակով դադարեցվում էր (այս տարվա մայիս ամսից էլ այն չի գործում)։ ՋԷԿ-ը վերագործարկվում էր ՀԱԷԿ-ի աշխատանքների դադարեցումից հետո։ Այնուհետեւ, ձմռան ամիսներին ՀԱԷԿ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը միասին էին աշխատեցվում։ Հասկանալի է, որ ռուսական ընկերությունը, ելնելով իր շահերից, դեմ է լինելու ՋԷԿ-ի գործունեության դադարեցմանը։ Ի՞նչ լուծում է ստանալու այս թնջուկը։ Ավելորդ չէ հիշեցնել այն փաստը, որ 100 մլն դոլարի ռուսական պարտքի դիմաց չորս ձեռնարկություններ Ռուսաստանին հանձնելուց հետո, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ լիովին փակվել է ռուսական պարտքը։ Այդ դեպքում որտեղի՞ց հայտնվեց միջուկային վառելիքի գծով 22 մլն դոլարի «պոչը»։ ՎԱՂԻՆԱԿ ՏԵՐՏԵՐՅԱՆ