Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուշացած քայլ»

Սեպտեմբեր 11,2002 00:00

«Ուշացած քայլ» Ընտրական հանձնաժողովներում «Միասնությանը» հատկացված տեղերի ՀՀԿ-ի կողմից յուրացումն էր թերեւս դարձել վերջին կաթիլը, որ ՀԺԿ-ի համբերությունը հատի, եւ նա որոշի, թե այլեւս որեւէ առումով արդարացված չէ նույն խմբակցության մեջ մնալը։ Եվ ՀԺԿ ցուցակով ընտրված պատգամավորները երեկ հայտարարեցին «Միասնությունից» դուրս գալու մասին։ Նրանք ստեղծեցին իրենց խումբը՝ «Ժողովրդի ձայն» անվանումով (այդպես էր ժամանակին կոչվում ՀԺԿ պաշտոնաթերթը)։ Անհրաժեշտ 10-յակը համալրվեց շնորհիվ «Միասնությանը» չանդամակցած, բայց ՀԺԿ-ական Սմբատ Եղիազարյանի, Մանուկ Գասպարյանի ու Շավարշ Քոչարյանի։ Հնարավոր է համարվում նաեւ Արշակ Սադոյանի անդամակցությունն այս խմբին, բայց նա առայժմ հապաղում է։ Խմբի քարտուղարն է Վարդան Մկրտչյանը, ղեկավարը՝ Գրիգոր Հարությունյանը։ Վերջինից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ միայն այժմ ստեղծվեց այս խումբը, մի՞թե պատճառը միայն անհրաժեշտ պատգամավորների թվաքանակի պակասն էր։ «Ո՛չ,- պատասխանեց պրն Հարությունյանը։- Այս փուլում էր նպատակահարմար։ Մենք միշտ ասում էինք, որ «Միասնությունը» ստեղծել են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, եւ խմբակցության իսկական ժառանգները մենք ենք։ Մտածում էինք, թե գոնե այն բանավոր պայմանավորվածությունները, որ եղել են հանձնաժողովների ձեւավորման եւ այլ խնդիրների վերաբերյալ, ինչ-որ ձեւով գուցե կպաշտպանվեին։ Դա, իհարկե, պատճառներից մեկն է։ Բայց հիմնական պատճառն այն է, որ բազմիցս նաեւ մեր անունից, խմբակցությունը հանդես է գալիս որեւէ նախագծի «կողմ» կամ «դեմ» լինելու դիրքորոշմամբ եւ հայտարարում, թե դա «Միասնության» կարծիքն է։ Բնականաբար, մենք լրիվ հակառակ կարծիքն ենք ունենում։ Եվ արդեն անհրաժեշտություն էր հնարավորություն ստեղծել արտահայտելու սեփական կարծիքը»։ Փորձեցինք նաեւ պարզել, թե ՀԺԿ երբեմնի գործընկերներն ինչպես վերաբերվեցին այս բաժանմանը՝ այն փաստին, որ «Միասնությունն» այլեւս նաեւ վերջնականապես է ոչ եւս։ «Փաստացի չի փոխվել այն իրողությունը, որ կար։ Պարզապես արձանագրվեց իրավաբանորեն,- ասաց «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։- Գնահատականներն այժմ անտեղի են, քանի որ արդեն մեկ տարուց ավելի լուծված էր այդ խնդիրը։ Պարզապես իրենք կողմնորոշվեցին եւ կատարեցին որոշակիորեն ուշացած քայլ»։ Մեր հարցին, թե ցավ կամ ափսոսանք չի՞ զգում, որ այս ավարտն ունեցավ 1999-ին ստեղծված դաշինքը, պրն Սահակյանն այսպես պատասխանեց. «Քաղաքական պայքարը բավականին լուրջ եւ դժվարին է։ Լավ կլիներ, որ ՀԺԿ-ն կարողանար դիմանալ այդ պայքարին։ Փաստորեն, այս ամենը չդիմանալու հետեւանքն էր»։ Թերեւս գուցե ՀՀԿ-ն չդիմացավ իշխանության գայթակղությանը՝ մեր այս դիտարկմանն էլ հետեւեց այս արձագանքը. «Կարծում եմ, որ ՀՀԿ-ն գնում է նույն ճանապարհով, որով գնում էր «Միասնություն» դաշինքի խորհուրդը»։ Իսկ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի գնահատականը հետեւյալն էր. «Ողջունելի է ուժերի ցանկացած համախմբում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել