ԱրմենՏելացրիք… «Դատարան մտնենք, որոշ գումար վճարենք «ԱրմենՏելին»՝ միայն թե ազատվենք դրանից»,- երեկ ԱԺ-ում իր զեկուցման մեջ բազմիցս կրկնեց կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը։ «Մեր ուսումնասիրությունները եւս մի անգամ եկան ապացուցելու, որ, ըստ իս, չնայած հարկավոր է ստեղծել մի հանձնաժողով, որպեսզի կարգավորի իրավիճակը, բայց եթե չազատվենք «ԱրմենՏելին» տրված մենաշնորհից՝ ոչ մի օգուտ չի լինի դրանից,- «Առավոտի» հարցին ի պատասխան այսպես ձեւակերպեց պրն Մանուկյանն իրենց գլխավոր բացահայտումը։- Հանձնաժողովի նպատակը չէր նորություն փնտրելը, չնայած թվային տեսակետից բավական նորություններ ասացին հանձնաժողովի անդամներ Մարտուն Մաթեւոսյանն ու Արշակ Սադոյանը»։ «ԱրմենՏելի» թնջուկի մեղավորներն, ըստ Վազգեն Մանուկյանի զեկույցի, հետեւյալ անձինք են. «Պողպատյանը՝ հաստատ։ Հրանտ Բագրատյանը մի կողմ է կանգնած, չնայած ինքը վարչապետ էր, պատասխանատվություն է կրում։ Բայց ես զգում եմ փաստաթղթերը կարդալուց, որ ինքը շատ անգամ ոնց որ դրանից վեր է գտնվել, կողք կանգնել։ Միգուցե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է խառնված՝ չեմ իմանում»։ Մեր զրույցում պրն Մանուկյանը հավելեց. «Եթե պատասխանատու ես ոլորտի համար՝ կարեւոր չէ նույնիսկ, չարամտությա՞մբ ես արել, թե՞ անհասկացողությամբ։ Միեւնույն է՝ դու պետք է պատասխան տաս դրա համար։ Բայց պատասխանատու լինելը եւ հանցագործ, մեղավոր լինելը տարբեր բաներ են»։ Մինչդեռ հանձնաժողովի անդամ Արշակ Սադոյանն իր զեկույցում մեղավոր հռչակեց Սեպուհ Թաշչյանին եւ Գրիգոր Պողպատյանին՝ «միլիոնավոր դոլարների հափշտակման մեջ։ Հանցավոր գործունեություն են իրականացրել»։ Եվ առաջարկեց, որ եթե զրպարտում է՝ թող վերոնշյալ անձինք դատի տան իրեն, լռության մատնելով, որ Գրիգոր Պողպատյանը ժամանակին արել էր նման փորձ։ Իսկ իր զեկույցում պրն Մանուկյանը նշել էր. «Այստեղ բազմաթիվ թվեր կան, որ հասկանալի չէ, թե ոնց են մարդիկ գնացել դրան՝ ի՞նչն է բացատրվում հիմարությամբ, ինչը՝ ոչ կոմպետենտությամբ»։ Մի հարցի պատասխանելով՝ նախկին վարչապետն ու պաշտպանության նախարարն ուշագրավ խոստովանություն արեց. «Ես ինքս գործադիր մարմիններում աշխատել եմ եւ գիտեմ, որ շատ անգամ հիմարությունն ավելի մեծ է լինում, քան թե շահամոլությունը։ Շատ ու շատ հարցերում ես տեսել եմ այդ»։ Ի դեպ, Մանուկ Գասպարյանը հարցադրման ձեւով երեկ առաջարկեց, որ ԲԷՑ-երի վաճառքի վերաբերյալ էլ, որ շատ նման է օֆշորային գոտում գրանցված TWT-ին «ԱրմենՏելի» մասնավորեցմանը, ապագայում հանձնաժողով ստեղծելու փոխարեն՝ այժմ ստեղծեն։ Առաջարկին առայժմ չտրվեց հստակ պատասխան։ Բայց հանձնաժողովի զեկույցի քննարկումները դեռ շարունակվելու են այսօր։ Նշենք նաեւ, որ եզրակացության վերաբերյալ ներկայացված չէ որոշման նախագիծ՝ զեկույցը միայն ընդունվելու է ի գիտություն։ Ա. Ի. Հ. Գ. Վերնագիրը մեջբերում է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի ռեպլիկից, որն անընդհատ գոռգոռացող Արշակ Սադոյանին ասաց. «Ձեր ձայնն արդեն բոլորիս որոշակիորեն արմենթելացրեց»։