Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահաբեկչության արմատները

Սեպտեմբեր 11,2002 00:00

Ահաբեկչության արմատները Մարկեսի «Հարյուր տարվա մենության» հերոսուհի 100-ամյա Ուրսուլան՝ հիշելով իր բնակավայրի գլխով անցած-գնացածը եւ իր հսկայական գերդաստանի անդամների վարքը, հանկարծ բացականչում է. «Ինչպիսի՜ սրիկայություն»: «Որտե՞ղ»,- հարցնում է նրա աղջիկը: «Այստեղ»,- պատասխանում է Ուրսուլան՝ ցույց տալով իր սիրտը: Ուղիղ մեկ տարի առաջ Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունից հետո հայտնվեցին «խելոքներ», ովքեր պնդում էին, որ դա իրենց՝ ամերիկացիների գործն է: Իբր հատուկ են կազմակերպել՝ Ասիայում իրենց տիրապետությունն ամրապնդելու նպատակով: Այդ բացատրությունը, հավանաբար, իրենց կարճ խելքով, ազատում էր նման խորը վերլուծաբաններին՝ հազարավոր անմեղ զոհերին եւ նրանց հարազատներին կարեկցելու անհրաժեշտությունից: Իսկ պաղեստինյան արաբական ինքնավարությունում սեպտեմբերի 11-ին քեֆ-ուրախություն էր: Բայց ինչո՞ւ ենք զարմանում պաղեստինցիների եւ մնացածների վրա: Մերն ուրի՞շ է: «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունից հետո էլ Հայաստանում գտնվեցին (եւ կան) մարդիկ, որոնք ասում են՝ նկատի ունենալով զոհերին. «Ճիշտ են արել, հասնում էր նրանց: Պետք էր սպանել նաեւ Լեւոնին, Ռոբերտին…»: Ցանկը կարող է շարունակվել՝ իմ հիմնարկի ղեկավար Սերոժին (որովհետեւ աշխատավարձս չի բարձրացնում), հարեւանի հարս Վարսիկին (որովհետեւ իմ հարսից գեղեցիկ է): Ահաբեկչությունն արմատներ կունենա այնքան ժամանակ, որքան մենք սրտանց, անկեղծորեն այն չենք դատապարտում: Ընդ որում, պիտի դատապարտենք ոչ միայն այն ժամանակ, երբ ահաբեկչությունը մեր դեմ է գործված, այլեւ այն դեպքում, երբ ահաբեկիչը «մեր կողմից» էր: Գիտեմ, որ խիստ ոչ պոպուլյար միտք եմ արտահայտելու, բայց իսկապես վստահ եմ, որ Օռլի օդանավակայանում հավաքված շարքային ֆրանսիացիները որեւէ կապ չունեին 1915 թվականի ցեղասպանության հետ, եւ երիտթուրքերի ոճրագործության պատճառով այդ խաղաղ եւ անզեն ֆրանսիացիներին պետք չէր սպանել: Չեմ ընդունում եմ նման «հերոսությունը»: Հավանաբար, «ապազգային» եմ: Ահաբեկչությունը չի վերանա այնքան ժամանակ, որքան մենք առօրյա կյանքում կփորձենք մեր ճշմարտությունը, առավել եւս՝ մեր բարդույթները, նախապաշարումներն ու կրքերը որեւէ մեկի վզին փաթաթել բռնության կամ շանտաժի միջոցով: Մինչեւ որ մենք (դարձյալ անկեղծորեն) չճանաչենք մերձավորի, հեռավորի, հարեւանի, այլազգիի, այլադավանի՝ մեզնից տարբեր մտածելու, զգալու եւ գործելու իրավունքը: Մինչեւ որ մենք չհամոզվենք, որ այս կամ այն ճշմարտության կամ գաղափարի պատճառով չի կարելի որեւէ մեկին որեւէ վնաս տալ: Հենց այդ պատճառով, երբ ասում են, թե ահաբեկչությունը տիպիկ մահմեդական կամ քրիստոնեական, արաբական կամ հրեական երեւույթ է, ես դրան չեմ հավատում: Ահաբեկչության արմատները մեր՝ յուրաքանչյուրիս սրտում են: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել