Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 11,2002 00:00

ՄԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ «Հռոմի Պապի համար նախատեսված մեքենան նաղդեցին Հայաստանի բյուջեի վրա՝ որոշակի «ատկատով»,-ԱԺ-ում իր ելույթներից մեկում հայտարարեց «Ագրոարդյունաբերողներ» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը։ Խնդրեցինք, որ նա որոշակիացնի, թե խոսքն ի՞նչ մեքենայի մասին է։ Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այդ հարցը ժամանակին քննարկվել է ՀԺԿ քաղխորհրդի նիստում. «Այդ զրահապատ մեքենան բերվել է 1999 թվականին Հռոմի Պապի համար, որը պիտի Հայաստան ժամաներ այդ տարվա ամռանը։ Եվ մի ֆիրմա հատուկ գնել էր տվյալ մեքենան՝ այն նպատակով, որ Հռոմի Պապը դրանով շրջագայի։ Իսկ դրանից անմիջապես հետո մեքենան պիտի վաճառվեր մեծահարուստ որեւէ կաթոլիկի՝ եռապատիկ, քառապատիկ գնով։ Բայց քանի որ Հռոմի Պապը չեկավ, հետո եղան «Հոկտեմբերի 27»-ի ողբերգական դեպքերը եւ օրակարգից ընդհանրապես հանվեց Հռոմի Պապի գալու հարցը՝ մեքենան մնաց այդ ֆիրմայի վրա։ Մինչ այդ՝ մինչեւ «27»-ի ողբերգական դեպքերը, ֆիրմայի ներկայացուցիչները դիմել էին Վազգեն Սարգսյանին, որպեսզի նա օգներ, գներ այդ մեքենան։ Նա հրաժարվել էր՝ ասելով, թե դա թանկ հաճույք է։ Այդպես մնացել էր այդ մեքենան։ Երբ ԱԺ «վսեմաշուք» նախագահ Արմեն Խաչատրյանի անվտանգության ապահովման հարց առաջացավ՝ մեր քաղխորհրդում նրան առաջարկվում էր «Վոլգայի» տարբերակը։ Մասնավորապես, խմբակցության անդամ Գուրգեն Եղիազարյանն առաջարկում էր իր հնարավորություններն օգտագործելով՝ Մոսկվայից բերել զրահապատ «Վոլգա»։ Արամ Սարգսյանն առաջարկել էր կառավարության հաշվեկշռից ԱԺ-ին փոխանցել արտասահմանյան մակնիշի նմանատիպ զրահապատ ավտոմեքենա, որպեսզի իզուր տեղը չվատնվեն բյուջեով ԱԺ-ին հատկացված միջոցները։ Դրանք, իսկապես, այլ նպատակների պիտի ծառայեն, մասնավորապես՝ որպեսզի ապահովվի ԱԺ աշխատանքների մասնագիտական մակարդակն ու որակը, որն, ինչպես գիտեք, կաղում է։ Սակայն, անհայտ պատճառներով, Արմեն Խաչատրյանը հրաժարվեց վարչապետի առաջարկից, չնայած այն շատ նպաստավոր էր ԱԺ-ի համար։ Նրա համար գերնպատակ էր դարձել գնել Պապի մեքենան այդ ֆիրմայից։ Դժվար չէ կռահել, որ այդ գերնպատակի ետեւում թաքնված էր հայտնի «ատկատի» մեխանիզմը, որը կոռուպցիայի հիմնական տարրերից է։ Այսինքն, մասնավոր ֆիրմայից պետական միջոցներով, բայց «հոր գնով» գնվում է որեւէ իր, եւ դրա դիմաց ֆիրման պաշտոնյայի գրպանն է ուղղում որոշակի կլորիկ գումար»։ ԱԺ նախագահի թանկարժեք մեքենայի շուրջ ՀԺԿ քաղխորհրդում ծավալված քննարկումների վերաբերյալ ժամանակին հրապարակվել էր մամուլում, որ Արմեն Խաչատրյանը խոստացել էր իր կուսակիցներին, թե պետբյուջեից այդ նպատակով չեն ծախսվի գումարներ, եւ ինքը կգտնի մասնավոր աղբյուրներ՝ մեքենայի արժեքը փոխհատուցելու համար։ «Այո, ճիշտ է,- հաստատեց Հմայակ Հովհաննիսյանը։- Ի պատասխան մեր պնդումների՝ նա խոստացավ հրաժարվել այդ նոր գնված մեքենայից եւ միջոցները վերադարձնել պետբյուջե։ Այդ ծախսը մեծ շռայլություն էր ԱԺ-ի համար եւ, ի վերջո, խնդիր կար հավատարիմ մնալ կենցաղում համեստ լինելու ավանդույթին, որ կուսակցության հիմքում հաստատել էր Կարեն Դեմիրճյանը։ ՀԺԿ-ն իսկապես ժուժկալների կուսակցություն էր. այն ստեղծվել է մի սենյակում։ Ես ասացի Արմեն Խաչատրյանին, որ եթե ինքը չանի այդ քայլը՝ կուսակցությունը կարող է լուրջ դժվարություններ ունենալ ընտրությունների ժամանակ. մի քիչ էլ չափազանցրի, թե կարող է 5%-ն էլ չհաղթահարենք իր պատճառով։ Նա պատասխանեց. «Իսկ եթե հանձնեմ, կարծում եք՝ կհաղթահարի՞ 5%-ը»։ Այսինքն, Արմեն Խաչատրյանը դրանով իսկ ցույց տվեց, որ ինքը կուսակցության համար ենթադրում, կանխատեսում է այնպիսի մի հեռանկար, թե պետք է մսխվի այն ժառանգությունը, որ ՀԺԿ-ն ստացել է Կարեն Դեմիրճյանից։ Այդպես էր տրամադրված, թե ինչո՞ւ ի՛նքը չպիտի մսխի դա։ Բայց երբ քաղխորհրդի նիստում շատ պնդեցինք, ասաց, թե պարտավորվում է մոտ ժամանակներս արտասահմանյան մեր մեծահարուստների օժանդակության շնորհիվ փոխհատուցել այդ ծախսը»։ Հետաքրքրվեցինք, թե վստա՞հ է, որ ԱԺ նախագահը չի դիմել մեծահարուստների։ Գուցե մերժվե՞լ է։ Թե՞ համոզված է, որ չի էլ փորձել կատարել կուսակցությանը տված խոստումը։ Թերեւս մեր հարցադրումներով զայրացրինք Հմայակ Հովհաննիսյանին, քանի որ նա անցավ արդեն վիրավորական որակումների. «Գիտե՞ք ինչ, պետք է լինել ոչ միայն անբարոյական մարդ, այլ կատարյալ ապուշ, որ այդ վարկանիշով հանդերձ՝ դիմես որեւէ մեկի նման խնդրանքով։ Կոնկրետ ինձ չհամոզեց այդ խոստումը։ Բայց ինձ համար ամենատխմար քայլն այն էր, որ դրանից հետո Ստեփան Դեմիրճյանն այնուամենայնիվ ցուցաբերեց փափկասրտություն, թեեւ դա մարդկայնորեն հասկանալի էր։ Ես պահանջում էի Արմեն Խաչատրյանին հեռացնել կուսակցությունից դեռ 1999-ի դեկտեմբերին։ Ստեփան Դեմիրճյանը տատանվում էր»։ Զրույցին ներկա Էմմա Խուդաբաշյանը «սրբագրեց» խոսքը՝ նշելով, թե դա ուղղակի հապաղում էր։ «Ես առաջարկում էի նրան հեռացնել նաեւ 2000 թ. ապրիլին, երբ նա ձախողեց Ստեփան Դեմիրճյանի առաջադրվելը պատգամավորության թեկնածու՝ մտավախություն ունենալով, որ նա կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը,- ասաց պրն Հովհաննիսյանը։- Ստիպված եղա ե՛ս հեռանալ Արմեն Խաչատրյանի եւ Գագիկ Ասլանյանի պատճառով»։ Նկատեցինք, որ երկուսն էլ այժմ ՀԺԿ-ում չեն, եւ Հմայակ Հովհաննիսյանը կարող է վերադառնալ։ Ի պատասխան՝ նա ասաց. «Կուսակցության հիմնադիրները չեն հեռանում կուսակցությունից։ Դա բացառվո՛ւմ է»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Հմայակ Հովհաննիսյանն Արմեն Խաչատրյանի վերաբերյալ մի բացահայտում էլ կատարեց, որը կներկայացնենք առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել