Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԲԵՄՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԾԱՄԵԼ

Սեպտեմբեր 11,2002 00:00

ԵՐԲԵՄՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԾԱՄԵԼ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին եռօրյան, կարծես թե, հարաբերականորեն հանդարտ մթնոլորտում է անցնում: Սպասվում էր, որ դեռ նախորդ օրը խորհրդարանական նիստերը բոյկոտելու իրենց որոշման մասին հայտարարած 16 ընդդիմադիր կուսակցությունների անդամ պատգամավորները հայտարարություններին հատկացված ժամանակահատվածում ԱԺ ամբիոնն առավելագույնս օգտագործելու եւ իրենց կայացրած որոշումը փաստարկելու ակտիվություն կցուցաբերեն: Բայց երեկ նրանց երկու-երեք պատգամավորների ելույթները հերթապահ հայտարարություններից այն կողմ չանցան: Դիմադիր եւ ընդդիմադիր պատգամավորներն ակնհայտորեն աշխուժացան հենց հայտարարությունների ժամին եւ հատկապես Հմայակ Հովհաննիսյանի, Նորիկ Պետրոսյանի եւ Մանուկ Գասպարյանի ելույթների ժամանակ ու սկսեցին նույնիսկ համերաշխ սրամտել: ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն էլ սրամտելու առիթներ ունեցավ: Հ.Հովհաննիսյանն, օրինակ, ըստ ամենայնի, դժգոհ լինելով թերթերից մեկում օրերս հրապարակված իր հարցազրույցի նախաբանից՝ թե երբեմնի դիմադիր այդ գործիչն այլեւս ընդդիմադիր է գործող իշխանություններին, հայտարարեց. «ակտիվ քաղաքագիտությամբ զբաղվելու ընթացքում ես երբեք այնպիսի ակնհայտությամբ չեմ զգացել սեւ լրագրողական տեխնոլոգիաների քայքայիչ ազդեցությունը ներքաղաքական եւ, ավելի լայն իմաստով, մեր ազգային մթնոլորտի վրա, որքան այսօր»: Ըստ նրա, նաեւ դրանց կիրառման պատճառով է, որ հասարակությունը բարոյալքվել, իսկ ազգաբնակչությունն էլ բռնել է արտագաղթի ճանապարհը, որ 10 տարիների ընթացքում ձեւավորված համակարգն այսօր ոչ թե բարեփոխվում, այլ՝ զբաղված է «երեկվա Պետրոսին փոխարինած Պողոսին ինչ-որ նոր, լավ տղա Կիրակոսով փոխելու հարցով», իսկ «գործող այլանդակ համակարգի ճարտարապետները՝ թողնելով իշխանությունն իրենց վեցնոցներին, տարբեր տեսակի շարիկովներին եւ վերջինիս կարճ վզափոկի վրա պահող օլիգարխներին, իրենց հռչակել են «ընդդիմություն»: Հ.Հովհաննիսյանն ինքը պատասխանեց նաեւ իր հռետորական այն հարցին, թե արդյո՞ք դատապարտված ենք անընդհատ խաբելու, ապրելու աննորմալ համակարգի պայմաններում: «Այո, քանի դեռ գոյություն ունի այս անասնաֆերման, չարն ու խաբեությունը վերարտադրող այս գարշելի համակարգը»,- այսպես ավարտեց իր ինքնատիպ շեդեւրի հրապարակումը օրենսդիրը: Հավանաբար, լավ չհասկանալով պատգամավորի ելույթի իմաստն ու դրանում եղած առատ փոխաբերությունները, հարթակից ինչ-որ մեկը հարցրեց՝ է՞ս ով էր: Իսկ դահլիճի աշխույժ մթնոլորտում դաշնակցական պատգամավորներից ոմանք լայն ժպիտով սկսեցին ծափահարել: «Զուսպ ծափահարություններ»,- իրեն չկորցնելով արձանագրեց ԱԺ նախագահը: Իսկ ահա կոմունիստ Նորիկ Պետրոսյանի ցասումն արթնացրել էր Ռ.Քոչարյանի՝ վերջերս Համայնքների համագումարում արած այն հայտարարությունը, թե «տեղի է ունենում իշխանությունների ապակենտրոնացում ու տարանջատում», որ «կառավարությունը քայլ առ քայլ ետ է քաշվում տնտեսության օպերատիվ կառավարումից՝ դեպի տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմին»: Նա այդ հայտարարությունն այսպես էր վերծանել՝ պետությունն այլեւս չպետք է զբաղվի ընթացիկ եւ առօրյա խնդիրներով, ասենք՝ համայնքի համար պոմպի շարժիչ ձեռք բերելով: «Այսինքն՝ ապակենտրոնացնել իշխանությունը, նշանակում է՝ ապակենտրոնացնել պետության պատասխանատվությունը», ինչը, Ն.Պետրոսյանի ասելով՝ անթույլատրելի է եւ նշանակում է՝ «պետությունը պետք է ճառ ասի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները զանգ կախեն»: Իսկ Կոմկուսը, որ, պատգամավորի վկայությամբ՝ «պետական պատասխանատվություն կրելու 70-ամյա փորձառություն ունի», այսօր իշխանություն չունի: Հենց Ն.Պետրոսյանն ավարտեց իր ելույթը, ԱԺ նախագահը, որ, երեւի, համակ ուշադրությամբ հետեւում էր, թե պատգամավորն ինչպես էր Ռ.Քոչարյանի «հակապետական, հակաժողովրդական, հետեւաբար՝ հակաբարոյական նկրտումները» փաստող մտքերը մեջբերելիս նախանձախնդրորեն հայտարարում չակերտները բացելու ու փակելու մասին, վրա բերեց՝ «Չակերտը՝ փակ»: Մանուկ Գասպարյանն էլ դահլիճից շտապեց սույն հայտարարության չակերտը փակելուց հետո վերջակետ դնել: Ի դեպ, վերջինս էլ հանդես եկավ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ ԲԷՑ-երի վաճառքը հերթական հանցավոր գործարքն է, որ պատգամավորները հերթական անգամ անտեղյակ են կնքված գործարքի պայմաններին, բայցեւ պնդեց, որ այդ պայմանագրում նշված չէ, թե 98-2000-ից ի վեր այս կամ այն կերպ ԲԷՑ-երին ուղղված շուրջ 249 մլն դոլարը, որ պետք է նստեր պետբյուջեի հատուկ հաշվեհամարի վրա, ինչը մինչ օրս չի արվել, ցանցերի վաճառքից հետո ումի՞ց է պահանջվելու: Նա դիմեց ՀՀ գլխավոր դատախազին՝ ստուգել իր հայտարարության ճշմարտացիությունը, եւ եթե ինքը զրպարտում է այդ հանցավոր գործարքը կնքողներին՝ քրգործ հարուցել: Պատգամավորը նաեւ դիմեց իր գործընկերներին՝ խնդրելով. «Եթե դատախազը գա այդ գործով իմ դեմ քրգործ հարուցելու՝ տվեք համաձայնություն»: «Չէ, էդ բանը չենք անի, Մանուկ»,- դահլիճից խոստացավ Պարույր Կարապետյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել