Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՐԱՆԸ ԱՂԱՆԴԱՎՈՐ ՉՈՒՆԻ

Սեպտեմբեր 10,2002 00:00

ԱՊԱՐԱՆԸ ԱՂԱՆԴԱՎՈՐ ՉՈՒՆԻ Սեպտեմբերի 7-ին լրագրողների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի կազմակերպած 5-ամսյա կրոնական դասընթացների շրջանակներում էր։ Հուլիսին Ծաղկաձորում դասընթացի առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած լրագրողների հաջորդ դասընթացը Արագածոտնի մարզի Օշական գյուղում էր։ Հայ առաջին ուսուցիչ Մ. Մաշտոցի շիրիմին այցելելուց հետո միայն եկեղեցուն կից դպրատանը վերջիններս անցկացրին դասախոսությունը՝ «Հայաստանյաց առաքելական եկեղեցու տոները» թեմայով։ Պատմաճարտարապետական կառույցներով ու սրբավայրերով հարուստ Արագածոտնի մարզը, որի բնակչության թիվը մոտ 155 հազարի է հասնում, կարելի է ասել, աղանդավորների թվով հանրապետությունում վերջին տեղն է զբաղեցնում։ Ըստ Սուրբ Մ. Մաշտոց եկեղեցու վարդապետ Տեր Վազգեն Միրզախանյանի, նրանց թիվը չի գերազանցում 1000-ը։ Մարզի բնակչության համեմատ այս ցածր ցուցանիշը հայր Վազգենը բացատրեց տեղացիների ավանդապահ լինելով, եւ ուրախությամբ նշեց. «Ամբողջ Ապարան քաղաքում այլ դավանանքի պատկանող որեւէ մեկը չունենք»։ Մարզի քաղաքներում ու գյուղերում աղանդավորների պակասությանը նաեւ նպաստում են դպրոցներում արդեն երեք տարի շարունակ դասավանդվող հայ եկեղեցու պատմություն, կրոնագիտություն առարկաները։ Տեր Վազգեն վարդապետ Միրզախանյանին մի հարց էլ էր մտահոգում, այն է. «Մարզի պատմական եկեղեցիներից այսօր գործում է միայն 14-ը, որոնց մի մասը չունի հոգեւոր առաջնորդ։ Հոգեւոր սպասավորների լուրջ պակաս է զգացվում»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել