Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երթուղային տաքսիները կերան ավտոբուսներին

Սեպտեմբեր 10,2002 00:00

Երթուղային տաքսիները կերան ավտոբուսներին Անգլիական «ոչխարները կերան մարդկանց» պատմական ասացվածքը համապատասխանեցնելով մեր իրականությանը՝ վերոբերյալ պատկերն ենք ստանում։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը տեղյա՞կ է արդյոք, թե պիկ ժամերին ինչ է տեղի ունենում երթուղիներում։ Նախկինում տրամվայը Վարդավառի այգուց (Թոխմախ գյոլ) հասնում էր մինչեւ կինո «Նաիրի»՝ ապահովելով մարդկանց ուսանողական թաղամաս ժամանակին տեղ հասցնելը։ Այժմ նրանք հարկադրված օգտվում են միայն երթուղային թիվ 14 տաքսու ծառայությունից։ «Օգտվել» ասելը քիչ է, տառապում են։ Եթե տրանսպորտի վարչության աշխատողները քիչ բարեհոգի լինեին ու վաղ առավոտյան հայտնվեին այդ երթուղու կանգառներում, կհասկանային, թե ինչ վատ ծառայություն են մատուցել մարդկանց։ Թիվ 14 երթուղային տաքսին Էրեբունի թաղամասից շարժվում է արդեն լեփ-լեցուն եւ ճանապարհին այլեւս հնարավոր չի լինում նոր ուղեւորներ վերցնել։ Տրամվայի գծերը հանելուց, ավտոբուսների ու տրոլեյբուսների առանձին երթուղիներ վերացնելուց առաջ նախ պետք է մտածեին ժողովրդի մասին։ Այսպես, ինչպես ասում են, «հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանեցին»։ Սահմանված օրենքով երթուղային տաքսիները պետք է տեղափոխեն միայն նստելատեղերի քանակով մարդկանց՝ 10-12 հոգի։ Մինչդեռ նրանում տեղավորում են 20-25 մարդ, որը երթեւեկության կանոնների կոպիտ խախտում է։ Այդ երեւույթի դեմ փակում են իրենց աչքերը նաեւ ավտոտեսչության աշխատողները, հավանաբար իրենց շահն ունենալով։ Հանուն երթուղային տաքսիների, գուցե եւ կգա ժամանակը Երեւանի մետրոն նույնպես փակելու։ Իսկ ինչու չունենալ Էրեբունու թաղապետարան- Շրջանային երթուղու ավտոբուսներ, որը կվերացներ ստեղծված ծանր իրավիճակը։ Կա եւ մեկ ուրիշ հանգամանք. պետությունը, մարդասիրություն դրսեւորելով, հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած մարդկանց քաղաքային տրանսպորտով անվճար երթեւեկելու իրավունք է սահմանել։ Բայց նրանք ինչպե՞ս օգտվեն այդ իրավունքից, երբ չկա համապատասխան տրանսպորտ։ Ասացինք միայն Էրեբունի-Դիմիտրովի փողոց-երկաթուղային կայարան-Խանջյան փողոց-Շրջանային ավտոբուսային նոր երթուղի ունենալու ցանկության եւ նպատահակարմարության մասին։ Բայց գուցե քաղաքում կան նաեւ այլ թաղամասեր, որոնք նույնպես նման դժվարություններ են կրում տրանսպորտի հարցում։ Անսացեք ժողովրդի ձայնը, վերակառուցեք ձեր աշխատանքը, տրանսպորտի վարչության հարգելի ղեկավարներ։ Չէ՞ որ մարդկանց ծանր կացությունը նման երեւույթների հետեւանքով ավելի է ծանրանում։ ԴԵՐԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել