Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՉ-ՈՔԻ, ՈՐԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔ ՊԱՏՃԱՌԵՑ

Սեպտեմբեր 10,2002 00:00

ՈՉ-ՈՔԻ, ՈՐԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔ ՊԱՏՃԱՌԵՑ Ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարն սկսվեց։ 6-րդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընդունեց Ուկրաինայի ընտրանուն։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Բավարարո՞ւմ է արդյոք ոչ-ոքի արդյունքը մեզ։ Միանշանակ դժվար է պատասխանել։ Եթե նայենք այն տեսանկյունից, որ ընթացքում գրեթե մեկուկես խաղակես պարտվում էինք 0։2 հաշվով եւ ըստ էության վերջին 15-17 րոպեներին կարողացանք փրկել խաղը, անշուշտ, գոհ պիտի լինենք։ Իսկ մյուս կողմից, երբ նայում ենք մեր ընտրանու ներուժին, մանավանդ որ մրցակցի թիմի կազմում բացակայում էին մի ամբողջ շարք առանցքային բարձրակարգ խաղացողներ, իսկ դա վերջապես մեր ավանդական մրցակցի նկատմամբ հաղթանակ տոնելու բացառիկ հնարավորություն էր ընձեռել, ապա պարզ է, որ մեկ միավորը քիչ է թվում։ Դժվար թե գտնվի մի հայ ֆուտբոլասեր, որ սեպտեմբերի 7-ին դիտած չլինի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Ու, կարծում եմ, բոլորն էլ կվկայեն, որ այդ օրը մենք տեսանք Հայաստանի երկու հավաքական։ Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները գրեթե ոչ մի բանով աչքի չընկան։ Այնպիսի տպավորություն կար, որ մերոնք խաղն սկսվելուն պես նույնիսկ չհասցրին պայքարել դաշտի միջնամասում սեփական տիրապետություն հաստատելու համար։ Ու հենց դրանից էլ սկսվեցին մեր բոլոր դժբախտությունները։ Մեր թիմում մի խոր անջրպետ առաջացավ կիսապաշտպանական եւ հարձակման գծերի միջեւ, որի հետեւանքով հարկադրված էինք մի կերպ կազմակերպել ուկրաինացիների գրոհներին (դրանք այնքան էլ հզոր ու անկասելի չէին) դիմակայելը։ Դա առավել դժվար իրագործելի խնդիր դարձավ սկսած 2-րդ րոպեից, երբ հյուրերի առաջին իսկ առաջխաղացումներից մեկն ավարտվեց դարպասի գրավումով։ Աչքի ընկավ Սերգեյ Սերեբրեննիկովը։ Գտնվելով հյուրերի անընդհատ ճնշման ներքո, մեր պաշտպանությունը գնալով ավելի ու ավելի շատ էր վրիպումներ թույլ տալիս։ Դա վերաբերում է ինչպես կոլեկտիվ գործողություններին, այնպես էլ անհատականին։ Կիսապաշտպաններն էլ, որ ստիպված էին ավելի շատ օգնության ձեռք մեկնել թիկունքին, միայն կարողանում էին այդ հատվածում քանակ ապահովել, բայց ոչ որակ։ Արդյունքը եղավ այն, որ 33-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո Գենադի Զուբովը կրկնապատկեց հաշիվը։ Թվում էր, թե հանդիպման ելքն այլեւս որոշված է։ Սակայն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Լոպեսը, հավատարիմ իր այն արտահայտությանը, թե ինքը պայքարող մարզիչ է, երկրորդ խաղակեսում հասցրեց անհրաժեշտ փոփոխություններ կատարել՝ խաղադաշտ մտցնելով նախ Ալբերտ Սարգսյանին, ապա՝ Անդրեյ Մովսիսյանին։ Ու… խաղի ընթացքն անմիջապես 180 աստիճանով փոխվեց։ Ալբերտ Սարգսյանը աջ եզրում մի իսկական պատուհաս դարձավ ուկրաինացիների համար, որի դեմ պայքարելը պարզապես անհնարին էր, եթե, իհարկե, կոպիտ գործողությունների չէին դիմում։ Անդրեյ Մովսիսյանն էլ իր հերթին վստահ ու անհատական բարձրակարգ գործողություններով վերջնականապես քանդեց հյուրերի բարիկադները։ Հիմա արդեն անհուսալի խուճապի էին մատնվել Ուկրաինայի ֆուտբոլիստները, որոնց միակ մտածմունքը, թերեւս, հաշիվը մի կերպ պահպանելն էր։ Բայց՝ զուր։ Անճանաչելիորեն կեպարանափոխվեցին դաշտում մնացած մեր բոլոր տղաները։ Այ, այս դեպքում կարող ենք ասել, որ Հայաստանի ազգային հավաքականն արդեն անկասելի էր։ Դրա առաջին ապացույցը եղավ հանդիպման 73-րդ րոպեին Արթուր Պետրոսյանի խփած առաջին պատասխան գոլը։ Ի դեպ, այս ֆուտբոլիստին տրիբունաներում որակեցին որպես ուկրաինացիների մասնագետ՝ նկատի ունենալով հենց այդ երկրի դարպասը խփած նրա գոլերը։ Ինչեւէ, լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Մրցակիցը գոնե նվազագույն առավելությունը պահպանելու համար դիմում էր ամեն մի հնարքի, սկսած ժամանակ ձգձգելուց մինչեւ խաղի կանոնների ցանկացած խախտում։ Սակայն նրանց հաշվարկները սխալ դուրս եկան, ջանքերն էլ՝ ապարդյուն։ 90-րդ րոպեին (այդ ժամանակ մրցավարը ավելացրել էր եւս 4 րոպե), երբ կազմակերպվում էր մերոնց հերթական գրոհը, սեփական տուգանային հրապարակում հանդիպման հերոս դարձած Ալբերտ Սարգսյանի դեմ արգելված հնարք գործադրեց Վլադիմիր Եզերսկին եւ ֆինն մրցավար Միկկո Վուորելան անմիջապես ցույց տվեց 11 մետրանոցի նշանակետը, միեւնույն ժամանակ ուկրաինացի ֆուտբոլիստի նկատմամբ կիրառելով ֆուտբոլի առավելագույն պատիժը՝ կարմիր քարտ ցույց տվեց։ Ալբերտ Սարգսյանը ձեռքից բաց չթողեց մրցակցին պատժելու եւ իր թիմին վերջին պահին փրկելու իրեն ընձեռված շանսը՝ 2։2։ Ու միանգամայն հասկանալի էր Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Բուրյակի հոգեկան վիճակը, որը խաղից հետո հրավիրված մամուլի ասուլիսին եկավ ընկճված ու գլխիկոր ու նույն կերպ հրաժեշտ տվեց Հանրապետական ստադիոնին։ Մրցաշարային աղյուսակ (6-րդ ընտրական խումբ) Իսպանիա 1 1 0 0 2-0 3 Հայաստան 1 0 1 0 2-2 1 Ուկրաինա 1 0 1 0 2-2 1 Հս. Իռլանդիա 0 0 0 0 0-0 0 Հունաստան 1 0 0 1 0-2 0 Մյուս խմբերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. 1-ին խումբ. Սլովենիա-Մալթա՝ 3։0, Կիպրոս-Ֆրանսիա՝ 1։2։ 2-րդ խումբ. Նորվեգիա-Դանիա՝ 2։2, Բոսնիա-Ռումինիա՝ 0։3։ 3-րդ խումբ. Ավստրիա-Մոլդովա՝ 2։0, Հոլանդիա-Բելառուս՝ 3։0։ 4-րդ խումբ. Լատվիա-Շվեդիա՝ 0։0, Սան Մարինո-Լեհաստան՝ 0։2։ 5-րդ խումբ. Լիտվա-Գերմանիա՝ 0։2, Ֆարերյան կղզիներ-Շոտլանդիա՝ 2։2։ 6-րդ խումբ. Հունաստան-Իսպանիա՝ 0։2, Հայաստան-Ուկրաինա՝ 2։2։ 7-րդ խումբ. Թուրքիա-Սլովակիա՝ 3։0, Լիխտենշտեյն-Մակեդոնիա՝ 1։1։ 8-րդ խումբ. Բելգիա-Բուլղարիա՝ 0։2, Խորվաթիա-Էստոնիա՝ 0։0։ 9-րդ խումբ. Ադրբեջան-Իտալիա՝ 0։2, Ֆինլանդիա-Ուելս՝ 0։2։ 10-րդ խումբ. Ռուսաստան-Իռլանդիա՝ 4։2, Շվեյցարիա-Վրաստան՝ 4։1։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել