Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քարտուղարը տուրիստներ մաղթեց

Սեպտեմբեր 10,2002 00:00

Քարտուղարը տուրիստներ մաղթեց Հայաստան է ժամանել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆրանչեսկո Ֆրանջիալին՝ «հետազոտելու» տուրիզմի «մթնոլորտը» Հայաստանում։ Ի դեպ, նա արդեն եղել էր Հայաստանի դիտարժան վայրերում, զրուցել Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի հետ եւ պատրաստվում էր իր տպավորությունները փոխանցել ՀՀ նախագահին ու վարչապետին։ Տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը, ոգեւորված քարտուղարի այցելությամբ, նշեց, որ այն խթան կհանդիսանա մեր երկրում զբոսաշրջության զարգացման համար, իսկ նախարարության գործունեությունը եւս մեկ մակարդակով կբարձրանա։ Ավելին, փոխնախարարին Ֆ. Ֆրանջիալիի այցելությունը «հույս էր տվել հասկանալու, որ Հայաստանը տուրիզմի զարգացման առումով ճիշտ ուղու վրա է գտնվում, իսկ նորանկախ պետությունում վերջին տարիների զարգացումները հնարավորություն են տվել նախարարության աշխատանքը կազմակերպել միջազգային չափանիշներով»։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը տեղեկացրեց, որ կազմակերպությանն արդեն անդամակցում է 140 երկիր։ Կազմակերպության անդամ են մեր տարածաշրջանի բոլոր երկրները։ Ներկայացվեցին նաեւ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հիմնական ուղղությունները, վիճակագրական տվյալներ՝ տարբեր երկրներում տուրիզմի զարգացման ցուցանիշների մասին։ Չմոռացավ նշել, որ իրենց կազմակերպության հովանու ներքո գործում են տուրիզմի դասընթացներ անցկացնող հարյուրավոր հաստատություններ։ Քարտուղարը ուրախությամբ տեղեկացրեց, որ աշխարհում տուրիստական ինդուստրիան աճում է եւ կազմակերպությունը պատրաստ է օժանդակելու հատկապես մասնավոր հատվածին եւ բոլոր նրանց, ովքեր կաջակցեն իրենց առաքելության իրականացմանը։ Ըստ Ֆրանչեսկո Ֆրանջիալիի, իրենց կազմակերպությունը որոշ առումով համագործակցում է Միջազգային օդանավակայանային ընկերությունների ասոցիացիայի հետ։ Նա կարեւորեց օդային երթեւեկության եւ օդային կապի նշանակությունը Հայաստանի նման ցամաքային երկրի համար, խոսեց նաեւ ավիաընկերությունների եւ տուրիստական ընկերությունների մշտնջենական անհամաձայնությունների մասին։ Առաջինները բողոքում են հյուրանոցների բարձր գներից ու տուրիստական կազմակերպությունների վատ աշխատանքից, երկրորդները՝ ընդհակառակը, ավիաընկերությունների անբավարար աշխատանքից։ «Ու սա շարունակվում է եւ յուրաքանչյուրը սպասում է, թե ով պետք է առաջին քայլն անի ու ակտիվություն ցուցաբերի, որից կշահի տուրիզմը»,- ասաց պրն Ֆրանջիալին։ Չնայած այս ամենին, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության վիճակագրական կանխագուշակումների, 2005-20թթ. օդային երթեւեկությունից օգտվողների թիվն, այնուամենայնիվ, կաճի։ Մի պահ միջոցառումը հիշեցրեց Աստվածաշնչից հայտնի Բաբելոնյան աշտարակաշինությունը, քանի որ բազմալեզու հարցեր էին ուղղվում քարտուղարին եւ նրան թարգմանող Անդրեյ Շլեւկովին։ Վերջինս փորձեց մեղմել լսարանի դժգոհությունը՝ ներկայացվող ինտերնետային «ֆիլմի» համար միաժամանակ ապահովելով ռուսերեն եւ անգլերեն թարգմանություն։ Նա փորձեց տեսանելի բացատրել՝ ինչ է համաշխարհային տուրիզմը եւ ինչ նշանակություն կարող է ունենալ այն Հայաստանի զարգացման համար, խոսեց նրա նվաճումների եւ հարյուրավոր միլիարդների հասնող շահույթի մասին, որը վերջին շրջանում անկում է ապրում՝ կապված սեպտեմբերի 11-ի դեպքերի հետ։ Այնուհետեւ նա խորհուրդ տվեց հայաստանցիներին՝ ներկայացնել երկրի դիտարժան վայրերն ու հրաշալիքները, ունենալ մտածված ու խելացի մարքեթինգ, ոլորտում կիրառել էլեկտրոնային տեխնոլոգիաներ, հրավիրել տուրգործակալների եւ տուրօպերատորների, որպեսզի նախ վերջիններս ճանաչեն Հայաստանը ու կարողանան երկիրը ճիշտ ներկայացնել իրենց հաճախորդներին։ Համաշխարհային տուրիզմի մասին լրագրողներին ներկայացված երկար-բարակ «դասախոսության» ավարտին Ֆրանչեսկո Ֆրանջիալին մեծահոգաբար ասաց, որ Հայաստանը արժանի է զբոսաշրջիկների մեծ հոսքի։ Ֆ. Ֆրանջիալին կատակեց, որ առայժմ իրեն հաջողվել է դահլիճում հաղթահարել ընդամենը լեզվական ու տեխնիկական դժվարությունները։ Հետաքրքիր է, ո՞րն է լինելու հաջորդը. լրագրողների հետ հանդիպումից հետո պրն Ֆրանջիալին շտապում էր ՀՀ վարչապետի մոտ։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել