Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչի հետ խոսել են ընտրությունների՞ց

Սեպտեմբեր 10,2002 00:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ հերթական սենսացիան գրանցվեց դատարանում Երբ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչը՝ փաստաբան Աշոտ Սարգսյանը հանդես եկավ միջնորդությամբ, այն է՝ ԵԽ մոնիտորինգի խմբից ովքեր են այցելել քննչական մեկուսարան, իսկ Սարգսյանների շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւն էլ միանալով միջնորդությանը հավելեց այն («կցանկանայի ծանոթանալ փաստաթղթին, որի հիման վրա թույլատրել են հանդիպումը։

Կցանկանայի ճշտել. դատարանը տեղեկացվա՞ծ էր, ո՞վ է անձամբ թույլատրել հանդիպումը»), ամբաստանյալ Նաիրի Հունանյանը շտապեց տալ հետեւյալ տեղեկատվությունը։ ԵԽ մոնիտորինգի խմբի հետ շոշափվել է երեք թեմա. «Նախաքննության բարբարոսության», դատական պրոցեսի եւ նախագահական ընտրությունների մասին։ Վերջին թեման, անշուշտ, երկար քննարկված կլինի։ Եվ միայն այն պատճառով, որ ԵԽ մոնիտորինգի խումբը տեղը բերած չի լինի մի պարզ բան. թե ո՞ւմ հետ է հանդիպում։ Կամ տեղը բերելով հանդիպել է հանրապետության հերթական անարժանապատիվ նախագահ-թեկնածուի հետ, խայտառակ ձեւով մոռանալով, որ քննչական մեկուսարան են թույլատրել իրենց հանդիպելու ահաբեկիչների հետ։ Ի դեպ, ըստ իմ ունեցած տեղեկատվության (հաստատ աղբյուրը չեմ հայտնելու), ԵԽ մոնիտորինգի խմբին է տրամադրվել Նաիրի Հրաչիկի Հունանյանի օգոստոսին հրատարակած, 204 էջից բաղկացած («Երեւան-2002») գիրքը (ձեռագիր)։

Այն անվանվում է «Մեր պատմության պատմություն, տրամախոսություն Հայկի ապստամբության վրա»։ Այն, ինչպես ահաբեկիչն է հայտնել, «գրվել է մեկ շնչով»։ Մի նկատառում եւս. ամբաստանյալ Ն. Հունանյանի պաշտպան Բենիամին Մինասյանը երեկվա դռնբաց նիստի ժամանակ հայտնեց, որ օգոստոսի 22-ին ինքը գնացել է ԱԱՆ քննչական մեկուսարան իր պաշտպանյալի հետ հանդիպելու։ Նրան չեն թույլատրել տեսակցել, հայտնելով, որ «մոնիտորինգի խմբից պետք է զրույց ունենան»։ Հետեւաբար, մեզ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ամբաստանյալի պաշտպանությունն իրականացրել եւ իրականացնում է ԵԽ մոնիտորինգի խումբը, ոտնահարելով տվյալ դեպքում իրական պաշտպանի՝ Բ. Մինասյանի իրավունքները։ Դատարանում ցուցմունք տվեց արաբագիտության բաժնի վարիչ Շահեն Կարամանուկյանը, որը 1999 թվականին եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար։

Նա հայտնեց, որ հեռակա ծանոթ է եղել ամբաստանյալ Ն. Հունանյանի հետ եւ մեկ անգամ էլ առնչվել է նրա հետ, երբ ինքը ԱԳՆ-ում էր աշխատում եւ Թուրքիայի բաժնի վարիչ Արսեն Ավագյանն էլ զեկուցագիր էր գրել իրեն՝ նրանց Թուրքիա գործուղելու համաձայնության մասին։ Նկարագրելով 1999թ. հոկտեմբերի 27-ի օրը, նա հայտնեց, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը «ոչ սովորական» բացվեց, «շրխկոցով»։ Նա տեսել էր, թե ինչպես է կրտսեր Հունանյանն անձրեւանոցի տակից հանել ավտոմատը։ Ըստ տուժողի տպավորության, «Առաջին մի քանի ժամը եղբայրների պահվածքը հանդուգն էր, հարձակողական ու լկտի»։ Փաստաբան Ա. Սարգսյանի այն հարցին, թե «Ահաբեկիչների համար սպանությունները անսպասելի՞ էին, նկատե՞լ եք դեմքի արտահայտություն, խոսք», տուժողը պատասխանեց, որ «որեւէ անբնականություն չի տեսել» եւ որ 4-6 ժամ հետո ահաբեկիչները փորձեցին (մասնավորապես՝ բժիշկ Գրիգորյանը) առաջ քաշել հետեւյալ «թեզը». «ես չգիտեի, որ այդպես պիտի լիներ»։ Կամ Ն. Հունանյանը ասել էր, որ Բախշյանին եւ Դեմիրճյանին կրակել են վերեւից։

Ըստ Շ. Կարամանուկյանի, կատարվածը ծրագրված սպանություններ էին, հստակ պետական հեղաշրջում։ Երեկ օրվա երկրորդ անակնկալը գրանցվեց. ահաբեկիչների քեռին՝ ամբաստանյալ Վռամ Գալստյանը, հանդես եկավ հայտարարությամբ։ Նա պահանջում էր, որ «անկախ դատական նիստերից, ստեղծվեն պայմաններ առերես հարցաքննության»։ Առերես հարցաքննություն է պահանջում խմբի գլխավոր դերակատարներից Ն. Հունանյանի եւ Է. Գրիգորյանի հետ։ Մեղադրող Արմեն Հարությունյանը հայտնեց, որ «կփոխանցի նախաքննության մարմնին անջատված մասով» կազմակերպելու քննչական գործողություններ։ Ամփոփելով օգոստոսը, տեղեկացնենք, որ «Հոկտեմբերի 27» քրգործով դատական նիստեր է հրավիրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Սամվել Ուզունյան) 8 անգամ. օգոստոսի 2-ին, 5-ին, 7-ին, 8-ին, 12-ին, 14-ին, 15-ին, 19-ին։ Մինչեւ երեկ դատարանն արձակուրդում էր։ Այդ նիստերին ցուցմունք է տվել 8 տուժող՝ Դավիթ Հարությունյանը, Հայկ Գեւորգյանը, Վարդան Խաչատրյանը, Նապոլեոն Ազիզյանը, Սամսոն Սարգսյանը, Էդուարդ Ղազարյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Երվանդ Զախարյանը։

Օգոստոսի 12-ի եւ 15-ի նիստերն, ըստ էության, չեն կայացել տուժողների դատարան չներկայանալու պատճառով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30