Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՏՈՒԺՈՒՄ Է ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԸ

Սեպտեմբեր 10,2002 00:00

ՆՈՐԻՑ ՏՈՒԺՈՒՄ Է ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԸ Պետական պարտքի տակից դուրս պիտի գան տնօրենները Հանրապետության հանրակրթական դպրոցներում դասագրքերի վարձակալական համակարգ կիրառելուց հետո աշակերտների 10%-ին՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, դասագրքերը տրվում էին անվճար։ Սակայն այս ուսումնական տարում նոր վերահրատարակված դասագրքերը անվճար են տրվել սոցիալապես անապահով աշակերտների միայն 2%-ին, մյուս 8%-ին տրվել են վարձակալական հիմունքներով։ 1997թ. հանրակրթական դասագրքերը տպագրվել են համաշխարհային բանկի տրամադրած փոխառության միջոցով։ Սակայն նոր դասագրքերի վերահրատարակումը կատարվում է դասագրքերի շրջանառու հիմնադրամի (ԴՇՀ) միջոցներով։ Այդ միջոցները կուտակվում են աշակերտների մուծած գումարներից։ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը հայտնեց, որ համաձայն փոխառության համաձայնագրի, աշակերտության այդ 10%-ի համար նախատեսված դասագրքերի գումարը՝ յուրաքանչյուր տարվա հրատարակված դասագրքերի գումարի 10%-ի չափով, պետք է փոխանցվեր ՀՀ պետական բյուջեից։ Իրականում կենտրոնի 5-ամյա գործունեության ընթացքում (միայն 1998-ին) պետության կողմից փոխանցվել է մոտավորապես 120 հազար դոլարին համարժեք դրամ։ Դրամական այդ միջոցներով կրթական ծրագրերի կենտրոնը դասագրքեր է տրամադրել հատուկ դպրոցներում սովորող՝ ծնողական խնամքից զրկված երեխաներին։ Գոյացած պետական պարտքը հնարավորություն չի տալիս հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների 8%-ին եւս ապահովել անվճար դասագրքերով։ Ինչպես նշեց կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն տիկին Հարությունյանը, ֆինանսների նախարարությունում խոստանում են, որ առաջիկայում կմարվի պետության կողմից կուտակված այդ պարտքը։ Նա ավելացրեց նաեւ, որ եթե համաֆինանսավորում կատարվի, ապա սոցիալապես անապահով աշակերտներին անվճար դասագրքերի բաշխումը շարունակական կլինի։ Նշենք նաեւ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հանրակրթական առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանների հիմնական դասագրքերը աշակերտներին տրամադրվել են անվճար։ Այսպիսով, դպրոցներում առաջ է եկել բոլոր աշակերտներին դասագրքերով ապահովելու հիմնահարց, որը լուծելու համար հարկավոր է դպրոցների տնօրենների ճկուն բանականությունը։ Տնօրեններն իրենք պետք է ուղիներ փնտրեն այդ 8% աշակերտներին դասագրքերով ապահովելու համար։ Զրուցելով մայրաքաղաքի մի քանի դպրոցների տնօրենների հետ՝ փորձեցինք պարզել, թե ինչ միջոցներով են այդ խնդիրը լուծելու։ Պարզվում է, իրենք՝ տնօրեններն էլ դեռ հստակ չեն պատկերացնում, թե որտեղից կարելի է միջոցներ գտնել՝ սոցիալապես անապահով երեխաների փոխարեն վճարելու համար։ Քանի որ այս բնագավառում շատ քիչ կան շահագրգիռ անձինք, որոնք իրենց հոժարությունն են հայտնել օգնել կարիքավոր երեխաներին։ Դպրոցներից մեկի տնօրենը հայտնեց, որ պատրաստվում են մյուս 90% աշակերտներից մի փոքր ավելի գումար հավաքել եւ կուտակված գումարը ուղղել այդ խնդրի լուծմանը։ Սակայն նշենք, որ այս միջոցն էլ լավագույնը չէ, քանի որ դժգոհություն է հարուցում ծնողներից շատերի մոտ։ Անկասկած, պետական հոգածությունը այս խնդրի շուրջ խիստ կարեւոր է։ ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել