Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր թշնամին սեփական իշխանություններն են»

Սեպտեմբեր 10,2002 00:00

«Մեր թշնամին սեփական իշխանություններն են» Կամ կոշիկի «թայերը»՝ նիսիայով «Մենք ձեզ հետ միասին նկատում ենք, որ իշխանությունները օր օրի ավելի են լկտիանում»,- Վանաձորի երկաթուղայինների ակումբում սեպտեմբերի 5-ին բնակչության հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԿԿ Կենտկոմի 2-րդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը: Նա տեղեկացրեց, որ չնայած կոմկուսը հեղափոխական կուսակցություն է, այդուհանդերձ, իրենք առայժմ դեպի իշխանափոխություն են գնում սահմանադրական ճանապարհով: Տեսնելով, որ դահլիճը (որ կեսից ավելի լեցուն էր) բավականին մարտականորեն է տրամադրված դեպի իշխանությունները, Ս. Սահակյանը պատրաստակամություն հայտնեց, որ եթե սահմանադրական ճանապարհն իրեն չարդարացնի, իրենք ավելի գործուն միջոցներ կձեռնարկեն: «Մենք կոչ ենք անում համախմբվել այս դաշինքի շուրջը, որպեսզի ձերբազատվենք այս իշխանություններից»,- 16 միացյալ ընդդիմադիր կուսակցությունների (այդ թվում՝ կոմկուսի) առաջիկա մարտավարությունը ներկայացնելիս նշեց Կենտկոմի 2-րդ քարտուղարը: Դահլիճում կային մարդիկ, որոնք չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է դաշինքի շուրջը համախմբվել, բայց ձայն տալ կոմկուսին, ուստի եղավ առաջարկ, որ դաշինքը լինի այնպես, ինչպես «Վազգենի ու Դեմիրճյանի միությունն էր»: Տարեց մի վանաձորցի էլ պահանջում էր, որ 16 կուսակցություններն իշխանություններից ավելի շուտ (մինչեւ ընտրությունները) ազատվելու խնդիր դնեն իրենց առջեւ, հակառակ դեպքում, ըստ քաղաքացու, իշխանությունները կօգտվեն իրենց լծակներից: «Ես կիսում եմ այդ անհանգստությունը»,- համաձայնեց Ս. Սահակյանը: Դահլիճում հնչում էին հարցեր, որոնց մի մասը կապված էր տեղական ինքնակառավարման մարմինների հետ: «Միամտություն կլինի պատկերացնել, թե այս իշխանությունները դոմիկի հարց լուծեն, լույսի հարց լուծեն»,- բացատրեց Կենտկոմի 2-րդ քարտուղարը, եւ որպես տվյալ հարցի լուծման տարբերակ, դժգոհ մի քաղաքացուհու (որն, ինչպես պարզվեց, Վանաձորի Քիմիագործների թաղամասի «տնակային ավանի» բնակիչ էր) կոչ արեց բողոքի ցույց կազմակերպել եւ իր հետ ավելի շատ մարդկանց տանել: Նշենք, որ քաղաքացուհին բողոքում էր, որ «տնակային ավանի» շատ բնակիչներ, որոնց տեղական իշխանությունները «քշում» են տնակներից (այն դեպքում, երբ բնակվելու այլ տեղ չունեն), անգամ գրանցում էլ չունեն եւ նույնիսկ ընտրելու հնարավորություն չունեն։ «Երբ ընտրությունների մասին հիշեցնում ես, ասում են՝ քո ձայնը ինձ պետք ա՞, ես վաղուց ընտրված եմ»: «Դրա համար պետք ա գլուխները ջարդեք, որ խելքները գլուխները հավաքեն»,-խորհուրդ տվեց Ս. Սահակյանը: Իսկ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը որոշեց երկաթը տաք-տաք ծեծել ու առաջարկեց. «Եկեք միասին դուրս գանք եւ փակենք կենտրոնական փողոցը: Համաձա՞յն եք»: «Համաձայն ե՜նք»,- գոչեցին դահլիճից: Առհասարակ հռետորների ելույթներն ուղեկցվում էին դահլիճից հնչող ոգեւորիչ կոչերով: Երբեմն հնչում էին ծափահարություններ: Նկատելի էր, որ իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթները ժողովրդի սրտից էին բխում: «Մեր թշնամին սեփական իշխանություններն են»,- հայտարարեց Ս. Սահակյանը եւ կոչ արեց «սադրանքի» չենթարկվել եւ չհուսալքվել այն մտայնությամբ, թե իբր ներկա իշխանություններին «փոխել չի լինի», եւ կամ ընտրությունների ելքն արդեն «կանխորոշված է»՝ հօգուտ իշխանությունների: Նա հիշեցրեց, որ «մեր առաջին թշնամին ընտրակաշառքն է», եւ չի կարելի ձայնը վաճառել 2կգ լոբիով, 5կգ ալյուրով կամ «կոշիկի մի թայով, որի մյուս թայը կլինի ընտրություններից հետո»: Այն հարցին, թե ինչու կոմունիստներին հեռուստատեսությամբ քիչ է եթեր հատկացվում, Ս. Սահակյանը, համաձայնելով այդ դիտարկմանը, նկատեց, թե «Ա1+»-ը հնարավորություն էր տալիս ընդդիմադիր ուժերին՝ հաճախակի հանդես գալ հեռուստատեսությամբ, իսկ ներկայումս՝ «Մեզ ենթարկել են լրատվական բլոկադայի»,172 մեղադրեց ելույթ ունեցողը իշխանություններին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել