ԿՈՒՅՍԻ ՆՇԱՆԻ ՆԵՐՔՈ Երեկ իր աշխատանքներն առանձնապես ոչ տոնական մթնոլորտում սկսեց ԱԺ 8-րդ նստաշրջանը, որ բոլոր հավակնություններն ունի մշտապես թեժ թեմա դառնալ սկանդալային նյութերի ծարավների համար: Ինչպես միշտ՝ նստաշրջանի աշխատանքները սկսվեցին մեր պետական հիմնով: Եվ ինչպես միշտ՝ պարզ դարձավ, որ միակ պետականամետ պատգամավորը Վազգեն Խաչիկյանն է, որ ձեռքը սրտին դրած երգում էր: Գուցե միայն նա՞ գիտի հիմնի բառերը: Մինչ նստաշրջանի բացումը՝ Մանուկ Գասպարյանը պարծենում էր, որ չի վախենում, թե ամբիոնը գրավելիս կքաշեն իր ականջները: Իսկ երեկ նա այնուամենայնիվ «ամբիոնի վարիչ» լինելը ստորադասեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ զրույցին, որը երեւի բացատրում էր Մանուկին, թե լսողությունը կորցնելն էլ մի բան չէ: «Կույս» համաստեղության նշանի ներքո ծնված ԱԺ երկու պատգամավորների՝ Արա Կետիկյանի եւ Վարդան Բոստանջյանի համար նստաշրջանի բացումն այնուամենայնիվ տոն էր, քանզի երեկ նաեւ նրանց ծննդյան օրն էր: Թիվ մեկ հարցը երեկ այն էր, թե ինչու էին ոստիկաններն իրենց համազգեստը փոխարինել կապույտ վերնաշապիկներով: Երկրի համար հույժ կարեւոր այս հարցադրման պատասխանը ստանալու նպատակով՝ Շավարշ Քոչարյանը չխուսափեց կապույտ վերնաշապիկավորներից մեկի հետ սերտ շփումից: Իսկ «ամբիոնի վարիչը» երեկ օրվա մեծ մասն ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն էր: Բայց ոչ համազգեստների, ոչ էլ պաշտոնանկման նախաձեռնության վերաբերյալ ընդդիմադիրները չկարողացան ստանալ հստակ պարզաբանումներ: Ուստի նախընտրեցին մնալ միջանցքում: Այսպես կլինի ո՞ղջ նստաշրջանի ընթացքում: Նկարները եւ մակագրությունները՝ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ