Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՊՔԵՐԻՑ ՄԵԿԸ

Սեպտեմբեր 10,2002 00:00

ԴԵՊՔԵՐԻՑ ՄԵԿԸ Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանին Մեծարգո պրն նախագահ: Քանի որ ուրբաթ օրը Դուք պատրաստակամություն հայտնեցիք տեղեկանալ նախընտրական շրջանում ԶԼՄ-ների նկատմամբ իշխանության ոտնձգությունների բոլոր փաստերին, ուզում եմ մեր թերթի միջոցով Ձեզ տեղյակ պահել մի դեպքի մասին: Չնայած Դուք ակնկալում եք իմանալ իշխանության հակաժողովրդավարական կեցվածքի մասին «հատկապես մարզերում», իմ իմացած դեպքը տեղի է ունեցել Երեւանում: Տեղյակ եմ պահում Ձեզ, որ մայրաքաղաքում մինչեւ սույն թվականի ապրիլի 2-ը գործում էր «Ա1+»-ը՝ գործնականում միակ հեռուստաընկերությունը, որը չէր վերահսկվում իշխանության կողմից: Եվ Երեւանում բնակվող ու աշխատող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (չգիտեմ, Դուք ծանո՞թ եք այդ մարդու հետ), վախենալով, որ «Ա1+»-ն իր անկախ դիրքորոշմամբ կարող է նախընտրական շրջանում խանգարել իրեն՝ նորից բազմել նախագահի աթոռին, որոշեց այդ հեռուստաընկերությանը զրկել եթերից: Այդ նպատակով նա օգտագործեց ապօրինի «մրցույթը», իր կամակատար Գրիգոր Ամալյանին եւ ՀՌ հանձնաժողովի պնակալեզ անդամներին: Ցավալին այն է, որ, չնայած բոլորը գիտեն ճշմարտությունը, վերը հիշատակած Ռ.Քոչարյանն արիություն չունի հրապարակավ ընդունելու, որ իրեն անհաճո հեռուստաընկերությանն ինքն է զրկել եթերից, եւ անընդհատ ձեւացնում է, իբր դա արել են իր խամաճիկները: Մեծարգո նախագահ: Տեսնելով Ձեր՝ խոսքի ազատության համար պայքարելու աննկուն պատրաստակամությունը, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել Ռ.Քոչարյանի դեմ: Հարգանքներով՝ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել