Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 5 ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 10,2002 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 5 ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Տեղական իշխանության հետ բախման արդյունքում սեպտեմբերի 6-ից «Աբովյան» հեռուստախմբագրությունը վերջնականապես դադարեցրել է իր աշխատանքը։ Իսկ մինչ այդ Ազատ խոսքի աջակցության հիմնադրամի եւ Հետաքննող լրագրողների ընկերակցության ներկայացուցիչները սեպտեմբերի 8-ի առավոտյան հանդիպումներ են ունենում Աբովյանի քաղաքապետի, Արտաշես Մեհրաբյանի ծնողների եւ հեռուստախմբագրության գործադիր տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի հետ, փորձելով պարզել, թե ինչ է տեղի ունեցել, եւ ուր է անհետացել հեռուստախմբագրության հիմնադիր Ա. Մեհրաբյանը։ Այդ ընթացքում վերջինս ինքն է կապ հաստատում իրեն փնտրող վերոնշյալ անձանց հետ եւ տեղեկացնում իր՝ հայտարարությամբ հանդես գալու մասին։ Արդեն երեկ առավոտյան ժամը 9-ին Ա. Մեհրաբյանի արած հայտարարությունը Կենտրոնական փոստից ուղարկվել է 5 ուղղություններով՝ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանին, ԱԱ նախարար Կ. Պետրոսյանին, ՀՀ գլխավոր դատախազին, ՆԳ նախարար Հ. Հարությունյանին։ Նրանում մասնավորապես ասվում է. «2002 թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 11-ի սահմաններում, երբ ցանկանում էի գնալ «Օր» թերթի խմբագրություն, մուտքի մոտ ինձ էին սպասում երեք տղամարդ, որոնցից մեկը մոտենալով սպառնաց, որ «Աբովյան» հեռուստախմբագրությունը պետք է գովազդի միայն քաղաքապետ Կարո Իսրայելյանին։ Այս պահանջը կատարելու դեպքում նրանք խոստացան մեծ գումարներ, հակառակ դեպքում հեռուստախմբագրությունը չպետք է աշխատի մինչեւ տեղական ընտրությունների ավարտը՝ հոկտեմբերի 15-ը։ Նրանք պահանջեցին նաեւ, որ ես այդ ընթացքում բացակայեմ Աբովյան քաղաքից։ Այլապես նրանք հաշվեհարդար կտեսնեն ինձ, իմ ընտանիքի անդամների եւ հեռուստախմբագրության աշխատակիցների հետ»։ Ի դեպ, Ա. Մեհրաբյանը հայտարարության հինգ հասցեատերերին խնդրել է համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտանիքի, հեռուստախմբագրության աշխատակիցների անվտանգության եւ հեռուստախմբագրության աշխատանքը վերսկսելու համար։ Հակառակ դեպքում ինքը պատրաստվում է թեկուզ արյունահեղության գնով պաշտպանել սեփական ընտանիքն ու աշխատակիցներին, ինչի համար խնդրում է հետագայում իրեն չմեղադրել։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել